HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ցուցակում տեղը ոչինչ չի ասում մարդու արժանիքների ու քաղաքական կշռի մասին

«Հայացք»-ի հյուրն է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

- Տիկին Սարգսյան, ի՞նչ վիճակ է այսօր ներքաղաքական դաշտում:

- Եթե ասեմ, որ ներքաղաքական դաշտում խաղաղ վիճակ է, սուտ կլինի: Վերադասավորումներ են տեղի ունենում, քաղաքական ուժերը փորձում են ընդհանուր շահեր գտնել պայքարն արդյունավետ տանելու համար: Կարծում եմ` վերադասավորումներն այսօր-վաղը կավարտվեն: ԱԺ մտնելու հավակնություն ունեցող հիմնական թեկնածուները ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն են: ՀՀԿ-ն կորցրել է ժողովրդի վստահությունն ու չունի նրա քվեն: Դրա համար էլ ամեն ջանք գործադրելու է, որ ԱԺ-ում պահպանի մեծամասնությունը: ԲՀԿ-ն կարող է դաշտում իր լուրջ դերակատարությունը պահպանել ճիշտ դիրքորոշման դեպքում: Մենք էլ, մյուս քաղաքական ուժերի հետ համախմբվելով, կկարողանանք միասնական ճակատ ապահովել ՀՀԿ-ի դեմ` հասնելով լրջագույն հաջողությունների: ՀԱԿ-ը այն քաղաքական ուժն է, որի կողքին կանգնած է Հայաստանի ճակատագրով մտահոգ գիտակից ժողովրդի 80 և ավելի տոկոսը:

- Ինչպե՞ս կգնահատեք իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունը, եթե այդպիսին կան:

- Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություն` որպես այդպիսին, չկա և չի կարող լինել: Արմատական ընդդիմությունը, մասնավորապես` ՀԱԿ-ը, չի կարող հարաբերություններ ունենալ այն իշխանությունների հետ, որոնք արհամարհում են ժողովրդի կամքն ու ոտնահարում իրավունքները: Եթե մենք մեզ քաղաքակիրթ ենք պահում, դա չի խոսում իշխանությունների հետ որևէ հարաբերություն ունենալու մասին, ուղղակի մենք տարբերվում ենք նրանցից. մենք և՛ քաղաքակիրթ ենք, և՛ մտահոգ, և՛ պայքարող:

- Ո՞ր փուլում են ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման աշխատանքները:

- Վերջնական փուլում են: Համամասնական ցուցակը կլինի պատկառելի, հարգանքի արժանի ցուցակ, և ժողովուրդը, ծանոթանալով ցուցակին ու հաշվի առնելով մեր ազնիվ պայքարի անցած ուղին, իր քվեն կտա ՀԱԿ-ին:

- Ի՞նչ տեղ է վերապահված ՍԴՀԿ-ին ՀԱԿ համամասնական ցուցակում:

- ՍԴՀԿ-ն մեծ դեր ունի քաղաքական դաշտում և շատ գնահատված է: Մեր մղումները չափից դուրս ազնիվ են և տեսանելի, ինչպեսև ՀԱԿ-ինը: Մենք ասել ենք` որտեղ մեզ հարմար կտեսնեն, այնտեղ էլ կլինենք: Մեր նպատակը ԱԺ-ն չէ, մեր նպատակը երկրում օրինականության հաստատումն է, որին մենք գնում ենք: Կուզեի, որ բոլոր ուժերը, հաշվի առնելով մեր մեծ նպատակները, ընդունեն ցուցակն այնպես, ինչպես կներկայացվի: Մենք այն կազմելը վստահել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ նա ավելի քան լավ գիտի, թե ով ինչ դերակատարություն և կշիռ ունի դաշտում: Քաղաքական դաշտում մեր կուսակցությունից շատ ճանաչված մարդիկ կան, և նրանք տեղի կռիվ չեն անում: Ցուցակում տեղը ոչինչ չի ասում մարդու արժանիքների, նրա քաղաքական կշռի ու կատարած ներդրումների մասին:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա ընտրություններից:

- Այս ընտրությունները ճակատագրական են լինելու մեր երկրի համար: Եթե թույլ տանք, որ իշխանությունները նորից վերարտադրվեն, առաջիկա 20-25 տարիներին մեր երկրին ոչ մի լավ բան չի սպասվի: Պետք է հնարավորություն չտանք, որ իշխանություններն ավելի մեծ թալանով զբաղվեն, կեղեքեն ժողովրդին և իրենց իսկ գրած օրենքները ոտնահարելով` ամեն ինչ հարմարեցնեն իրենց: Պետք է թույլ չտանք, որ ընտրակեղծարարություններ արվեն, հակառակ դեպքում ժողովրդական դժգոհության այնպիսի ալիք կբարձրանա, որ ի վերջո կմաքրի ամեն տեսակ կեղտ այս երկրում, որովհետև այս իրավիճակին համակերպվել այլևս անհնար է:

ԼԻԼԻԹ ՎԱՀԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter