HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյան․ «Մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով:

«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած հայ զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին՝ հաստատակամություն և տոկունություն։

Նախագահ Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ ագրեսիան թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից: 

«Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ։ Անշուշտ, իրավիճակը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Չնայած մենք նախահարձակ չենք, սակայն մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter