HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ադրբեջանը հրետակոծել է Այգեպարի մանկապարտեզը. վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող հրետանու կրակի օգնությամբ, կեսգիշերն անց փորձել են հարձակվել Տավուշի սահմանագոտում գտնվող դիրքի ուղղությամբ: Դիվերսիոն ներթափանցման փորձը եղել է 24-ժամյա հրադադարից հետո:

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսին ասաց կենտրոնի մամուլի պատասխանատու, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց մեր տղաների գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել` այդ ընթացքում կորցնելով որոշակի զրահատեխնիկա: Առավոտյան արդեն ընդունել են իրենց կորուստները, բայց մինչ այս պահը հստակեցված չէ` քանի հոգու մասին է խոսքը: Դրանից հետո փորձել են վրեժը լուծել խաղաղ բնակչության նկատմամբ, Տավուշի գյուղերի նկատմամբ շարունակել են հրետակոծությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ պահեստազորայինների, կամավորների ցանկությանը` մեկնել առաջնագիծ` հիշեցնելով, որ երեկ խոսել է այդ մասին եւ ասել, որ դրա կարիքը չկա: Հովհաննիսյանի խոսքով` պաշտպանության նախարարը սրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:

Հովհաննիսյանն ընդգծեց` գիշերվա գործողությունների ընթացքում հայկական կողմը որևէ վիրավոր կամ զոհ չի ունեցել ոչ զինծառայողների, ոչ քաղաքացիական հասարակության շրջանում:

Նախորդ օրերի վիրավորների մասին խոսելով՝ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կա մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող, որի վիճակը նույնն է:

Ասուլիսին ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Վաղ առավոտյան սկսվել են գյուղերի հրետակոծությունները, թիրախում են եղել Ներքին Կարմիրաղբյուր,  Չինարի, Այգեպար, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը, այս պահի դրությամբ հարաբերական անդորր է»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետի խոսքով` առավոտյան գործողությունների հետևանքով տասից ավելի առանձնատեր, ինչպես նաև որոշ եթակառուցվածքներ վնասվել են:

«Հատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի հրետակոծությունը, վնասվել է ջրագիծ` Տավուշ (գյուղ)-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղպաշտպանության բոլոր խմբերը մոբիլիզացվել են, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում քաղաքացիական հասարակության անվտանգության համար, հայտարարել ենք ներքին մոբիլիցազիա պատսպարման առումով: Մեր քաղաքացիները հիմնականում ապաստարաններում և նկուղներում են եղել, բարեբախտաբար վիրավորներ, զոհեր չունենք»,-ասաց մարզպետը:

Մարզի ղեկավարի խոսքով` վաղ առավոտից Կառավարության հետ վնասված տների հարցը քննարկել են, որոշվել է, որ ամենօրյա ռեժիմով հրետակոծված բնակավայրերի գույքի գնահատում է իրականացվելու:

«Վաղվանից պետք է սկսենք զբաղվել վերականգնման աշխատանքներով, այն տները, որոնց  վերանորոգումը նպատակահարմար չի լինի, կկառուցենք նորը, սեղմ ժամկետներում լուծելու ենք մեր բնակիչների խնդիրները»,-ասաց Չոբանյանը` հավելելով, որ համայնքներում որևէ խուճապ չկա:

Չոբանյանը նաև հայտնեց, որ տուժած բնակիչները միանվագ դրամական օգնություն կստանան վնասների փոխհատուցման համար:

Լուսանկարում՝ Այգեպարի մանկապարտեզը մինչեւ հրետակոծումը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter