HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-ադրբեջանական բախումներ Տավուշում. հուլիսի 12-ի ժամանակագրությունը

Հուլիսի 12-ին կեսօրից հայ-ադրբեջանական սահմանագծին՝ Տավուշ-Թովուզ հատվածում իրադրությունը լարված է։ Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում և արկակոծում է հայկական դիրքերը։

Հայկական զինված ուժերը տվել են համարժեք պատասխան։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է զոհերի և վիրավորների մասին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հուլիսի 12-ի ցերեկը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Նա նշել է, որ հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին էլ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Խոսնակը հավելել է, որ հայկական կողմից կորուստներ չկան։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, Թովուզի ուղղությամբ զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Նույն հաղորդագրության մեջ ադրբեջանական կողմը պնդել է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ավելի վաղ հերքել էր ադրբեջանական կողմի պնդումները։

Նույն օրը երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը գրել է, որ ցերեկը տարածված հաղորդագրությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրոհ է սկսվել, և ադրբեջանցիները իր նախորդ հրապարակման մեկնաբանությունների դաշտում նյարդային մեկնաբանություններ են թողնում։

Նա մասնավորապես նշել է. «Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել»:

Մի քանի րոպե անց «Banak.info» մասնագիտացված կայքը հրապարակել է խոցված ՈւԱԶ տիպի ավտոմեքենայի լուսանկարը։ Մեքենան եղել է չեզոք գոտում։ Ուշ երեկոյան ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ՝ 82 մմ ականանետից և տանկից: Նա հավելել է, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Զուգահեռաբար, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով հարաբերական անդորր է։

Նա մասնավորապես նշել է. «Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»,- նշել է նա:

ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանական կողմը տվել է նաև տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, հայկական կողմը խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք։

Իսկ արդեն կեսգիշերին մոտ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է նաև երրորդ զոհի փաստը։ Հուլիսի 12-ին զոհված ադրբեջանցի զինծառայողներն են պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն, պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն և Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն։

Զուգահեռաբար, ադրբեջանական հաքերները DDOS հարձակում են գործել .am դոմենով կայքերի վրա։ Հարձակման էր ենթարկվել նաև «Հետք»-ի կայքը, սակայն այն ամբողջությամբ վերականգնվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter