HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը համաներում կիրառեց թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձի մեջ մեղադրվող 65-ամյա կնոջ նկատմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր համաներում կիրառեց 65-ամյա կնոջ նկատմամբ, ով անցնում է թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձի գործով։

65-ամյա Գ.Գ․-ն, ըստ մեղադրանքի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ․ Զ․-ի կողմից թմրամիջոց և հոգեմետ նյութ ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, 2018 թվականի սեպտեմբերի 2-ին չպարզված անձից Երևան քաղաքի Ուլնեցի փողոցում ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խաշոր չափերով 9.421 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ և խոշոր չափերով 0.52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև կալանավոր Կ․Զ․-ի  պահանջով 2018 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր բնակության վայրում հիշյալ զանգվածը՝ փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթում, փոխանցել է Հ․ Մ-ին (վերջինս կին է,- հեղ):

Հ․ Մ.-ն իր հերթին կալանավոր Կ․Զ․-ի կողմից խոշոր չափերի 0.52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով 9.421 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը ձեռք բերելուն օժանդակելու նպատակով նշված զանգվածները՝ փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթում, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ապօրինի փոխադրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվելու վախով պայմանավորված, այն իր հետ քրեակատարողական հիմնարկ չի մտցրել և թաքցրել է հարակից տարածքում: Կ․Զ․-ին տեսակցելուց հետո վերջինիս ցուցումով հիշյալ զանգվածը նույն օրը հանձնել է կալանավորի եղբորը, ով 2018 թվականի սեպտեմբերի 4-ին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ թմրամիջոցի և հոգեմետ նյութի պարունակությամբ փաթեթը:

Բացի այս, ըստ մեղադրանքի, 65-ամյա Գ․Գ.-ն, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 26-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող իր որդուն փորձել է իրացնել խոշոր չափի՝ 4.09 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը, սակայն հանձնուքի պարունակությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան աշխատակցի կողմից ստուգվելուց հետո, նշված հոգեմետ նյութը հայտնաբերվել է և Գ․Գ․-ն  իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:

Մեզ հետ զրույցում Գ․Գ.-ի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ մեղադրող դատախազը դատարանում իր պաշտպանյալի մեղադրանքը փոփոխել ու խստացրել է, նրա համար 7 տարի ժամկետով ազատազրկում պահանջել։

Դատավոր Մակյանը, սակայն, 65-ամյա կնոջն այսօր մեղավոր ճանաչեց այն հոդվածներով, որոնցով գործն ուղարկվել էր դատարան։ Գ․Գ․-ն այսպիսով, մեղավոր ճանաչվեց ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների իրացնելու փորձի և առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն իրացման փորձին օժանդակելու մեջ։

Գ․Գ.-ի նկատմամբ դատարանը պատիժ սահմանեց 6 տարի ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ համաներում կիրառեց։ Գ․Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, մնաց անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ․ Զ․-ն մեղավոր ճանաչեց առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձի մեջ, դատապարտվեց ազատազրկման 4 տարի, 6 ամիս ժամկետով։ Հանցանքների համակցությամբ նրա պատժին գումարվեց մեկ այլ գործով պատիժն ու վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ժամկետով ազատազրկումը։

Գործով մյուս ամբաստանյալը՝ Հ․Մ.-ն, դատավճռի հրապարակմանը եկել էր մանկահասակ երեխայի հետ։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին օժանդակելու մեջ, նրան դատապարտեց 2 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման և նրան համաներման հիմքով ազատեց նշանակված պատժից՝ վերացնելով ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին։

 

Լուսանկարում՝ դատավոր Մեսրոպ Մակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter