HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ ընդդիմության` «Իմ քայլը» կոռուպցիպայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնի առաջադրման հարցում հետընթաց է առաջարկում

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած Ազգային ժողովի կանոնակարգ և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքներում փոփոխություն անելու նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանի խոսքով` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում թափուր պաշտոն կա, և պետք է ԱԺ նախագահի կողմից ձևավորվի համապատասխան խորհուրդ, որը մրցույթի արդյունքում թկեկնածուին կներակայացնի խորհրդարանին:

«Այս խորհուրդը ձևավորելու համար նշված են սուբյեկտներ, որոնցից մեկը ԱԺ-ն է: Գործող կարգով խորհրդում այդ անդամը պետք է նշանակվի կոնսենսուսով, ինչը հանգեցրել է իրավիճակի, որ կոնսենսուսի բացակայության պարագայում խորհուրդը չի ձևավորվում, ուստի հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը չի համալրվում»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով` չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այժմ քվորում կա, սակայն անդամների թիվը չորս է, ինչը նշանակում է, որ ձայների հավասար բաշխվելու դեպքում որոշիչ կարող է լինել հանձնաժողովի նախագահի ձայնը:

Գրիգորյանի ներկայացմամբ` նախագիծը առաջարկում է, որ խորհրդում անդամի թեկնածուին ներկայացնի ԱԺ նախագահը` որպես խորհրդարանը ներկայացնող սուբյեկտ: Ըստ հիմնական զեկուցողի` ցանկալի կլիներ, որ թեկնածուն կոնսենսուսով առաջադրվեր, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտվում է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց, որ այս կերպ օրենքի տրամաբանությունից շեղում է լինում, քանի որ այլ սուբյեկտների դեպքում նշվում է ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, այլ ԲԴԽ-ն, ոչ թե փաստաբանների պալատի նախագահը, այլ փաստաբանների պալատը, ոչ թե վարչապետը, այլ` կառավարությունը, այսինքն այդ լիազորությունը տրված է կոլեգիալ մարմնին, այլ ոչ թե կոնկրետ պաշտոնյայի:

Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ նախագիծը որակեցին որպես հետընթաց` պնդելով, որ խորհրդարանը զրկվում է հարցը կոնսենսուսով լուծելու հնարավորությունից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մեղադրեց քաղաքական մեծամասնությանը կոնսենսուսային տարբերակ փնտրելուց` ասելով, որ ընդամենը մեկ թեկնածուի հարցում մերժում ստանալուց հետո «Իմ քայլը» նման նախագիծ է ներկայացնում: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter