HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

170 տարվա ընթացքում Գյումրիում նման տեղումներ չեն եղել. հիդրոմետ կայանից հայտնել են քաղաքապետին

Երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

«Հիդրոմետ կայանից տեղեկատվություն էին փոխանցել Գյումրու քաղաքապետին, որ նորմայի սահմաններում հուլիս ամսվա համար նախատեսված էր տեղումների միջին քանակ 46 մմ, բայց միայն երեկվա անձրևի ընթացում տեղացել է 86 մմ: Աշխատանքային գործունեության 170 տարվա ընթացքում, նրանց փոխանցմամբ, նման բան չեն արձանագրել, սա առաջին դեպքն է եղել»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։

Հասցված վնասների չափը պարզելու և տվյալները հավաքագրելու համար համայնքապետարանի վարչություններին հանձնարարականներ է տրվել: Քաղաքն այժմ ամբողջությամբ մաքրվում է:

Գյումրու համայնքապետարանը քաղաքում երեկ ստեղծված իրավիճակը պայմանավորեց այն հանգամանքով, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: 

Այն փողոցներում, որտեղ ջրահեռացումը չի ապահովել անձրևաջրերի հեռացումը, որոշ մեքենաներ մնացել են ջրի տակ։ Մեքենաներից անգամ ուղևորներին և վարորդներին դուրս բերելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը նավակ է գործի դրել։

«Հիմնականում եղել է ջրահեռացման համակարգերի հետ կապված խնդիր, որ ջուրը չի հասցրել փողոցներից հեռացվել: Մենք քաղաքում այդպիսի մի քանի կետ ունենք՝ կայարանամերձ հրապարակն է, Տրդատ Ճարտարապետ փողոցն է, Մայր Հայաստանի հուշահամալիր տարածք տանող հատվածն է և ամենախոշորը, որ երևաց Գարեգին Նժդեհի հրապարակն էր»,- նշեց Սոնա Առաքելյանը:

Գյումրու որոշ սեփական տներ ևս վնասվել են։ Անձրևն ու կարկուտն ամբողջովին լցվել է մի շարք տներ՝ վնասելով կահույքն ու կենցաղային տեխնիկան։ Նման մի տան տեսանյութ հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանը՝ նշելով, որ տունը գտնվում է Արցախի թաղամասում։ Ինչպես երևում է տեսանյութից՝ տան ներսում ամբողջվին կարկուտից գոյացած սառցաբեկորներ են:

Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը հայտնեց, որ անձրևի և կարկուտի հետևանքով վատ իրավիճակում է հայտնվել քաղաքի հատկապես տնակային թաղամասը, այդ թվում՝ թաղամասի «Զանգակ» մանկապարտեզը: Համայնքապետարանի աշխատակիցներն այսօր այցելելու են թաղամաս՝ հասկանալու ինչ իրավիճակ է այնտեղ:

Լուսանկարները «Ֆեյսբուքյան» օգտատերերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter