Առաջարկում են քննարկում կազմակերպել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի սահմանադրականության վերաբերյալ
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անունից Սոնա Այվազյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, առանձին նամակով նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին.
«ՀՀ Ազգային ժողովը ս.թ. փետրվարի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ՀՀ ԱԺ նույն օրվա մեկ այլ որոշմամբ նախատեսվել է առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ երրորդ ընթերցմամբ քննարկումը` երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Օրինագծի առաջին ընթերցումն անցել է ս.թ. մարտի 1-ին, մյուս քվեարկություններն ակնկալվում են հաջորդ շաբաթ:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների և փորձագետների գնահատմամբ վերը նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներով ամրագրված մարդու հիմնարար իրավունքներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղափոխություն իրականացնելու համար: Հիմնական մտավախությունները հետևյալն են`
- նշված օրինագծով սահմանված չեն այն իրավիճակները, որոնք կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին ն օրենքի դրույթները կամայական մեկնաբանելու ու կիրառելու հնարավորություն ստեղծում.
- օրինագծի 9-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:
ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի 1-ին մասը սահմանում է` «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, և կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, և որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:
ՀՀ Սահմանադրության վերոնշյալ դրույթների վերլուծությունը վկայում է, որ ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմի, ինչպես նաև ռազմական դրության հայտարարելու դեպքում: Զինված ուժերի խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից, իսկ ներպետական քաղաքական հարցերի կարգավորման համար նրանք որևէ կերպ չեն կարող օգտագործվել: Հետևապես, օրինագծի բոլոր այն դրույթները, որոնք նախատեսում են Հայաստանի զինված ուժերի օգտագործում արտակարգ դրության ժամանակ, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում Սահմանադրական իրավունքի կենտրոնի իրավասության շրջանակներում կազմակերպել քննարկում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի սահմանադրականության վերաբերյալ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել