HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը մանրամասներ է ներկայացնում Կառավարության նիստում

Կառավարությունում այսօր արտահերթ նիստ է ընթանում: 

Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին:

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Իր խոսքում Հայաստանի վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը:

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են:

Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ:

Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:

Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:

Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում:

Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին. այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը Հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է:

Պարոն Տոնոյան, ի՞նչ տեղեկություն կարող եք հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր, հիմա»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան – Շնորհակալություն:

Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, երեկ ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա: Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությոÖ �նը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով,՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբ ար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03.30-ից մինչև 05.30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:

Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն Տոնոյան: Այսինքն՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, և հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան – Պարոն վարչապետ, եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ցանկանում եմ արձանագրենք նաև, որ մենք երեկվանից՝ գիշերը նաև կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցությունը: Ճի՞շտ է, պարոն Մնացականյան:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան- Այո, պարոն վարչապետ: Երեկվանից արդեն մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում: Դրան զուգահեռ՝ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Սա նույնպես շարունակական է, և, բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է և ընթացիկ է: Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումերի մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ Հայաստանի Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter