
Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՏՄՊՊՀ նախագահի մոտ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելիի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակցային իրավիճակի և ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ այսօր Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի առաջնահերթությունները:
Ծանոթանալով Հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին՝ Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, Գլոբալիզացիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը ողջունել է ՀՀ ՏՄՊՊՀ գործելակերպը և ընդգծել, որ կատարվող քայլերը խիստ կարևոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից:
Ս. Աուերը նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ, ինչին իր գործունեությամբ նպաստում է նաև Հանձնաժողովը` ստեղծելով վստահելի և բարենպաստ ազատ մրցակցային միջավայր:
Խոսելով Հանձնաժողովին տրված լիազորությունների մասին՝ Ս. Աուերը նշել է, որ տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի ադյունավետության էլ ավելի բարձրացմանը: Նա նշել է, որ ոչ միայն Գերմանիայում, այլ նաև ԵՄ մակարդակով այն շատ կարևոր գործիք է, քանի որ մեծացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը և ապացուցողական հնարավորությունները` նպաստելով իրավախախտումների լիարժեք բացահայտմանն ու նաև պետական եկամուտների ավելացմանը:
Ավելի քան 30 տարի հայկական շուկայում գործող «Քրոնոմետ» ընկերության տնօրեն Թոմաս Հայլը հետաքրքրվել է, թե ինչքանով է Հանձնաժողովը ուշադրություն դարձնում պետական գնումների համակարգին՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է թե ընկերությունների համար և թե պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից:
Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունը 2012 թվականի առաջնահերթություններից է: Արդեն իսկ կան հարուցված վարույթներ դեղորայքի շուկայում, իսկ տարվա ընթացքում կուսումնասիրվեն նաև այլ ոլորտներ:
Ս. Աուերը կարևորել է խախտումների դեպքում Հանձնաժողովի նման խիստ դիրքորշումը` նշելով, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի:
Շաբոյանը ընդգծել է, որ Հանձնաժողովը մշտապես ակտիվորեն համագործակցում է տարբեր միջազգային, այդ թվում նաև գերմանական կառույցների հետ: Մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Թվինինգ ծրագրերի գործընկերների փորձն օգնում է ինչպես որոշումներ կայացնելու, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման առումով, այնպես էլ օրենսդրական բարեփոխումների ժամանակ:
ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնյաներին շնորհակալություն է հայտնել ոչ միայն Հանձնաժողովին աջակցելու, այլ նաև Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրման գործում մեծ ներգրավվածություն ունենալու համար: Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել