HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է հնարավոր»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը

-Պարոն Աբրահամյան, ադրբեջանական զինուժն այս օրերին թիրախավորել է ոչ միայն սահմանամերձ հայկական գյուղերը, այլեւ առաջնագծից մի քանի կիլոմետր խորության վրա գտնվող Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Ըստ Ձեզ՝ արդյոք հայկական կողմը պետք է պատասխանի նույն կերպ՝ օրինակ, թիրախավորելով հակառակորդի գյուղերը կամ շրջկենտրոն Թովուզը։

-Ադրբեջանի կողմից բնակավայրերի թիրախավորումը, խոցման զինատեսակների ընդլայնումը ցույց է տալիս, որ վերջինս հստակ գնում է ռազմական գործողությունների ծավալման։ Ադրբեջանին համարժեք կամ այս դեպքում անհամարժեք հարվածներ հասցնելը կարող է դիտարկվել ինչպես դիրքային բարելավման, այնպես էլ տարբեր ենթակառուցվածքների ոչնչացման տեսանկյունից։

-Լայնածավալ պատերազմի վերսկսումը հնարավոր համարու՞մ եք։

-Վերջին երկու օրերին իրադարձություններն անընդհատ զարգանում են, ընդլայնվում են կիրառվող զինատեսակներն ու դրանց քանակը, Ադրբեջանի կողմից նաեւ թիրախավորվում են բնակավայրեր, որոնք սահմանից որոշակի հեռավորության վրա են գտնվում։ Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է հնարավոր․ կարող է այստեղ դադարի ակտիվությունը, տեղափոխվի այլ ճակատ, հնարավոր է՝ մասշտաբը մեծանա։ Ի վերջո, երբ խոսում ենք Տավուշի ուղղության մասին, պետք է նկատել, որ այդ ուղղության մի հատվածում են գործողությունները տեղի ունենում, ու հնարավոր է, որ այդ հատվածը որոշակիորեն մեծանա, իրադարձությունները բացազատվեն։ Այսինքն՝ զարգացումները շատ սրընթաց են, եւ դեռ պարզ չէ, թե դրանք ինչ ուղով կընթանան։    

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի պատրաստվածությունը Ձեր նշած սցենարներին, այդ թվում՝ երրորդ ուժերի ներգրավման դեպքում։

-Ադրբեջանի ագրեսիային դիմագրավելն ու ժամանակին հարված հասցնելը արդեն իսկ ցույց է տալիս մեր զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը։ Բնականաբար, իրեն հարգող ցանկացած պետություն իր համապատասխան ինստիտուտների միջոցով հաշվարկում է մարտահրավերները, սպառնալիքներն ու իր սցենարային անելիքները։ Այլ պետությունների ներգրավման պարագայում Հայաստանը, բացի իր զինված ուժերից, բնականաբար, ապավինում է մեր միջազգային գործընկերներին, դաշնակիցներին։ Մասնավորապես Ռուսաստանի հետ կապող ռազմավարական դաշնակցային հարաբերությունները մեզ հատկապես ռազմական համագործակցության առումով մեծածավալ արտոնություններ եւ հնարավորությունն են ընձեռում։  

-Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ից հայ հասարակությունն առանձնապես ակնկալիքներ չունի՝ հաշվի առնելով նույն Տավուշի մարզի, այսինքն՝ ՀՀ-ի ուղղությամբ Ադրբեջանի նախկին ոտնձգությունների կրավորական արձագանքները։ Բելառուսի ու Ղազախստանի հարաբերություններն էլ մեր հակառակորդի հետ գաղտնիք չեն։ Այդուհանդերձ, այս վերջին էսկալացիան ու դրա վերաբերյալ ՀԱՊԿ-ի՝ հավասարության նշաններ դնող արձագանքը արդյոք խոսում է այդ կառույցի փաստացի մեռած լինելու մասին։ Դժվար է պատկերացնել, որ նույն ՆԱՏՕ-ն այդպես կդիրքավորվեր իր անդամի հանդեպ ոտնձգության ժամանակ։

-ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն տարբեր մշակույթներ, ավանդույթներ ունեցող եւ իրավական հարաբերություններով կարգավորված կազմակերպություններ են։ Այս պարագայում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ առաջին ակտիվ խաղացողը Ռուսաստանն է, եւ մեր ներկայությունն այնտեղ առաջին հերթին պայմանավորված է ռուս-հայկական ռազմավարական դաշնակցային հարաբերություններով։ Ինչ վերաբերում է Բելառուսի եւ Ղազախստանի գործոնին, ապա այս հարթակը նաեւ հնարավորություն է այդ երկրների հետ աշխատելու եւ նվազագույնի հասցնելու ՀԱՊԿ անդամ այդ երկրների աջակցությունն Ադրբեջանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter