HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի քաղաքացիների մուտքի և ելքի գործընթացներում

Ոստիկանությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ Հայաստանի քաղաքացիների Հայաստան մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար։ Բացի այդ, քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում են հստակ օրենսդրական կարգավորումներ նաև հետախուզվող պարտապանների՝ Հայաստանից ելքի սահմանափակման համար:

«Պետական սահմանի մասին» օրենք

Նոր օրինագծով ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի քաղաքացու` Հայաստան մուտք գործելու և դուրս գալու համար նախատեսել հետևյալ պահանջները։ 

Հայաստանից ՀՀ քաղաքացու ելքի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, եթե` 

1) նա պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում: Մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը` սպորտային և ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասնակցելու, բուժման, ինչպես նաև ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, քույր, եղբայր, զավակ) թաղմանը մասնակցելու կամ ծանր հիվանդության դեպքում նրանց տեսակցելու նպատակով զինծառայողի ելքը Հայաստանից կարող է թույլատրվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի միջնորդությամբ: Մինչև այլընտրանքային ծառայության ավարտը` անձի ելքը Հայաստանից  կարող է թույլատրվել տվյալ անձի այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող պետական մարմնի միջնորդությամբ։

2) քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում անձի ելքը Հայաստանից կարող է թույլատրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության հիման վրա.

3) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի).

4) քաղաքացին Հայաստանից ելք կատարելիս չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են.

5) նրա նկատմամբ՝ որպես պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում.

6) նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ և փախուստը կանխելու նպատակով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից

7) Եթե քաղաքացին՝ մեղադրյալ է և հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում։ 

Ոստիկանությունը նշել է, որ պարտապան հետախուզվողների վերաբերյալ տվյալները հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստանալուց հետո ոստիկանությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրելու է Ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային կայքէջում գործող էլեկտրոնային հարթակում, որտեղ անձը, մուտքագրելով իր հանրային ծառայությունների համարանիշը, կարող է պարզել իր նկատմամբ սահմանափակում կիրառված լինելու փաստը:

«Ներկայումս ՀՀ քաղաքացիների Հայաստանի մուտք գործելու և հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը»,- հայտնել է ոստիկանությունը։

16 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված Հայաստանի քաղաքացիների ելքը Հայաստանից

Ոստիկանության նոր օրենսդրական կարգավորմամբ՝ 

  1. Հայաստանի 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանից կարող են մեկնել ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի կամ խնամակալի) կամ չափահաս այլ անձի ուղեկցությամբ: Եթե 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանից մեկնում են չափահաս այլ անձի ուղեկցությամբ, ապա այդ անձին ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն` մեկնելու վայրի և ժամկետի մասին նշումով:
  2. 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում ծնողների վերաբերյալ տվյալները ծնողների անձնագրում առկա տվյալների հետ չհամապատասխանելու դեպքում ուղեկցող ծնողը Հայաստանի պետական սահմանի անցակետում անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը, հայրության ճանաչման վկայական, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթ):
  3. 14 տարին չլրացած քաղաքացուն կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ չափահաս այլ անձի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնությունը: Եթե 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում և նոտարական կարգով վավերացված համաձայնությունում ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների տվյալները չեն համընկնում, ուղեկցողը պարտավոր է ներկայացնել նաև 14 տարին չլրացած քաղաքացու և համաձայնություն տվողի ազգակցական կապը կամ համաձայնություն տվող անձի օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
  4. Եթե 16 տարին չլրացած Հայաստանի քաղաքացու` Հայաստանից մեկնելուն առարկում է նրա ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկը, ապա անչափահասի` ելքի հարցը լուծվում է դատական կարգով: Ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը գրավոր առարկությունը ներկայացնում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմին՝ կցելով ազգակցական կապը կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը: Մարմինը, ստանալով գրավոր առարկությունը, փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում սահմանում է սահմանափակում և 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում մյուս ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման հասցեով։
  5. 14-16 տարեկան Հայաստանի քաղաքացին հանրապետությունից կարող է մեկնել առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի ուղեկցության: Առանց ուղեկցողի մեկնող 14-16 տարեկան Հայաստանի քաղաքացին վավեր անձնագրից բացի պետական սահմանի անցման կետերում պետք է ներկայացնի իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` Հայաստանից ելքի մասին: Նշված համաձայնությունը պետք է նշում պարունակի մեկնելու, վերադարձի ժամկետների և այն պետությունների վերաբերյալ, որոնք անձը մտադիր է այցելել:

Ոստիկանությունը ընդգծել է, որ այս փոփոխություններով հստակ սահմանվում են 16 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված Հայաստանի քաղաքացիների ելքի հետ կապված առանձնահատկությունները:

«Ոստիկանության մասին» օրենք

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելով` առաջարկվում  է ժամանակավորապես սահմանափակել Հայաստանի քաղաքացու ելքի իրավունքը, եթե նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ կամ հետապնդվում (որոնվում) է ոստիկանության կողմից։

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենք

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրի տրամադրումը (փոխանակումը) մերժելու նոր հիմք. մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի (փոխանակվի) այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: Միաժամանակ, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Իսկ 13տարեկան քաղաքացին միայնակ կարող է մեկ ծնողի համաձայնությամբ մեկնել արտերկիր հոր մոտ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter