HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի թեկնածության հարցը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի (ԿԲ)  խորհրդի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը, որի կենսագրությունը ներկայացրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով` թեկնածուն 2002-2008 թվականներին աշխատել է ԿԲ-ում, ունի տնտեսագիտության մագիստրոսի կոչում, 2008-ից մինչ օրս աշխատում է Ամերիա բանկում: Ունի ֆինանսական վերլուծաբանի միջազգային կոչում, դասավանդում է Ամերիկյան համալսարանում:

Հովհաննես Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա հավելեց, որ հանդիպումներ ու ջերմ քննարկումներ է ունեցել բոլոր խմբակցությունների հետ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, դիմելով ԿԲ խորհրդի թեկնածուին, ասաց, որ վերջինս աշխատում է խոշոր առևտրային բանկերից մեկում և հետաքրքրվեց, թե այս իրավիճակին առնչվող ինչ վիճակագրություն կարող է ներկայացնել տնտեսվարողների ֆինանսական դժվարությունների մասին: Հովհաննես Խաչատրյանն արձագանքեց, որ տնտեսվարողների գրեթե մեկ երրորդը օգտվել է վարկային արձակուրդներից, սակայն ինչպես նկատելի է, այդ ժամանակը բավարար չէր, քանի որ արտակարգ դրությունը դեռ չի ավարտվել, և բիզնեսի որոշ տեսակներ չեն գործում:

«Իմ տպավորությամբ բիզնեսները երկարաժամկետ առումով խնդիրներ չեն տեսնում: Որոշ բիզնեսներ առիթից օգտվելով ներդրումներ են անում հիմնական միջոցների մեջ, կա վստահություն երկրի ու տնտեսության նկատմամբ, բայց ընթացիկ անորոշությունն ինչքան ժամանակը ձգվի էդքան, խնդիր է դառնալու: Եւս մի քանի ամիս ու հնարավոր է` տուժած բիզնեսների մի քանի տասնյակ որոշի դուրս գալ բիզնեսից, վաճառել գույքերը: Էս պահին դեռ ավարտված չէ խնդիրների առաջին ցիկլը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter