HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դարի ֆինանսական սկանդալը Գերմանիայում. ինչպես է «Wirecard» վճարային օպերատորը տարիներ շարունակ կեղծել իր հաշվետվությունները

Գերմանական մասնավոր հատվածի պատմության մեջ կան խարդախության և սնանկության բազմաթիվ օրինակներ, սակայն «Wirecard»-ի դեպքը յուրահատուկ է։ «Deutsche Welle»-ի հերթական հոդվածը պատմում է այն մասին, թե ինչպես է գերմանական հայտնի վճարային օպերատորը տարիներ շարունակ կեղծել իր հաշվետվությունները։

Ֆինանսական ընկերությունը, որը մտնում է DAX 30 Գերմանիայի ամենաթանկարժեք ընկերությունների բորսային ինդեքսում, 2020 թվականի հունիսին, հաշված օրերի ընթացքում, ընկերության բաժնետերերին ձեռնունայն է թողել։ Առցանց վճարային ծառայություններ մատուցող կոնցեռնը տարիներ շարունակ եղել է բորսայի սիրելիներից մեը, սակայն նրա գործունեությունը կառուցված է եղել կեղծիքի վրա։ Ինչպե՞ս կարող էր ֆոնդային բորսայում 22 միլիարդ եվրո արժեք ունեցող ընկերությունը հայտնվել այդպիսի իրավիճակում։

 

«Wirecard»-ի սկզիբը. դարքնեթի թագավորները

1999 թվականին հիմնադրված ընկերությունը բիզնեսը կառուցել է էքվայրինգի վրա. վարկային և դեբետային քարտերի սեփականատերերի, բանկերի և վաճառողների միջև միջնորդական ծառայություններ։ Օրինակ, դրամարկղային տերմինալների միջոցով գնումները, որպես կանոն, ներառում են էքվայրինգ։ Սակայն «Wirecard»-ը ի սկզբանե, պատկերավոր ասած, կենտրոնացել է «պղտոր ջրում ձուկ որսալու վրա»։ Վճարային համակարգն օգնել է վճարումներ կատարել դարքնեթում, որտեղ մյուս հեղինակավոր ընկերությունները հրաժարվում են ծառայություններ մատուցել, վճարումներ է ընդունել առցանց խաղատների և էրոտիկ բնույթի կայքերի համար։

2000-ական թվականների սկզբին ընկերությունը դուրս է եկել ֆոնդային բորսա, նրա շրջանառությունը տարեկան աճել է 30 և ավելի տոկոսով։ Փաստացի զրոյից ստեղծվել է գերմանական վճարային համակարգը, որը խոստանում էր տեխնոլոգիայի սրընթաց զարգացում։ Խիստ կարգավորված եվրոպական շուկայում, որտեղ շուկայի թելադրող են ամերիկյան և ասիական ընկերությունները, սա հազվադեպ հանդիպող երևույթ էր։ Հնարավոր է այդ է պատճառը, որ շատերը ուզում էին հավատալ Wirecard-ի հաջողության պատմությանը։

 

Մենեջմենթը ջրից չոր է դուրս եկել

«Wirecard»-ի հաջողության գագաթնակետը եղել է 2018 թվականի սեպտեմբերը, երբ ընկերությունը միացավ գերմանական բիզնես էլիտային՝ ներառվելով DAX 30 Գերմանիայի ամենաթանկարժեք ընկերությունների բորսային ինդեքսում։ Սակայն 2020 թվականի հունիսին հաշվեկշռային հաշվետվությունների և այլ տիպի խարդախությունների մասին հաղորդագրությունը, որը հանգեցրել է «Wirecard»-ի սնանկացմանը, լիովին անսպասելի չէր։ Համենայն դեպս ընկերության գործունեությանը հետևող անձանց համար։ 

«Wirecard»-ի գործունեության ողջ ընթացքում նրան ուղեկցել են սկանդալները։ Առաջին խոշոր սկանդալը տեղի է ունեցել դեռ 2008 թվականին, երբ մի խումբ բաժնետերեր մեղադրել են ընկերության ղեկավարությանը անօրինականությունների մեջ։ Դա հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկմանը։ Եվ չնայած ընկերությունը չի կարողացել հերքել մեղադրանքները, կառավարող կազմը կարողացել է ջրից չոր դուրս գալ։

Սկանդալները շարունակվել են, սակայն երկար ժամանակ «Wirecard»-ի քննադատները ոլորտում փորձառու դեմքեր չէին։ Երբ 2016 թվականին հրապարակային դարձան ընկերության խարդախությունները, ապա վճարային համակարգը, որն այդ ժամանակ սպասարկում էր այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «KLM»-ը,« Qatar Airways»-ը, «Aldi»-ն և «Lidl»-ը, ուղղակի անտեսեց այդ մեղադրանքները։ Պատճառն այն էր, որ մեղադրողը մինչ այդ պահը անհայտ «Zatarra Research» ընկերությունն էր։

Այդուհանդերձ, հեղինակավոր գործարար պարբերականների լրագրողները սկսեցին «Wirecard»-ի ֆինանսական ցուցանիշների մեջ նկատել անբացատրելի պարադոքսներ։ Այսպես, 2017 թվականին «Manager-Magazin»-ը չկարողացավ գտնել բացատրություն այն մասին, թե ընկերության հաշվեկշռում գտնվող 250 միլիոն եվրոն ինչ ծագում ունի, իսկ «Wirecard» ընկերությունը միայն ջղաձգորեն պատասխանեց, որ «շուկային այդ իրավիճակը վաղուց հայտնի է»։

Քննադատների մի մասին տարիներով կարողացել են սպառնալ դատական հայցերով, որոնք կասկածի տակ էին դնում աճի նման տեմպերը և ոլորտի համար անհավատալի բարձր եկամտաբերությունը։ Մյուսներին փարատում էր այն փաստը, որ կոնցեռնը, որի գլխամասը գտնվում է Մյունխենում, տարեցտարի հաջողությամբ անցել է «Ernst&Young» (EY) ընկերության աուդիտը, որն աշխարհի ամենահեղինակավոր աուդիտորական չորս ընկերություններից մեկն է։ Բորսային բազմաթիվ վերլուծաբաններ խորհուրդ էին տալիս ձեռքբերել «Wirecard»-ի բաժնետոմսերը և յուրաքանչյուր հարվածից հետո ընկերության կորուստներն արագ վերականգնվում էին։

Ընկերությունը կարողացել է պաշտպանվել մեղադրանքներից մինչ այն պահը, երբ ընկերության նկատմամբ հարձակումներին միացել է նաև «Financial Times» պարբերականը՝ առաջ քաշելով նոր մեղադրանքներ։ Միայն պարբերականի առաջ քաշած մեղադրանքներից հետո է արձագանքել Գերմանիայի Ֆինանսական հատվածի վերահսկողության դաշնային գործակալությունը, որը հանձնարարել է գործով զբաղվել աուդիտորների վերահսկողության մարմնին, իսկ դրանից հետո «Wirecard»-ի հաշվետվությունների ուսումնասիրությամբ սկսել է զբաղվել նաև «KPMG» ընկերությունը։

Արդյունքում պարզվել է, որ կոնցեռնի ղեկավարությունը գոյություն չունեցող բանկային հաշիվներից ակտիվ է գրանցել 1,9 մլրդ եվրո, որը կազմում է ամբողջ հաշվեկշռի գրեթե մեկ քառորդը: Փուչիկը պայթել է հունիսի վերջին։ «Wirecard»-ի խարդախություններով սկսել են հետաքրքրվել Գերմանիայի և մյուս երկրների հետաքննիչները։ Կոնցեռնի բազմամյա ղեկավար, ավստրիացի Մարկուս Բրաունի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Վերջինս ձերբակալվել է, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվել։ Տնօրենների խորհրդի անդամ Յան Մարսալեկը, որը համարվում է խարդախությունների համակարգի հիմնական օղակը, փախուստի է դիմել։ «Financial Times»-ը նրա մասին գրել է, որ Լոնդոնի բանկիրների շրջանում նա պարծեցել է ավստրիական հատուկ ծառայությունների հետ կապերով և իմացել է «Նովիչոկ» տիպի թույնի բաղադրության մասին։ Բացի այդ, պարբերականը գրում է, որ Մարսալեկը քաջատեղյակ է եղել նաև Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մանրամասներից։

 

Դիտորդները. չեն գործել վերահսկողական մեխանիզմները

Սկանդալի արդյունքում բացահայտվել են նախկինում անհայտ մի շարք հանգամանքներ։ Առաջինը, «Wirecard»-ը չի ունեցել ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում առաջարկվող նոր տեխնոլոգիաներ, այլ առավել էժան գնով առաջարկել է շուկային արդեն իսկ հայտնի լուծումներ, իսկ ֆինանսական կորուստները տարիներ շարունակ թաքցվել են խարդախությունների օգնությամբ։ Երկրորդը, պարզվել է, որ կարգավորող մեխանիզմները, որոնք կոչված էին կանխելու խարդախությունները, «Wirecard»-ի այս պատմության մեջ երկար ժամանակ չեն գործել: Այսօր աուդիտ իրականացնող «EY» ընկերության գերմանական դուստր ընկերությունը պնդում է, որ նույնիսկ լավագույն մեթոդների կիրառմամբ անհնարին է եղել հայտնաբերել «խարդախության բարդ և չարամտորեն ստեղծված համակարգը, որտեղ ներգրավված են եղել մասնակիցներ՝ աշխարհի տարբեր կետերից»։ Դիտորդների կարծիքով՝ «EY»-ի հեղինակությանը լուրջ հարված և խաբված բաժնետերերի դատական հայցերի ալիք է սպառնում։ 

Սկանդալի ստվերն ընկել է նաև գերմանական «BaFin» վերահսկողական դաշնային գործակալության վրա։ «Frankfurter Allgemeine Sonntagszeitung» պարբերականի տվյալներով՝ չնայած առկա լուրջ հանցանշաններին, որոնք փաստում են խարդախությունների մասին, «Wirecard» ընկերության գործունեության ստուգմամբ վերջին 16 ամիսներին զբաղվել է «BaFin»-ի միայն մեկ աշխատակից։ Գործակալությանը, որն իրավիճակն անվանել է «աղետալի» և «ամոթալի», դեռ սպասվում են ոչ այդքան հաճելի հաշվետվություններ Բունդեսթագում և Եվրահանձնաժողովում։ Դաշնային գործակալության ղեկավար Ֆելիքս Հուֆելդը չի տեսնում եվրոպական կարգավորումների խախտում և անուղղակիորեն նշում է օրենսդրության մեջ առկա բացը, համաձայն որի դաշնային գործակալությունը վերահսկողություն է իրականացրել միայն կոնցեռնի բանկային հատվածի՝ «Wirecard Bank»-ի վրա։ Ներկայումս ո՛չ աուդիտորները, ո՛չ Բավարիայի իշխանությունները, որտեղ գտնվում է ընկերության գլխամասը, չեն ընդունում իրենց սխալը, որը բաժնետերերին արժեցել է մի քանի միլիարդ եվրո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter