
170 տարվա ընթացքում Գյումրիում նման տեղումներ չեն եղել. հիդրոմետ կայանից հայտնել են քաղաքապետին
Երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
«Հիդրոմետ կայանից տեղեկատվություն էին փոխանցել Գյումրու քաղաքապետին, որ նորմայի սահմաններում հուլիս ամսվա համար նախատեսված էր տեղումների միջին քանակ 46 մմ, բայց միայն երեկվա անձրևի ընթացում տեղացել է 86 մմ: Աշխատանքային գործունեության 170 տարվա ընթացքում, նրանց փոխանցմամբ, նման բան չեն արձանագրել, սա առաջին դեպքն է եղել»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։
Հասցված վնասների չափը պարզելու և տվյալները հավաքագրելու համար համայնքապետարանի վարչություններին հանձնարարականներ է տրվել: Քաղաքն այժմ ամբողջությամբ մաքրվում է:
Գյումրու համայնքապետարանը քաղաքում երեկ ստեղծված իրավիճակը պայմանավորեց այն հանգամանքով, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ:
Այն փողոցներում, որտեղ ջրահեռացումը չի ապահովել անձրևաջրերի հեռացումը, որոշ մեքենաներ մնացել են ջրի տակ։ Մեքենաներից անգամ ուղևորներին և վարորդներին դուրս բերելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը նավակ է գործի դրել։
«Հիմնականում եղել է ջրահեռացման համակարգերի հետ կապված խնդիր, որ ջուրը չի հասցրել փողոցներից հեռացվել: Մենք քաղաքում այդպիսի մի քանի կետ ունենք՝ կայարանամերձ հրապարակն է, Տրդատ Ճարտարապետ փողոցն է, Մայր Հայաստանի հուշահամալիր տարածք տանող հատվածն է և ամենախոշորը, որ երևաց Գարեգին Նժդեհի հրապարակն էր»,- նշեց Սոնա Առաքելյանը:
Գյումրու որոշ սեփական տներ ևս վնասվել են։ Անձրևն ու կարկուտն ամբողջովին լցվել է մի շարք տներ՝ վնասելով կահույքն ու կենցաղային տեխնիկան։ Նման մի տան տեսանյութ հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանը՝ նշելով, որ տունը գտնվում է Արցախի թաղամասում։ Ինչպես երևում է տեսանյութից՝ տան ներսում ամբողջվին կարկուտից գոյացած սառցաբեկորներ են:
Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը հայտնեց, որ անձրևի և կարկուտի հետևանքով վատ իրավիճակում է հայտնվել քաղաքի հատկապես տնակային թաղամասը, այդ թվում՝ թաղամասի «Զանգակ» մանկապարտեզը: Համայնքապետարանի աշխատակիցներն այսօր այցելելու են թաղամաս՝ հասկանալու ինչ իրավիճակ է այնտեղ:
Լուսանկարները «Ֆեյսբուքյան» օգտատերերի
Մեկնաբանել