Դատախազը, փաստորեն, չի տարբերում «դռնփակ» նիստը «դուռը փակ»-ից
Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Նարեկ Հարթունյանի կողմից բերված երկու բողոքները:
Հիշեցնենք, որ բողոքներից մեկը վերաբերում էր «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս»ՍՊԸ ընկերության հաշիվների վրա դրած արգելանքներին: Նարեկ Հարթունյանը քննիչ Ռաֆայել Մկրտչյանին ուղղված դիմումով պահանջել էր վերացնել դրված արգելանքները, ինչը մերժվել է քննիչի որոշմամբ: Քննիչի որոշման դեմ Հարթունյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված բողոքը մակագրվել էր դատախազ Բագրատ Պետրոսյանին, որի կողմից էլ մերժվել է ներկայացված բողոքը:
Երկրորդ որոշումը, որը բողոքարկվել էր դատարան վերաբերում էր Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն և վերջիններիս նկատմամբ մեղադրանքներ չառաջադրելուն:
Նույն «ճակատագրին» էր արժանացել նաև այդ բողոքը` մերժվել էր քննիչի որոշմամբ, իսկ ներկայացված բողոքը մերժել էր դատախազ Բագրատ Պետրոսյանը:
Վերը նշված երկու որոշումների դեմ բերված բողոքները մակագրվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանին:
Դատական նիստին դատարան չէր ներկայացել քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, ինչպես նաև դատարանին չէր ներկայացրել նյութերը, ինչը պարտավոր էր կատարել:
Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց թույլատրել տեսանկարահանում, ինչի դեմ առարկեց դատախազ Պետրոսյանը, այն պատճառով, որ դատական նիստը իրականացվում է դռնփակ: Դատախազը հայտնվեց մեղմ ասած «վատ» վիճակում, քանի որ դատավոր Ռ.Ներսիսիյանը ստիպված պարզաբանեց դատախազին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով բերված բողոքները քննվում են դռնբաց:
Դատախազին ուղղված դատավոր Ներսիսյանի այն հարցին, թե արդյոք էլի առարկում է տեսանկարահանմանը, դատախազը պատասխանեց «այո», իսկ թե ինչ պատճառաբանությամբ, չկարողացավ հիմնավորել:
Ինչևէ, դատախազը երևի հասկացավ, որ դուռը փակած դահլիճում դատական նիստը դռնփակ նիստ չէ, իսկ դատական նիստը հետաձգվեց, որպեսզի քննիչ Ռ.Մկրտչյանը նյութերը ներկայացնի դատարան:
Հաջորդ դատական նիստերը նշանակվեցին ապրիլի 6-ին և 10-ին:
Կարեն Կարապետյան
Լուսանկարում` Բագրատ Պետրոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել