HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պետական պաշտոնյաները կհայտարարագրեն նաև իրենց ծախսերը

Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում։

Արդարադատության նախարարի խոսքով՝ փաթեթը քննարկվել և հավանության է արժանացել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հուլիսի 3-ի նիստում։

«Այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Նախագծով առաջարկվող հիմնական կարգավորումների համաձայն՝ հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվել է ներդնել նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։

Ծախսերի հայտարարագրման տեսակետից նախագծով որդեգրվել է հետևյալ մոտեցումը՝ որոշակի կոնկրետ ծախսերի գծով, որոնք թվարկված են նախագծով, անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 1 մլն  դրամը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն ծախսերի հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը։ Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման կամ այլ դասընթացների վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը և այլն։ Հայտարարագրման է ենթակա նաև ցանակցած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը կամ դրան համարժեք արժույթը։

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։ Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող օրենքով նախատեսված գույքը, 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը։

Գույքը համարվում է հայտարարատուի կողմից վերահսկվող, եթե ձեռք է բերվել հայտարարատուի օգտին կամ հաշվին կամ գույքից փաստացի օգուտ է ստանում, կամ գույքը փաստացի տնօրինում է հայտարարատուն։

Առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի, եկամուտների իրավիճակային հայտարարագիրը:

 

Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամի փախարեն սահմանելով 4 մլն դրամ։ Նաև առաջարկվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող  համայնքների ավագանու անդամների համար:

Համայնքի ղեկավարների համար բնակչության շեմը հանվել է գործող օրենքից, բայց ավագանիների դեպքում հայտարարագրման համակարգն անհամաչափ չծանրաբեռնելու նպատակով առաջարկվել է փուլային մոտեցում։

«Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որն ամենաառաջադեմն է, այսինքն՝ այն առումով, որ հայտարարագրման և թափանցիկության ամենաբարձր նշաձողն է սահմանում պետական պաշտոնյաների համար»,-նշեց վարչապետ Փաշինյանը և հավելեց, որ կոռուպցիան ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկն է։

Վարչապետը նաև ընդգծեց, որ մինչև հիմա պետական պաշտոնյաներն, ըստ էության, հայտարարագրում էին իրենց եկամուտները, որը լավ է, բայց ամբողջական չէ։ Առաջարկի կարևոր ներմուծություններից մեկն այն է, որ պետական պաշտոնյաները պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter