HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմ, թե խաղաղություն

1602 թվականին ստեղծվեց Հոլանդական Արևելյան Հնդկաստան ընկերությունը (Dutch East India Company), որի անվանումից կարելի է ենթադրել, որ սա ստեղծվել էր Հնդկաստանի հետ առևտրային գործունեություն իրականացնելու համար: Սա պետության կողմից հովանավորվող` մասնավոր ընկերությունների և անհատների կողմից հիմնադրված և կառավարվող կազմակերպություն էր, որում տարբեր կողմերը մասնակցության որոշակի բաժին ունեին: Սա համարվում է աշխարհի առաջին բաժնետիրական ընկերությունը և տարբեր երկրներում ներկայություն հաստատելով, այսպես ասած, օտարերկյա ուղղակի ներդրումների հոսքեր էին ապահովում այդ երկրներ` իրենց բաժնետերերի ունեցվածքը մեծացնելու նպատակադրումով: Նաև այստեղից է ծագել օտարերկրյա ուղղակի ներդրումներ հասկացությունը:

Իրականության մեջ սա մի հսկայական գործիք կազմակերպություն էր, որի միջոցով տեղի էր ունենում օտար տարածքների զավթում և շահագործում, այն է գաղութացում` առանց հաշվի առնելու տեղացիների (բնիկների) շահերը: Ավելին, այս կազմակերպությունը ուներ սեփական ռազմական խմբավորում, որով անհրաժեշտության դեպքում նոր տարածքներում բռնի ուժով իրենց իշխանությունն էին հաստատում: Այս գործընթացներից մեկի ընթացքում էր, երբ հոլանդական այս ընկերությունը հասել էր ներկայի Ինդոնեզիայի տարածք Բանդա անվամբ կղզիներ: Այստեղից արտահանում էին համեմունքներ. Դրանց վաճառքը Եվրոպայում այնքան շահավետ էր, որ ձեռքբերման գնի համեմատ մի քանի հարյուր անգամ ավել եկամուտ էր ապահովում: Սակայն, հոլանդական այս ընկերությանը դա բավարար չէր, նրանք որոշում են մոնոպոլ դիրք ունենալ համեմունքի վաճառքի վրա և հետևաբար ծագման աղբյուրում վերահսկողություն սահմանել և նաև շրջանցել Օսմանյան կայսրության տարածքը, որպես բեռների փոխադրման ուղի:

Տեղացիները չեն համաձայնվում ենթարկվել հոլանդացիներին, ընդվզում են, ինչը հանգեցնում է նրանց բնաջնջման, որ պատմության մեջ է մտել նաև համեմունքի ցեղասպանություն անվամբ: Իսկ սպանվածներին փոխարինում են Աֆրիկայից բերված ստրուկներով և սրանով համեմունքի ծագման տարածքներում արտադրության գնի և վաճառքի ծավալների վրա վերահսկողություն են սահմանում:

Հատկանշական է, որ այս նույն ժամանակահատվածում հոլանդական իշխանական տները (դքսություններ) սուվերեն միավորներ էին, որոնցից մի քանիսը ինչ-որ պահի միավորվել և հանրապետություն էին ստեղծել, սակայն որոշ ժամանակ անց պարտվել էին Իսպանիայի հետ պատերազմում և գտնվում էին դրա տիրապետության ներքո: Համառ և երկարատև պայքարից հետո, միայն 1648 թվականին է, որ Իսպանիան ճանաչում է հոլանդական յոթ նահանգների անկախությունը: Եվ այս ճանապարհին մեծ է Հոլանդական Արևելյան Հնդկաստան ընկերության ներդրումը, որը մեծ չափի ռեսուրսներ էր ապահովում հոլանդական հանրապետության կայացման համար:

Այս ընկերության շնորհիվ հոլանդական իշխանական տները այնքան հզորացան, որ ստեղծվեց Հոլանդական Կայսրությունը: Հոլանդական այս ընկերության ստեղծած առևտրային և տնտեսական ցանցը այնքան մեծ էր, որ աշխարհի գրեթե բոլոր վայրերում հիմնել էր իր տնտեսական և առևտրային կենտրոնները. Դա նույնիսկ Ճապոնիա էր հասել, որ այդ ժամանակահատվածում միակ օտար կազմակերպությունն էր, որ Ճապոնիայում կարողացել էր առևտրային կենտրոն հիմնել: Այս շրջանի հոլանդական պետությունը համարվում է կապիտալիստական հարաբերությունների հիմնադիր առաջին հաջողված պետությունը:

Այս նույն ժամանակահատվածում (17-րդ դարում) նույն տրամաբանությամբ ստեղծվեցին անգլիական, ֆրանսիական և այլ եվրոպական երկրների անվանումները կրող և դրանց բնակիչների և պետությունների շահերը սպասարկող նմանատիպ ընկերություններ, որոնք սկսեցին գաղութացնել և շահագործել աշխարհի երեսին գոյություն ունեցող գրեթե բոլոր հայտնի տարածքներն ու ժողովուրդներին:

Իսկ ինչ էր կատարվում այս ընթացքում (17-րդ դարում) մեզ` հայերիս հետ: Մենք ունեինք մեծ ու փոքր իշխանական տներ, որոնք միասնական չէին, և որոնց հեշտությամբ օսմանները` թուրքերը կամ իրանցիները` պարսիկները ստրկացնում էին, մեր տարածքներում պատերազմներ վարում, հետո իրար հետ որոշում, թե ոնց են միմյանց միջև այդ տարածքները բաժանելու: Մենք էլ հարկերի մեծ բեռից ու ռեսուրս լինելուց կեղեքված` եկեղեցիներում, իսկ ավելի ճիշտ Էջմիածնում, պարբերաբար հավաքներ էինք անում (օրինակ 1677-ի այսպես կոչված գաղտնի ժողովը) և արդյունքում, որևէ պատվիրակություն ուղարկում Եվրոպա` մեզ թուրքերի կամ պարսիկների շահագործման առարկա լինելուց փրկելու խնդրանքով:

Ուշադրություն, սա այն Եվրոպան էր, որ այդ տարիներին զբաղված էր աշխարհը գաղութացնելով և այլ ժողովուրդների ստրկացնելով, և չգիտես թե ինչու մեր հոգևորականների և այսպես կոչված առաջնորդների մտքով անցնում էր, որ նրանք պետք է գային մեզ փրկության: Հավանաբար հույսները նա էր, որ մենք քրիստոնյա ենք, ինչպես եվրոպացիները, իսկ մեզ շահագործողները մուսուլման և հետևաբար ենթադրում էին, որ մեզ օգնության են գալու, ինչը սակայն պատմությունը առ այսօր վերահստատում է, որ բավարար պայման չէ, նման կարգի աջակցություն ստանալու համար:

Չտրվելով մեր պատմության տարբեր դրվագների վերծանման և մեկնաբանության անշնորհակալ գործին` փորձենք հասկանալ, թե ինչի համար է պետություն կոչեցյալ միավորը: Եվ եթե շատ կարճ և պարզ ներկայացնենք, կստացվի որ պետություն ասվածը մարդկանց որևէ տեսակի պաշտպանության և անվտանգության միջավայր ստեղծելու համար է, որը զերծ կպահի մարդկանց այլ տեսակների` հիմնականում ավելի կազմակերպվածների կողմից շահագործվելուն և ռեսուրս դառնալուն: Այս համատեքստում պետություն կոչված միավորի գլխավոր գործիքը հարկահավաքությունն է, այլապես վերջինս միջոց չի ունենա, որպեսզի կազմակերպի այդ անվտանգ միջավայրի ստեղծումը: Իսկ այս գործառույթը ստանձնում էին, սկզբում թագավորները, միապետերը, այսինքն այսպես կոչված մոնարխները, որոնք դառնում էին տվյալ ժողովրդի ապահովության և անվտանգության երաշխավորը, իսկ դրա դիմաց ստանում էին հարկելու իրավունք:

Սրա հետ կապված մի հիշարժան պատմություն կա. Պոթինուսը, որ Եգիպտոսում ներքինի էր, իսկ այդ ընթացքում նաև Եգիպտոսի փարավոն Պտղոմեոս XIII-որդի ռեգենտը (իրավասությունները կատարող), մի օր հետևյալ հարցն է ուղղում Հուլիոս Կեսարին. «Մի թե հնարավոր է, որ Կեսարը` աշխարհի տիրակալը, ժամանակ ունի այնպիսի չնչին հարցերի համար, ինչպիսին են մեր հարկերը»: Իսկ Կեսարի պատասխանն էր. «Ընկեր, հարկերով զբաղվելը աշխարհի տիրակալի գլխավոր գործն է»:

Իհարկե, վերոնշյալ ապահովության շուրջ պայմանավորվածությունը ժողովրդի համար մատչելի, կամ ընդհանրապես ընդունելի ձևով չէր իրականացվում. Դա հետզհետե դարձել էր փոքր խմբերի շահեր սպասարկող կորզող համակարգ, և ստացվում էր այնպես, որ ժողովրդին շահագործում էր սեփական մոնարխը, իսկ եթե պատերազմում պարտվում էին, ապա դա անում էր մեկ այլ ժողովրդի մոնարխ` փոքր ինչ ավելի դաժան պայմաններով: Սակայն, կային նաև այնպիսիք, որոնք ավելի խելացի էին գտնվում, և գրավյալ տարածքներում տեղացիների հնազանդությունը շահելու և հետագայում հնարավոր ըմբոստությունները կանխելու համար, փոքր ինչ փոքրացնում էին հարկերը և դրանց մի մասն էին միայն ուղղում իրենց գանձարան, իսկ մնացյալը ծախսում էին հանրային նշանակության աշխատանքների վրա` ջրային համակարգեր, ճանապարհներ և այլն կառուցելու համար: Այդպիսին էր, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացին, որ նման քաղաքականություն էր վարում գրավյալ տարածքներում:

Պատմության յուրաքանչյուր դրվագով և պատերազմներով անցնելով կտեսնենք, որ դրանց բուն նպատակը ռեսուրսներ հայթայթելն է, այսինքն լավացնել սեփական ժողովրդի բարեկեցությունը այլ ժողովուրդների հաշվին: Պատերզմներին և հակամարտություններին այս դիտանկյունից նայելը կարևոր է, քանի որ իրականության մեջ չկան ուղղակի թշնամի ազգեր, կան ազգեր, որ այլոց շարունակաբար շահագործել են վերոնշյալ տրամաբանության մեջ, նրանց դարձրել են կորզման առարկա: Իսկ այն պահին, երբ այդ կորզման առարկան փորձել է ըմբոստանալ նրան դաժանորեն ճնշել են, ընդհուպ մինչև կոտորածներ, օրինակ հայերի ցեղասպանությունը Օսմանյան Կայսրության տիրապետության ներքո:

Շահագործվող որոշ ժողովուրդներ, օրինակ մենք` հայերս, ինչ-որ պահի, եկել ենք հանգրվանի (մեր գիտակից մասը), որ չենք ուզում և չենք կարող այլևս շահագործվել, սակայն այդպես էլ չենք ընկալել շահագործման բնույթը և անկախություն ստանալուց կամ ձեռք բերելուց հետո էլ օտարի հետ կամովի մտել ենք շահագործման առարկա լինելու փոխհարաբերության մեջ` արդեն ժամանակակից մոդելներով:

Մեր օրերում այլոց համար ռեսուրս դառնալը տեղի է ունենում այլ կերպ. Կան բազմաթիվ քաղաքակիրթ ճանապարհներ և գործիքներ, որով փոքր ու չկազմակերպված ժողովուրդներին և նրանց տարածքները դարձնում են ռեսուրս այլոց բարգավաճման համար: Անկախությունից ի վեր, այդ գործիքներ հանդիսացող միջազգային կառույցների «խորհուրդներով» էր նաև, որ Հայաստանի ժողովուրդը զրկվեց իրեն պատկանող ռեսուրսների ահռելի մասից և դրանք կամ օտարվեցին կամ տրվեցին օտարների կառավարման: Սա է նաև հետևանքը նրա, որ մենք չենք կառավարում մեր սեփական տնտեսական ենթակառուցվածքները (իսկ այս պահին նույնիսկ այդ կարողությունները չունենք)` էլեկտրոէներգիա, երկաթգիծ, ջուր և այլն: Սա է նաև հետևանքը նրա, որ մեզ մոտ ձևավորվեց օլիգարխիա կոչեցյալ դասակարգը, որը իրականում մերօրյա ֆեոդալիզմն է և խոչընդոտ է սուվերեն և ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին:

Ժամանակակից գաղութացումը գալիս է նաև օտարերկյա ուղղակի ներդրում կամ աջակցության վարկ անվան տակ թաքնված: Օրինակ, Չինաստանը, որ ռեսուրս պետությունից վերածվել է սուվերեն` իր շահերով առաջնորդվող պետության, ներկայում նման կերպ հետզհետե իր ազդեցությունն է հաստատում աշխարհում` հատկապես Աֆրիկյան մայրցամաքում: Նույնակերպ են գործում շատ եվրոպական երկրներ` իրենց ստեղծած միջազգային կառույցների միջոցով:

Իսկ որն է մեր գիտակցությունը, ինչպես ենք մենք, որպես պետություն հակադրվում գործող կառուցակարգերին և ինչպես ենք պատրաստվում ստեղծել մերը, ինչպես ենք պատրաստվում ռեսուրս պետությունից դառնալ քաղաքացու համար ծառայող և նրա համար իրական ապահով և անվտանգ միջավայր ստեղծող պետություն, այնպիսին ինչպիսիք են ներկայում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ: Պատասխանը պարզ է, նախ դա արվում է գիտակցությամբ, գիտակցություն առ այն, որ աշխարհի ժողովուրդները մրցում են ռեսուրսների շուրջ և կայացած պետություններ ստեղծած ժողովուրդները կառավարում են ոչ միայն իրենց ռեսուրսները (ինչը սուվերեն պետության համար պարտադիր պայման է), այլև ձգտում են կառավարել այլոց պատկանողը` սեփական ժողովրդի բարեկցությունը էլ ավելի մեծացնելու համար:

Այս համատեքստում, հողը որպես ժողովրդի ազատությանը և բարեկացությանը ծառայող միջոց, գլխավոր ռեսուրսն է, և այս տեսանկյունից նաև պետք է դիտարկել Արցախի շուրջ հակամարտությունը: Ռեսուրս ժողովրդից և տարածքից սուվերեն պետություն դառնալու ճանապարհին պատերազմը առաջին քայլն է, որը պետք է ամրապնդել տնտեսական իրական անկախությամբ, ինչը խաղաղության միակ երաշխավորն է: 1991-ին և 1994-ին մեզ հաջողվեց կատարել առաջին քայլը և տիրապետություն ստանձնել այդ գլխավոր ռեսուրսի, մեր պատմական տարածքների մի մասի նկատմամբ: Սակայն այդ պահից առ այսօր, անխտիր բոլոր հայկական իշխանությունները ձախողեցին տնտեսական անկախության և տնտեսական զարգացման հիմքերի ստեղծումը` ձախողելով երկարատև խաղաղության հաստատումը: Այս ձախողումը մեր ժողովրդի վրա թանկ է արժենալու: Քանզի Արցախի ազատագրումից ավելի քան քսանհինգ տարի անց մենք հետ ենք գնացել նույն կետին, երբ ստիպված ենք կրկին անցնել պատերազմի միջով:

Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ տնտեսական ձախողումը, որ խաղաղության երշախավորն էր: Նկարագրեմ ներկայի էական խնդիրներից մեկի օրինակով: Ամուլսարի ծրագիր:

Երկրի առողջարաններից մեկի տարածքում նախորդ` կոռումպացված իշխանությունների թողտվությամբ և համագործակցությամբ օտար օֆշորյան տարածքներում գրանցված ոմն ընկերություն որոշել էր ոսկու հանք բացել: Իսկ տաս տարի շահագործելուց հետո թողնել ավիրված բնություն, իսկ առողջարանի համայնքների բնակիչներին և նրանց սերունդներին` սարի փոխարեն մշուշոտ, միաժամանակ մոխրագույն ապագա: Հեղափոխություն կոչվածից հետո տարիներ շարունակ ծրագրին դեմ հանդիսացող համայնքի բնակիչները արգելափակեցին սար տանող մուտքը և արգելեցին սպեկուլյատիվ բնույթի հանքարդյունաբերական որևէ գործունեություն: Սակայն, նոր կառավարությունը չկանգնեց իր քաղաքացիների կողքին, որը ի դեպ նույն այդ քաղաքացու անունից էր եկել իշխանության, ավելին` նրանք ամեն կերպ սատարեցին օտարածին տարրերի նախահարձակ գործողություններ, որոնք ուղղված էին համայնքին և ժողովրդին պատկանող ռեսուրսի կորզմանը` ի վնաս նրանց և հետևաբար պետության: Եվ ցայսօր չեն էլ գիտակցում, որ իրենց այս դիրքորոշմամբ սատարում են երկրի գաղութացման և ժողովրդի շահագործման շարունակականությանը:

Երբ Ամուլսարի խնդրի շուրջ բանավեճեր էին պարբերաբար ծավալվում, որոշ պատգամավորներ և ներկա կառավարող ուժից այլոք ասում էին, որ պետք է գտնել, և՛ քաղաքացիների, և՛ պետության շահերը սպասարկող որոշում: Իսկ կա՞ արդյոք այդպիսին:

Իրականության մեջ սա արհեստական տարանջատում է, որովհետև պետությունը մարդու` քաղաքացու համար է ստեղծվում և քաղաքացիների` հանրության շահը դա պետության շահն է: Իսկ նման տարանջատումը դիտավորություն ունի, որը ի դեպ, մեր շրջակա միջավայրի մասով, դրվել է 2015 թվականի վերախմբագրված սահմանադրության հիմքում, որով ասվում է, թե ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Միաժամանակ, ոչ մի հանքարդյունաբերական ընկերություն պետությանը չի պատկանում, ավելին դրանց մեծ մասի սեփականատերերը օտարներ են, օտար օֆշորային ընկերություններ: Իսկ մայր օրենքը աղավաղել են մի խումբ անձանց կողմից պետության` ժողովրդին պատկանող ռեսուրսները կորզելու և կորզող համակարգ կառուցելու համար ապահով` օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով: Այդ իսկ պատճառով քաղաքացուն զրկել են իրեն ցանկալի միջավայրում ապրելու իրավունքից: Եվ այսպիսով Հայաստանը դրել են վերագաղութացման, շահագործման և կորզման առարկա լինելու ճանապարհին:

Իրական սուվերենությունը տնտեսական անկախությունն է, այսինքն սեփական ուժերով բարիքի ստեղծումը, առնվազն սեփական տարածքում առկա ռեսուրսները ժողովրդի բարեկեցությանը ծառայեցնելը և սեփական տնտեսական ենթակառուցվածքները ինքնուրույն կառուցելն ու կառավարելը (որոշակի մասով, որոշումների վրա չազդող մասնաբաժնով, օտար կազմակերպության մասնակցությունը ընդունելի է): Մեր օրերում գաղութացումը, իսկ մեր դեպքում չգիտակցված, տեղի է ունենում կամավոր` առանց սեփական խաղի կանոններ սահմանելով, ուրիշի կանոններով ներդրումային կոչեցյալ համաձայնագրեր ստորագրելով, էժանի անվան տակ մեծ չափերի աննպատակ բյուջետային աջակցության վարկեր վերցնելով, հետո փոխարենը պետական ենթակառուցվածքի մաս զիջելով, երկրի ամբողջ տարածքը հանքարդյունաբերության համար բաց պահելով, նաև թույլատրելով օֆշորային ընկերությունների մուտքը մեր տնտեսական տարածք:

Սրանք այն մարտահրավերներն են, որ ազգային անվտանգության տարրեր են պարունակում և սրանք է, որ մեզ կաշկանդում են նաև մեր տարածքների, այսինքն մեր սահմանների պաշտպանության հարցում, խոչընդոտում են մեր բնակչության համար ապահով և անվտանգ միջավայր ստեղծելուն:

Օրեր առաջ ներկայացվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Չնայած նրան, որ դա հեռու է ռազմավարություն կոչվելուց (կարելի էր հայեցկարգ անվանել, քանի որ դա ռազմավարական ծրագրի տարրեր չի պարունակում), կարելի է գիտակցության մակարդակում քայլ առաջ համարել նախորդի համեմատ: Միևնույն ժամանակ, այն հեռու է իրական անվտանգային միջավայր ձևավորելուն ուղղված գաղափարական փաստաթուղթ կոչվելուց, քանի որ առնվազն թվարկածս տնտեսական էական գործոններով այդ փաստաթուղթը թերանում է հստակ շեշտադրումներ և ձևակերպումներ անելուց և ուղենիշներ սահմանելուց: Այն թերանում է տնտեսական իրական աճի ուղենիշեր սահմանելուց, որը ինչպես արդեն նշեցի, խաղաղության միակ երաշխավորն է:

Սրանով հանդերձ, երկրի ղեկավարը երբ ներկայացնում էր այդ փաստաթուղթը, շեշտադրում էր դրանում սահմանված, իր ձևակերպմամբ` նշաձողերի շուրջ բոլոր քաղաքացիների պատասխանատվության ստանձնման կարևորությունը: Սակայն, հանրության լայն շրջանակները այդպես էլ անհաղորդ կմնան դրան, քանի որ ինչպես վերջերս հաճախ է տեղի ունենում, փակ դռների հետևում մարդկանց նեղ խմբեր հանրության և պետության համար էական նշանակություն ունեցող որոշումներ են կայացնում` առանց հանրային լայն քննարկումներ նախաձեռնելու: Կարծես իրենց թվում է, որ իրենք ունեն այնքան իմաստություն, որ կարող են հանրային նշանակության հարցերը որոշել ժողովրդի փոխարեն և հետո հրամցնել դա, որպես պատրաստի կերակուր: Նման կերպ են կարծես վարվում նաև սահմանադրության հետ, երբ մի խումբ անձինք ձևանում են, որ իբր ավելի լավ գիտեն, թե ժողովուրդը ինչի շուրջ պետք է պայմանավորվածության գա (քանի որ սահմանադրությունը միասին ապրելու կանոնների շուրջ պայմանավորվածություն է) և եփում են մի ճաշ, որի բաղադրությունն անհայտ է, և որոշ ժամանակ անց դա մեզ կմատուցվի` հավանաբար զուգորդված հերթական պաթոսով:

Իսկ իրականության մեջ, ինչպես առ այսօր տեսնում ենք, այդ չափից ավել ինքնավստահների գործողությունների արդյունքում մեր սուվերենությունը տարիներ շարունակ նվազել է` երկիրը և ժողովրդին դարձնելով օտարների կողմից շահագործման և կորզման առարկա: Մենք ձախողել ենք խաղաղության հիմքեր ստեղծելու համար մեզ տրված քսանհինգ տարիները: Մենք հաղթեցինք մեզ շահագործողին պատերազմում, որը ինչպես նշեցի, ռեսուրս լինելուց ազատվելու առաջին քայլն է, սակայն պարտվեցինք ինքներս մեզ` ձախողելով տնտեսական անկախություն և տնտեսական իրական` ներառական աճ ու զարգացում ապահովելու հրամայականը: Իսկ այս ձախողումը, ցավոք, մեզ նոր պատերազմի շեմին է հասցրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter