
Վարչապետ. «Ադրբեջանի զինված ուժերը ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել»
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգից դուրս առաջին հարցն այս անգամ կորոնավիրուսի մասին չէր, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գիշեր 03։40-ին Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։
«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբիթ։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ․ «Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձնագրեմ նաև, որ սկսած կիրակի օրվանից՝ ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ»։
Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերին հասցված վնասները և տալ գնահատական։
Մեկնաբանել