HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». իբր աշխատավարձ են տալիս, եղածն էլ կրճատում են

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկի (չցանկացավ ներկայանալ) փոխանցմամբ՝ 2012 թ. հունվար ամսից ուսուցիչների աշխատավարձը կրճատել են 6%-ով, և դպրոցի կառավարման նիստում ընդունված այդ որոշումը բեկման ենթակա չէ: «Հայացք»-ի հետ զրույցում Մարմարիկ համայնքի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Նորիկ Սիմոնյանը չհերքեց աշխատավարձերի կրճատման փաստը:

- Դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով, յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսվող գումարի չափը կազմում է 120 հազար դրամ: Այս տարվա ֆինանսավորումից պարզ դարձավ, որ 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված 120000 դրամի փոխարեն սահմանվել է 90000 դրամ,- ասաց տնօրենը:

Տնօրենի փոխանցմամբ ուսուցիչներին ներկայացված` աշխատավարձի կրճատման հարկադրված իրավիճակը չի բողոքարկվել, իսկ համաձայնագրերը ստորագրվել են այն հույսով, որ այս տարվա աշնանը աշխատավարձերի չափը կվերականգնվի:

- Դա ժամանակավոր բնույթ է կրում, և աշնանը ուսուցիչները փոխհատուցում կստանան: Եթե շարունակեինք աշխատավարձը բաշխել նախկին չափով, ապա արձակուրդայինի համար գումար չէինք ունենա: Եվ հետո, երբ մեր շրջան այցելած ՀՀ վարչապետին դիմեցինք այդ հարցով, նա ևս հուսադրեց, որ կրճատված աշխատավարձը ժամանակավոր բնույթ է կրում:

Պարզ է, որ ուսուցչի աշխատավարձը պահելու համար մարզային դպրոցն «ինքնագլուխ» որոշումներ չէր կայացնի: Ուստի որոշեցինք դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ «ոչ առևտրային կազմակերպություններն (այդ թվում և դպրոցները.- հեղ.) իրենց միջոցների հաշվին ծախսեր պետք է կատարեն լիազորված պետական մարմինների կողմից հաստատված ծախսերի նախահաշիվներին (հաստիքային ցուցակ) համապատասխան, իսկ այդ վճարների չափերն իրավասու է որոշել պետական ոչ առևտրային կազմակերպությունը` այն համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ»:

Յուրաքանչյուր ուսուցչի աշխատավարձից կրճատված գումարի չափը կազմում է 4000-5000 դրամ, ինչը, Մարմարիկի միջնակարգ դպրոցի 26  տարվա մանկավարժական ստաժ ունեցող տնօրենի կարծիքով, քիչ գումար չէ: Նրա փոխանցմամբ Հրազդան քաղաքի և նրա թաղամաս-համայնքների բոլոր դպրոցներում նույն վիճակն է. 2011 թ. ուսումնական տարվանից ուսուցիչները չեն վճարվում ո՛չ դասղեկության, ո՛չ էլ արտադասարանական պարապմունքների համար, չեն վճարվել նաև մեթոդմիավորման նախագահները:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter