HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ադրբեջանական հանրության շերտ կա, որը շատ անհարմար հարցեր է տալիս իշխանություններին»

«Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան

-Տիկին Էլիբեգովա, կորոնավիրուսի համավարակի օրերին Բաքվում կազմակերպված բազմամարդ բողոքի ցույցը կարծես կասկած չի թողնում, որ դրանում խառն էր Իլհամ Ալիեւի մատը: Ըստ Ձեզ՝ ո՞վ կամ ովքե՞ր էին այս ակցիայի հասցեատերերը՝ ադրբեջանական հասարակությու՞նը, թե՞ նաեւ միջազգային հանրությունը: 

-Ալիեւը երեկվա իր ելույթում փաստացի ընդունեց, որ իշխանությունները տեղյակ էին եւ դեմ չէին, ու այդ ակցիայի կազմակերպման մեջ, այո, իրենց մատն էլ էր խառը․ իհարկե, դա մինչեւ այն պահն էր, երբ բավականին խայտաբղետ խումբ հավաքվեց, եւ իրավիճակն սկսեց դուրս գալ վերահսկողությունից։ Դա եղավ այն ժամանակ, երբ ցուցարարները փորձեցին Միլի մեջլիսի շենքը գրավել, որից հետո ցույցը ցրվեց, եւ հետագա հանրային ակտիվությունն սկսեցին կասեցնել։ Նաեւ սպանված գեներալի ու գնդապետի թաղումներն անցկացրին ոչ մարդաշատ․ հանրությանը չէին հայտնել արարողության ո՛չ տեղը, ո՛չ ժամը։ Ոստիկանությունն էլ երեկ հայտարարություն տարածեց, թե խնդրում ենք մեր քաղաքացիներին, չնայած ռազմահայրենասիրական մղումներին եւ բանակի կողքին կանգնելու, աջակցելու ցանկությանը, այնուամենայնիվ, հիշել կորոնավիրուսի համավարակի եւ արտակարգ դրության մասին։

Ինչ վերաբերում է հասցեատերերին, դա նախ ներքին լսարանն էր, որի ռազմահայրենասիրական ոգին պետք էր բարձրացնել, բայց ինչպես տեսանք Իլհամ Ալիեւի դժգոհությունից, այդ բազմահազարանոց ակցիայի արդյունքում ընդամենը 150 հոգի գնաց եւ գրանցվեց որպես կամավոր։ Դա նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու համար էր, թե Ադրբեջանում կա հանրային պահանջ՝ իրավիճակը սրելու եւ վրեժ լուծելու, ինչով էլ արդարացվում են Ալիեւի հետագա գործողությունները։ Ակցիան նաեւ մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար էր։      

-Ցույցի սկզբնական հակահայկական բովանդակությունը աստիճանաբար փոխվեց ներքին խնդիրների բարձրաձայնման: Հետո եղավ ցուցարարների՝ խորհրդարան մտնելն ու իրավապահների կողմից ուժի կիրառումը: Կարելի՞ է ասել, որ Ալիեւի կողմից ուժ եւ միասնականություն ցույց տալու այս ակցիան տապալվեց: Սա ի՞նչ հետեւանքներ կունենա ադրբեջանական հանրության վրա՝ հաշվի առնելով նաեւ ծանր կորուստներն առաջնագծում:  

-Չէի ասի, որ ակցիան տապալվեց, ուղղակի ինչ-որ խումբ որոշեց այն տանել դեպի ներքաղաքական ուղղություն։ Կարծում եմ, որ Ալիեւը դրան պատրաստ էր, որովհետեւ բավականին օպերատիվ ռեակցիա տվեց ոստիկանությունը։

Նաեւ կարծում եմ, որ ցույցը թույլատրելիս նա գիտեր, որ ներքին սոցիալական բողոքի ձայնն էլ է հնչելու, եւ լինելու են հայտարարություններ նաեւ պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի դեմ։ Մարդիկ, այնուամենայնիվ, իրենց սոցիալական բողոքն էլ պետք է ինչ-որ կերպ հայտնեն, որպեսզի իրավիճակը հանդարտվի, ու կարծում եմ, որ նաեւ այս մասով Ալիեւը տեղյակ էր եւ վերահսկում էր։    

-Դուք հավանաբար հետեւում եք ադրբեջանցի օգտատերերի գրառումներին, քննարկումներին եւ մամուլի հրապարակումներին: Եթե հաշվի չառնենք պետության կողմից վերահսկվող եւ ուղղորդվող լրատվահոսքը եւ նմանատիպ քարոզչական գրառումները, Տավուշի ուղղությամբ մարտական շոշափելի կորուստներ ունենալուց հետո, ընդհանուր առմամբ, ի՞նչ տրամադրություն է հարեւան երկրում:

-Տրամադրությունները տարբեր են։ Ադրբեջանական հանրության շերտ կա, որը շատ անհարմար հարցեր է տալիս իշխանություններին, այդ թվում՝ նաեւ հայկական կողմի կորուստների ապացույցներ է պահանջում, եւ երբ թվեր են ասում՝ 15, 30, 100 զոհված հայ զինծառայող, հանրությունը նաեւ պահանջում է, որ իրեն ներկայացնեն ապացույցներ, որովհետեւ երբ հայկական կողմն է տալիս հաղորդագրություններ, այդ ամենն ուղեկցվում է ապացույցներով։

Այս պարագայում ադրբեջանական քարոզչությունը ստիպված եղավ գնալ մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության՝ Ապրիլյան քառօրյայի զոհերին ներկայացնելով որպես նոր կորուստներ հայկական կողմից, ֆեյք վիդեոներ տարածել եւ այլն։  

-Չնայած Տավուշի ուղղությամբ լարվածությունը դեռ չի մարել, եւ չգիտենք, թե ինչ զարգացումներ կլինեն, այդուհանդերձ, ըստ Ձեզ, ի՞նչ փոխվեց ադրբեջանական հասարակությունում այս 3-4 օրերի իրադարձությունների հետեւանքով:   

-Փոփոխությունների մասին դատողություններ անել դեռ չի կարելի, որովհետեւ գործընթացը դեռ շարունակվում է, չգիտենք, թե ինչ զարգացումներ են լինելու, եւ առհասարակ հասարակության վրա ազդեցություններն ու փոփոխությունները կարելի է ամիսներ անց տեսնել տարբեր հարակից ազդակներով։

Հ․Գ․ Հարցազրույցն արվել է նախքան Իլհամ Ալիեւը պաշտոնից կազատեր Ադրբեջանի երկարամյա (2004-2020 թթ․) արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ 

Լուսանկարը՝ Ա. Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter