
2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2020 թվականի ինն ամսում կհատկացվի 2 մլրդ 646 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 16-ի նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ սրանք 2019 թվականի մեկնարկած և 2020 թվականին ավարտվող սուբվենցիոն ծրագրերն են։
«Խոսքը վերաբերում է 83 համայնքների թվով 106 սուբվենցիոն ծրագրերին։ Նշեմ նաև, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 23-ին 21 ծրագրերի համաֆինանսավորման համար մեր կողմից հատկացվել է 405 մլն դրամ»,- նշեց նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետն էլ հայտնեց, որ 700-ից ավել սուբվենցիոն հաստատված ծրագիր կա, և այս տարի սուբվենցիոն ծրագրերն աննախադեպ ծավալ են ունենալու։
«Այս տարի հաստատվել է 701 ծրագիր, ընդհանուր գումարային հաշվարկով շուրջ 44 մլրդ դրամ, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։
Նշված ֆինանսական միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» սահմանված կարգի դրույթների համաձայն` համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Լուսանկարում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը
Մեկնաբանել