HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինոգործիչ. «Հայ արտադրողը կլինի միջազգային գործընկերոջ հետ հավասար պայմաններում» 

2020 թ․-ի հունիսի 15-ին ԱԺ հինգ պատգամավորներ շրջանառության մեջ դրեցին «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հարցազրույց «Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի» (ԻՖԿԱ-ի) համահիմնադիր, կինոգործիչ Արմինե Անդայի հետ, ով օրենքի ստեղծման մեջ ունեցել է իր ներդրումը:

Ո՞ր գաղափարների վրա է հիմնված առաջադրված օրենքը։

Մշակույթը մեր գիտակցությունն է, իսկ մշակույթի օրենքը՝ ռազմավարական փաստաթուղթ, որի շնորհիվ պետք է վստահ լինենք, որ պաշտպանելու և պահպանելու ենք այդ գիտակցությունը: Իդեալականում մշակույթի բոլոր ոլորտները պետք է օրենք ունենան: Կինոյի օրենքի նպատակն է հստակ մշակված ռազմավարություններին օրենքի ուժ հաղորդելով` նպաստել ոլորտի զարգացմանը` առաջին հերթին բարենպաստ պայմաններ ստեղծելով արտադրող-պետություն հարաբերություններում, հարկային դաշտում, ապահովելով մենաշնորհների բացակայության մեխանիզմեր, ֆինանսավորման թափանցիկ բաշխում, և այլն: Նպատակը` կինոն և կինոարտադրությունը զարգացնելն է: Ինչպե՞ս։ Զարգացնելով համատեղ արտադրությունը, գործելով աշխարհի հետ նույն սկզբունքներով, գործիքներով, թույլ տալով, որ հայ արտադրողը միջազգային գործընկերոջ հետ լինի հավասար պայմաններում, և այլն: Բացի կինոարվեստ ունենալուց, պետությունը շահելու է նաև միջազգային հեղինակություն, որի շնորհիվ Հայաստանը կդառնա գայթակղիչ միջազգային կինոարտադրության համար:

Ինչպե՞ս է ստացվել, որ ներկայացվել է օրենքի հենց այս տարբերակը։  

Մեկ տարի առաջ, երբ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը կինոյի օրենքի նախագիծ մշակելու նախաձեռնություն սկսեց, տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, սահմանվեցին ժամկետներ` բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կողմից ներկայացնելու Կինոյի մասին օրենքի նախագծի տարբերակներ, որոնք հետագայում պիտի մեկտեղվեին, մշակվեին և ներկայացվեին որպես մեկ ընդհանուր պատկերացում կինոյի ոլորտի՝ օրենքի կարգավորման համատեքստում։ Օրենքի նախագծի այն տարբերակը, որն ԻՖԿԱ հասարակական կազմակերպության կողմից ներկայացվել է ԱԺ մեկ տարի առաջ, ստեղծվել է իրավաֆինանսական փորձագետ Կարեն Ֆիդանյանի և իմ համահեղինակությամբ` մասնակցությամբ այլ կինոգործիչների, միջազգային փորձագետների խորհրդատվությամբ` գրեթե երկու տարի տևած աշխատանքների շնորհիվ և առանց ֆինանսավորման: Այս տարվա սկզբին տեղի է ունեցել նախագծերի տարբերակների՝ երկու կազմակերպությունների իրավաբանների կողմից համադրում, և Ազգային ժողով է ներկայացվել օրենքի նախագծերի միավորված երկու տարբերակներ, որից հետո պատգամավորների քննարկումների և իրավաբանների աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ է դրվել այժմ հանրային քննարկման ներկայացված տարբերակը:

Որո՞նք են օրենքի առանցքային նորամուծությունները, որոնց կինոգործիչը պետք է հատկապես ուշադրություն դարձնի։

Այլ պետությունների ապացուցված օրինակով` պետությունը դուրս է գալու սեփականատերի դերից: Կինոգործիչը լինելու է իր ֆիլմի միակ սեփականատերը և պատասխանատուն: Յուրաքանչյուր ֆիլմից կարողանալու է որևէ գույք ձեռք բերել և հաջորդի մեջ ներդրում անել: Միջազգային գործընկերոջ հետ խոսելու է նույն լեզվով, գտնվելու է հավասար պայմաններում` իր մեջքի հետևում ունենալով պետության ողջ ներդրումը` որպես սեփական 100 տոկոս և հնարավորություն կիսելու դա ավել, քան մեկ գործընկեր երկրի հետ և չի խախտվելու միջազգային կոնվենցիան: Ազգային մարմինը կոչվելու է Հայֆիլմ կինոինստիտուտ: Այն չի հանդիսանալու ֆիլմարտադրող և իրավունք չի ունենալու իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն: Համատեղ ֆիլմը` նաև փոքրամասնականը, օգտվելու է Ազգային ֆիլմի արտոնություններից: Հարկային արտոնություններ են տրամադրվելու հեռուստատեսությանը և կինոթատրոնին, աջակցություն տրամադրողներին: Եկամուտ չեն համարվելու կինոյի ոլորտի ֆինանսավորման նպատակով ֆիլմերի ֆինանսավորման աջակցության դրամագլխից և պետական բյուջեից տրամադրվող գոմարները:

Ինչպիսի՞ հարկային արտոնություններ է նախատեսված օրենքով Հայաստանում ֆիլմ նկարողի համար, և ինչո՞ւ հենց այդ թվերը։ 

Ի հավելյալ վերը նշված հարկերի` 100 մլն բյուջեով ֆիլմերը կինոարտադրության հետ անմիջականորեն կապված աշխատանքները և ծառայությունները ձեռք են բերելու 20 տոկոս զեղչով, իսկ մատակարարը չտուժելու համար` իր տված զեղչի չափով ստանալու է հարկերի նվազեցում: Թե ինչու 20 և ոչ թե 25, ինչու 100 մլն, ոչ թե 50, կարող է պատասխանել Կարեն Ֆիդանյանը, ով մշակել է հարկային առաջարկները` տարբեր երկրների համակարգերը ուսումնասիրելուց հետո:

Ինչպիսի՞ պարտավորվածություններ ու արտոնություններ է ստանում հայկական հեռուստաալիքը:

Ազգային ֆիլմերի ցուցադրումը հայկական մեկ հեռուստաալիքով կամ մեկ կինոթատրոնում չի լինելու ֆիլմի ցուցադրման ամսական ընդհանուր քանակի 20 տոկոսից պակաս: Փոխարենը` մինչև 2030 թվականը եկամուտ չեն համարվելու հեռուստատեսությամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից և կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացվող եկամուտները: Որի արդյունքում իրենք շահելու են 20 տոկոս` չվճարված հարկերի շնորհիվ, որի միայն կեսը տրամադրելու են Ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին: 

Ինչպե՞ս է ապահովվելու պետական մրցույթի ժյուրիի անաչառությունը։

Ժյուրին ձևավորվելու է անկախ` չափորոշիչների և միավորների համակարգի հիման վրա, չի ենթարկվելու Ազգային մարմնին կամ նախարարությանը, չի ընտրվելու նրանց կողմից: Միավորների շեմն ապահովելու է ժյուրիի անդամների անհրաժեշտ մասնագիտական որակը: Ներառվելու են միջազգային մասնագետներ: Օրենքում ներառված պետական ֆինանսավորման առաջնահերթություններն իրենց ազդեցությունն են ունենալու գնահատման չափորոշիչների վրա: Օրինակ, օրենքի առաջնահերթություններից մեկը` միջազգային համատեղ արտադրությունը, կանոնակարգ կվերադարձնի միջազգային ճանաչելիության չափորոշիչը:

Նախատեսվո՞ւմ է արդյոք պարզեցնել Կինոկենտրոն հայտ ներկայացնելու բարդ և շատերին ոչ հասանելի ընթացակարգը։

Օրենքը չի կարող մանրամասն անդրադառնալ բուն ընթացակարգին, սակայն քանի որ պետական արտադրությունը վերջապես վերածվելու է պետական աջակցության, ոչ միայն մրցույթների, այլև ֆիլմերի իրականացման ընթացքում` գործընթացն ինքնին կթեթևանա:

Ինչպե՞ս է լսելի դառնալու կինոգործիչների համայնքի ձայնը։ Ինչպիսի՞ն է իշխանության բաժանումը ոլորտում որոշումներ կայացնող մարմինների միջև:

Եթե անկեղծ ասեմ, դա օրինագծի մյուս տարբերակի հետ ամենամեծ տարաձայնությունն էր։ Այնտեղ առաջարկվում էր Ազգային մարմնի բացարձակ անկախություն պետությունից: Բայց մենք, ցավոք, չենք հավատում այդպիսի անկախության արդյունավետությանը: Երկար քննարկումներից ու միջազգային խորհրդատվությունից հետո, մեր առաջարկը կառուցեցինք ապակենտրոնացված կառավարման վրա, որպեսզի ևս մի տասնամյակ ստիպված չլինենք նոր թագավորության հետ պայքարել: Ըստ այս օրինագծի` մի կողմից Ազգային մարմինը, մյուս կողմից` նախարարությունը, երրորդ կողմից` անկախ ժյուրին, ապակենտրոնացում են ստեղծում և կանխում մենաշնորհը, ինչի հակումը շատ մեծ է մեր երկրում և ամբողջ մշակույթի ոլորտում։

Ըստ օրենքի, մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական աջակցություն են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար, և այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերին կամ վերջին ֆինանսավորումից չի անցել երեք տարի։ Արդյո՞ք սա արդարացի պայման է։

Ի՞նչ է ասում փառատոնային պահանջը 2 ֆիլմից մեկն ունենա 3 միջազգային մրցույթ: Պահանջ չի դրված, որ լինեն բարձրակարգ կինոփառատոններ, ոչ մի պահանջ այդ փառատոնների հետ կապված չի դրված, կարող են լինել նույնիսկ առցանց փառատոններ: Այսինքն, մենք արդյո՞ք չենք ուզում, որ պրոդյուսերն իր առջև նպատակ դնի իր երկու ֆիլմից մեկը` փառատոնում ցուցադրելու և դրա համար ջանքեր գործադրի: Սակայն համաձայն եմ, կարելի է քննարկել դիստրիբուցիայի որոշակի տեսակներ ներառելու հնարավորությունը:

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ մոտավոր հաշվելի արդյունքներ կարող ենք ակնկալել և ի՞նչ ժամանակահատվածում, եթե օրենքն ընդունվի։

Օրենքն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Հետևյալ քայլերի ամբողջականությունը կլինի նաև բավարար պայման.

  1. Օրենք (անհրաժեշտ պայման), 
  2. Օրենքից ելնող` արտադրող-պետություն պայմանագիր,
  3. Չափորոշիչների և միավորների համակարգի ստեղծում,
  4. Նոր Ազգային մարմնի` Հայֆիլմ կինոինստիտուտի ստեղծում, Հոգաբարձուների խորհրդի ստեղծում՝ Չափորոշիչների համակարգի հիման վրա,
  5. Տնօրենի ընտրություն` Չափորոշիչների համակարգի հիման վրա,
  6. Ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգի ստեղծում, նոր ռազմավարությունների որդեգրում, ընթացակարգի պարզեցում,
  7. Ժյուրիի ստեղծման մեխանիզմի ընդունում, 
  8. Ֆիլմերի աջակցման և միջազգային գործընկերների հետ աշխատելու համակարգի պարզեցում, վերահսկողական համակարգի համապատասխանեցում միջազգային փորձին,
  9. Մասնագիտական-կրթական ծրագրերի աջակցության գործընթաց:

Սա այն շղթան է, որի իրականացումը կբերի միանշանակ արդյունքների այն պարզ պատճառով, որ արդեն աշխատել է բազում երկրներում, ներառյալ` Վրաստանը և Կոսովոն, որոնք այդ արդյունքներն արձանագրեցին 4-5 տարում: Ամբողջական համակարգը մշակված կա, մենք պատրաստել ենք նաև պայմանագիրն ու միավորների առաջարկը և շուտով դա էլ կհրապարակենք: Սակայն եթե շղթայի որոշ օղակներ տապալվեն, օրինակ պայմանական` 30 չափորոշիչները 5 դառնան, իսկ միավորների նշաձողը 30-ից իջնի 10-ի, դարձյալ կսկսենք զիջել որակի մեջ: Պետք է ձգտել ծրագրի շղթան իրականացնել բարձր չափանիշներով, անաչառությամբ, հակաֆավորիտային, հակամենաշնորհային սկզբունքներով:

Որտե՞ղ կարող են կինոգործիչները քննարկել օրենքի դրույթները:

Ստեղծված է հարթակ, որտեղ դրված է օրենքը` գլուխ առ գլուխ, այնտեղ կարելի է առաջարկություններ անել, մեկնաբանություններ և հարցեր գրել:

Շնորհակալություն պատգամավորներին աշխատանքների համակարգման մեջ իրենց ներդրման համար: Հիմա ժամանակն է, որ նորից մենք` կինոգործիչներս, շարունակենք մեր ներդրումը. կարդալ օրինագիծը, մասնակցել քննարկումների` մտքում ունենալով ոլորտի երազանքային ապագան: Օրենքի ընդունումից հետո մենք կարող ենք նոր դարաշրջան մտնել, որտեղ Ազգային մարմինը, արտադրողը, կինոգործիչը մեկ միասնական խնդիր պետք է լուծեն՝ զարգացումը:

Հարցազրույցը՝ Նարե Նավասարդյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter