HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հայաստանում խախտվել են ծննդօգնության ԱՀԿ ուղեցույցները և պետական կարգավորումները 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտին հրապարակել է համավարակի ընթացքում ծննդօգնության վերաբերյալ ուղեցույց, որտեղ նշվում է, որ ծննդաբերող կանանց նկատմամբ բուժանձնակազմը պետք է ցուցաբերի հարգալից և արժանապատիվ վերաբերմունք, ծննդաբերության ընթացքում պետք է ապահովի պարզ հաղորդակցություն, ինչպես նաև անհրաժեշտ ցավազրկում։ Եթե նույնիսկ ծննդաբերող կինը կորոնավիրուսակիր է, նա իրավունք ունի երեխային կրծքով կերակրել և դնել նորածնին իր կրծքին՝ ծննդաբերությունից անմիջապես հետո։

Ուղեցույցը նշում է նաև, որ համավարակի ընթացքում ծննդաբերող կանայք չպետք է զրկվեն իրենց ընտրությամբ աջակցող անձի կամ հարազատի ներկայությունից նախածնարանում և ծնարանում։ Վերջին կետը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի՝ այս տարվա ապրիլի 21-ի հրամանով, ըստ որի, ծննդաբերողին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով, աջակցող անձի (ամուսին, հարազատ) ներկայությունը պետք է ապահովել ծննդաբերության ընթացքում` համապատասխան սանիտարահիգիենիկ պահանջների առկայության դեպքում:

«Հետքը» մասնակցել է բրիտանական openDemocracy-ի միջազգային հետաքննությանը, որը պարզել է, որ աշխարհի մոտ 45 երկրում կանայք «տրավմատիկ» ծննդաբերություն են տարել՝ կորոնավիրուսի սահմանափակումների հետևանքով։ Այս երկրներից 6-ում հղի կանայք մահացել են՝ ժամանակին չստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Հետաքննության տվյալները կարող եք ներբեռնել այստեղից։

Քարտեզում կարող եք գտնել մանրամասներ այն դեպքերի վերաբերյալ, երբ համավարակի ընթացքում հղի կանայք զրկված են եղել բուժօգնությունից կամ հանդիպել են ծննդաբերությունը վտանգի ենթարկող արգելքների։ Սեղմելով ամեն կետի վրա՝ կարող եք ծանոթանալ դեպքի մանրամասներին։ 

ԱՀԿ սեռական և վերարտադրողական առողջության բաժնի տնօրեն Իեն Էսկյուն, տեղեկանալով հետաքննության արդյունքների մասին, ասել է, որ ԱՀԿ ծննդօգնության ուղեցույցին պետք է հետևեն բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում՝ ավելացնելով՝ տեղեկություններն այն մասին, որ հղի կանայք չեն ստանում որակյալ, հարգալից և արժանապատիվ բուժօգնություն, մտահոգիչ են։

Հայաստանում հարցազրույց ենք արել համավարակի ընթացքում ծննդաբերած 15 կանանց հետ, որոնց մի մասը պատմել է ծննդատներում անհարգալից վերաբերմունքի արժանանալու, աջակցող անձի և խնամակալ ունենալու արգելքի վերաբերյալ։

«Ես ամբողջ ժամանակ լացում էի, և որևէ մեկը չկար, որ ձեռքս բռներ։ Կեսարյան բարդ վիրահատությունից հետո ես ստիպված էի միայնակ հոգ տանել իմ և երեխայի մասին»,- պատմում է ապրիլին ծննդաբերած Ա. Հ.-ն, ում չեն թույլատրել խնամակալ ունենալ, քանի որ նրա խնամակալը տղամարդ է եղել, իսկ ծննդատուն միայն կին խնամակալները կարող էին մտնել։ Ա. Հ.-ն պնդել է, որ ինքը կին խնամակալ չունի, որից հետո միայն նրա ամուսնուն թույլատրել են խնամել նրան։

Երևանի ինը ծննդատներից յոթի ընդունարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշել են, որ համավարակով պայմանավորված՝ արգելված է ամուսնու կամ այլ ուղեկցող անձի ներկայությունը ծննդաբերությանը, ինչպես նաև խնամակալ ունենալն ու այցելությունները։ Ծննդատներից երկուսը չեն պատասխանել զանգերին։ Հարցված ծննդատներից երեքը նշել են, որ թույլատրում են «միայն կին» խնամակալներ, եթե ծննդկանը վճարովի «լյուքս» սենյակ է վերցնում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համավարակի ընթացքում արձակել է 21.04.2020թ. N 13-Ն հրամանը, որը համապատասխանում է ԱՀԿ ուղեցույցին և պարտավորեցնում է բուժհաստատություններին ապահովել աջակցող անձի ներկայությունը ծննդաբերությանը։ Իրականությունը, սակայն, հակասում է և նախարարի հրամանին, և ԱՀԿ ուղեցույցին։

Նախարարությունը հակասություն չի տեսնում՝ նշելով, որ «ծննդաբերությանը մասնակցելու հնարավորությունն ամբողջապես բացառված չէ, ուստի անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների ապահովման դեպքում հնարավոր է անվտանգ մասնակցությունը ծննդաբերությանը»:

«Ձևակերպումն այնպիսին է, որ տեղ է տալիս անհատական մեկնաբանման։ Այսինքն՝ եթե բժիշկը չի ուզում, որ ուղեկից լինի ծննդաբերությանը, կարող է ասել, որ պայմաններ չկան»,- ասում է հոգեբան, «Բարի ազատում» նախագծի հեղինակ, հոգեբան Սոնա Բուռնազյանը։

Նույնիսկ մինչև համավարակը, Հայաստանում աջակից անձի ուղեկցությամբ ծննդաբերել ցանկացող կանայք դժվարությունների են բախվել, քանի որ ստիպված են եղել գտնել բժշկի և կլինիկա (հիմնականում մասնավոր և վճարովի), որտեղ կհամաձայնեն նման ծննդօգնություն իրականացնել։

Եվրոպական և արևմտյան մի շարք երկրներում, օրինակ՝ լայն տարածում ունի դուլայի (doula) ծառայությունը։ Դուլաները ծննդաբերության ողջ ընթացքում ուղեկցում են կնոջը՝ նրան տրամադրելով հոգեբանական աջակցություն՝ ցավը հաղթահարելու և բարեհաջող ծննդաբերելու համար։

Հայաստանում կանայք ոչ միայն ստիպված են միայնակ հաղթահարել ծննդաբերական ցավն ու հետծննդաբերական հոգեվիճակը, այլև հաճախ արժանանալ անհարգալից և ոչ արժանապատիվ վերաբերմունքի՝ նախածննդաբերական, ծննդաբերական և հետծննդաբերական փուլերում։

Ըստ հոգեբան Սոնա Բուռնազյանի՝ աղքատ և ցածր կրթական ցենզ ունեցող կանայք ավելի հաճախ են արժանանում անհարգալից վերաբերմունքի ծննդօգնության ընթացքում. «Նրանք հաճախ այդ մասին չեն էլ բարձրաձայնում, քանի որ իրենց ընտանիքներում նույնպես հարգված չեն, երկրորդական դեր ունեն»,- բացատրում է Բուռնազյանը։

Ըստ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-2016թթ․-ի հետազոտության՝ 2010-2015թթ․-ի ընթացքում ծննդաբերած կանանց 66 տոկոսը բարձրագույն կրթություն չունի, իսկ նրանց մոտ 40 տոկոսը՝ միջինից ցածր կենսամակարդակում է գտնվում։

«Բժիշկն անընդհատ գոռում էր ինձ վրա, երբ ես անասելի ցավի մեջ էի»,- պատմում է Է. Թ.-ը, ով ծննդաբերել է մայիսին՝ Երևանում։ Նա նշում է, որ ամուսնուն արգելել են ներկա գտնվել ծննդաբերությանը՝ պատճառաբանելով համավարակի առկայությունը։

«Ես առաջին անգամ էի ծննդաբերում, ոչինչ չգիտեի։ Ինչպե՞ս կարող է բժիշկը, թողնելով քեզ ցավի մեջ, դուրս գա, ծխի, հետո գա և սկսի գոռալ՝ ծխի հոտը փչելով քո վրա»,- շարունակում է պատմել է. Թ.-ը, ով ասում է, որ իր բախտը բերել է, որ ինը ժամ անց նշված բժշկի հերթափոխն ավարտվել է, իսկ երկրորդ հերթափոխի բժիշկն իր գործի գիտակն է եղել և օգնել է վերջինիս հեշտությամբ ծննդաբերել։

Մանկաբարձ-գինեկոլոգ Անի Գասպարյանն ասում է, որ բժիշկների ուսերին ավելի շատ բեռ կա դրված, քան նրանց պարտականություններն են ենթադրում՝ հատկապես համավարակի օրերին։ «Բժիշկը պետք է և հոգեբանի դեր կատարի, և խնամակալի, և բժշկի. ինչը հաճախ ճնշող և հոգնեցնող է»,- պարզաբանում է Գասպարյանը։

Սյուզան Մուրադյանը, ով նույնպես երկար տարիներ աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ, պնդում է, որ կանայք պետք է հնարավորություն ունենան աջակից անձ ունենալու ծննդաբերության ժամանակ, իսկ ծննդատները պետք է որակյալ և մասնագիտական հոգեբանական աջակցությամբ ապահովեն։

«Ես ցանկանում եմ խնդրել իմ գործընկերներին և որոշ բուժաշխատողների, որ փոխեն իրենց մոտեցումը հղի կանանց նկատմամբ, քանի որ մեր պարտականությունն է մեր պացիենտների համար ապահովել դրական հուզական միջավայր»,- եզրափակում է Մուրադյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter