
Մշակույթի նախարարություն. «Մոզրովի» քարանձավի մուտքը ժամանակավորապես կփակվի
ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող «Մոզրովի» կարստային քարանձավն ընդգրկված է ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Վերջին օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ փլուզվել է Մոզրովի քարանձավը:
2012 թ. մարտի 14-ին նախարարության մարզային համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանի և Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ, անձավագետ-անձավախույզ Վահան Տեր-Ղազարյանի կողմից տեղում կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ քարանձավը չի փլուզվել, ավելին՝ քարանձավում փլուզումներ տեղի չեն ունեցել: Առկա է քարաթափության դեպք, ինչն, ըստ ակնադիտական գնահատման, հետևանք է երկրաբանական և բնակլիմայական ազդեցության:
Արտավազդ Զաքյանի և Վահան Տեր-Ղազարյանի եզրակացությամբ քարանձավի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Խիստ վթարավտանգ վիճակ է ստեղծվել կամարի հատվածում: Քարանձավի հիմնական ծավալը վնասված չէ և վտանգ չի սպառնում քարայրի ամբողջությանը:
Քարանձավը, որը բացվել է 1984-1985 թթ.՝ ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ, ուսումնասիրվել է Ուկրաինայից հրավիրված մասնագետների կողմից: 1990 -ականների սկզբներից առ այսօր քարանձավում չեն կատարվել մասնագիտական համակողմանի ուսումնասիրություններ:
Քարանձավի ուսումնասիրության, պահպանության և հնարավոր օգտագործման խնդիրները մշտապես գտնվել են նախարարության ուշադրության կենտրոնում. ներկայացվել են առաջարկություններ, որոնք ընթացք չեն ստացել ֆինանսական համապատասխան միջոցների բացակայության պատճառով:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նախարարությունը մասնագիտացված կազմակերպությունների մասնակցությամբ նախաձեռնել է անձավի ներկա բնապահպանական իրավիճակի համակողմանի, նաև ինժեներաերկրաբանական ուսումնասիրման, հետագա հնարավոր օգտագործման եղանակների հստակեցման աշխատանքները:
Իսկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջնահերթ, մետաղական ճաղավանդակով ժամանակավորապես կփակվի քարանձավի մուտքը, ինչի ապահովման նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
ՀՀ մշակույթի նախարարություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել