
Ինչի՞ն կամ ու՞մ հավատալ
«Հավատանք, որ փոխենք»,- ասում է երկրի ղեկավարը, որը նաեւ իշխող Հանրապետական կուսակցության նախագահն է: Կոչը տեսականորեն ուղղված էր ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց թե հասցեատերերի քանի տոկոսն է ընդունել այդ կոչը իբրեւ անկեղծ խոսք, դժվար է ասել:
ՀՀԿ համագումարում հնչեցրած այս արտահայտությունն ու մնացյալ բոլոր մտքերը առաջին հերթին պետք է դիտարկել նախընտրական տեսանկյունից: Ու միանգամայն հասկանալի է, որ մոտ օրերին սա դառնալու է նաեւ բոլոր ՀՀԿ-ականների շուրթերից ամենաշատը հնչող խոսքը: Դա ասողներից մեկն էլ լինելու է ՀՀԿ-ական կանանցից ամենակարկառունը՝ Հերմինե Նաղդալյանը: Նա, ի թիվս իր կուսակիցների, նույնպես կանգնելու է այս կարգախոսով պաստառների տակ ու նույնպես ասելու է. «Հավատանք, որ փոխենք»:
Տիկին Նաղդալյանին լսելու են նաեւ Չաուշի 14/3 շենքի ապագա բնակիչները՝ մարդիկ, ովքեր արդեն մի տարի շարունակ պատգամավորից պահանջում են իրենց բնակարանները, որոնք հայտնվել են Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ Արարատի հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի ձեռքում: Նրանցից 6-ը, ինչպես իրենք են նշում, ոչ առանց հավելյալ գումարներ ծախսելու, Նաղդալյանից հետ են ստացել իրենց բնակարանները: Եվս 8-ը առ այսօր պայքարում են իրենց հասանելիքի համար: Ու քանի դեռ նրանք շարունակելու են պահանջել վերադարձնել բնակարանները, Նաղդալյանը նաեւ նրանց քվեն ստանալու համար տարբեր ամբիոններից բացականչելու է. «Հավատանք, որ փոխենք»:
Անցյալ տարվա դեկտեմբերին Չաուշի փողոցի այս շենքի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին նախագահական նստավայրի դիմաց, նրանք նամակներ հանձնեցին երկրի ղեկավարին, խորհրդարանի խոսնակին, գլխավոր դատախազին ու ՊԵԿ նախագահին: Նամակում ասվում էր. «Մեծարգո պարոն նախագահ, մենք եկել ենք այն եզրակացության, որ ՀՀ-ն ի զորու չեղավ պաշտպանել իր քաղաքացիների օրինական շահերն ու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը, և այն զոհաբերվեց երկրի օրենքները ոտնահարող պատգամավորի պաշտոնին: Ունենք մտավախություն, որ նույն գործելակերպը շարունակվելու է ապագա ընտրություններից հետո, ուստի, մեզ զգալով լրիվ անպաշտպան, ավելորդ ենք համարում օգտվել ընտրություններին մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից և ցանկանում ենք օր առաջ լքել ՀՀ-ն` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից: Մեծարգո պարոն նախագահ, ուստի, հայտնում ենք Ձեզ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մեր որոշման մասին և առաջիկայում դիմելու ենք օտարերկրյա դեսպանատներին` իրենց պետություններում մեզ համապատասխան կարգավիճակով ապաստան տալու խնդրանքով»:
Այս քաղաքացիներն այլեւս չեն հավատում երկրի ղեկավարին, ու նրանց համար ժամանակավրեպ է «հավատանք, որ փոխենք» արտահայտությունը: Մեկ տարի շարունակ նրանք բողոքել են ՀՀԿ-ական պատգամավորից, դատախազության ու այլ ատյանների աշխատակիցներից: Բողոքել են, որովհետեւ հավատացել են, ինչ-որ հույս ունեցել են: Բայց ոչինչ էլ չի փոխվել, ու միակ ելքը մնացել է արտագաղթը:
Եվ հիմա՝ նախընտրական բազմաթիվ մեծ ու փոքր խոստումների ժամանակահատվածում, ի՞նչ պիտի անի իշխող կուսակցությունը՝ այս մարդկանց ու նրանց նման շատերի վստահությունը վերականգնելու համար: Ինչի՞ն կամ ու՞մ պիտի հավատան այս մարդիկ. Հերմինե Նաղդալյանի՞ն, թե՞ նրա ղեկավարին…
Մեկնաբանություններ (75)
Մեկնաբանել