HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսությանը ջուր հասցրեք, ոչ թե սերմացուն սուբսիդավորեք

Գյուղատնտեսությանը ջուր հասցրեք` մեկ տարի հետո գյուղացին կօրհնի ձեզ: Տոհմային կենդանի, սերմացու սուբսիդավորելով` նույն գյուղացին մեկ տարի հետո նզովելու է ձեզ։

Առաջին մակերեսային հայացքից՝ գյուղատնտեսության ոլորտում պետությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, սակայն առաջնահերթությունների, նախորդ նմանատիպ ծրագրերի փորձը չուսումնասիրելը, ծրագրերի թիրախավորման մակերեսային ընկալումը ակնհայտ է։ Պետությունը կարծես թե որոշել է վերցնել իր վրա նոր տեխնոլոգիաների տարածումը, ինչն իրենից շատ ավել գրագետ և էժան անում է մասնավորը, իսկ փոխարենը՝ լրիվ անտեսում այն, ինչը կարող է անել բացառապես պետությունը։

Նախկին կառավարություններն արդեն անցել են այս ճանապարհով՝ սուբսիդավորել պարարտանյութ, տոհմային կենդանի գնելը և այլն։ Սակայն ժամանակը հստակ ցույց է տվել, որ բոլոր այդ նախագծերը և ծրագրերը տապալվել են, չեն տվել և ոչ մի արդյունք։ Արդյոք իմաստ ունի՞ կրկնել այդ նույն սխալները։

Գյուղատնտեսության մեջ շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, որոնք մասնավոր սեկտորը լուծել ուղղակի անկարող է։ Այդ խնդիրները պահանջում են պետական մակարդակի լուծում, և միայն պետությունը կարող է իրականացնել այդ. ա) ոռոգման ջրի համակարգի վերականգնում, բ) օրենսդրական դաշտում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող անհրաժեշտ փոփոխություններ, գ) չօգտագործված հողերի վերամշակումը պարտադրող խիստ օրենք, որ հողատարածքները չվերածվեն զուտ գրավի առարկայի, այլ նաև պարտադիր վերամշակվեն, դ) էլ ավելի ամրապնդել հողը վերամշակող երկարաժամկետ վարձակալների իրավունքները՝ հակառակ դեպքում այդ ուղղությամբ չեն լինի երկարատև ներդրումներ, ե) երիտասարդ մասնագետների վերապատրաստումը Հայաստանից դուրս և նմանատիպ բազմաթիվ նախագծեր։ Ծայրահեղ դեպքում՝ կարելի է ընդօրինակել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման փորձը, որը կատարյալ չէ, բայց շատ ավելի արդյունավետ է։ Արցախի Հանրապետությունն արդեն իսկ բավարարում է Հայաստանի գարու տարեկան պահանջարկի գրեթե 80 %-ը։  BBC-ն մի շատ լավ վավերագրական սերիալ ուներ, որը պատմում էր Մեծ Բրիտանիայի գյուղնախարարության գործողությունների մասին Երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում՝ 1939-1945 թթ.։ Կարծում եմ՝ կարելի է այդ գործողությունները ուղղակի վերցնել և վերարտադրել։ Իրականում շատ բան կարելի է անել, բայց ամենևին ոչ այն, ինչ հիմա կատարվում է, կամ կատարվել է մինչ օրս Հայաստանում։

ՀՀ-ում փորձը ցույց է տվել, որ հումքի ձեռքբերման սուբսիդավորումը տապալում է հենց այն ոլորտը, որտեղ կատարվում է այդ սուբսիդավորումը, իսկ եթե շատ եք ուզում սուբսիդավորել, գոնե սուբսիդավորեք արդյունքը, այլ ոչ թե հումքը։

Գաղտնիք չէ, որ այդ սուբսիդավորվող պարարտանյութը միշտ էլ դարձել է երկրորդական շուկայի վաճառքի առարկա, վերավաճառվել է գյուղացիների կողմից, ջուր չունենալը պարարտանյութի քանակով կամ գնով չես ուղղի։ Զուգահեռ, պարարտանյութ ներմուծելու վրա մասնագիտացված մասնավոր սեկտորը միանգամից խեղճացել է և հայտնվել շուկայից դուրս։ Իսկ պարարտանյութի գնի և դերի գաղափարը գյուղացիները խեղաթյուրված են ընկալել: Մասնավորը այս ոլորտում շատ ավելի արդյունավետ է գործում թե՜ մասնագիտական, թե՜ տեխնոլոգիաների մատուցման առումով։ Չենք ասում, թե պարարտանյութ պետք չէ օգտագործել կամ տարածել, պարզապես դա պետության մասշտաբի գործ չէ։

Սուբսիդավորվող սերմացուն արժանանալու է նույն ճակատագրին։ Ամենաբարձր որակի սերմացուն պահանջում է ջուր.  քիչ ջրով չես ստանա նորմալ արդյունք, անգամ եթե սերմացուն պարզապես նվիրես գյուղացուն։ Տվյալ ոլորտի երկրորդական շուկան ևս ամբողջությամբ տապալվելու է, ինչը վատ է։ Մասնավոր սեկտորում ի հայտ չեն գալիս իրական մասնագիտացված կազմակերպություններ, որոնք զբաղվում են պարարտանյութի ներմուծմամբ և վերավաճառքով, նոր` է'լ ավելի որակյալ սերմացուի, տեխնոլոգիաների տարածմամբ և այլն։ Պետությու՞նն է որոշելու, թե որ սերմացուն սուբսիդավորի և որը՝ ոչ: Թե՞ սուբսիդավորելու է այն ամենը, ինչը սերմացու է: Այն, որ պետությունը վատ մենեջեր է, կարծում եմ, պարզից էլ պարզ է։ Իրականում ամբողջ գզվռտոցն ընթանալու է պետական սուբսիդավորման ծրագրերում ներգրավվելու համար և/կամ այն շրջանցելու լծակներ գտնելու մեջ։ Այդ շուկայի հետաքրքրությունների վեկտորը փոփոխվում է։ Գումարն անիմաստ կծախսվի, իսկ արդյունքը կլինի զրո։ Գյուղացուն լավ բերքատվության համար առաջին հերթին անհրաժեշտ է ջուր, այլ ոչ թե սերմացու։ Սերմացուի, պարարտանյութի տեղը գյուղացին ինքն էլ շատ լավ գիտի, և գինը չէ, որ իրեն հետ է պահել այդ որակյալ ապրանքը գնելուց։

Նույնը վերաբերում է տոհմային կենդանիների ներմուծմանը` գայթակղելով գյուղացուն բարձր մթերատվությամբ և գնի սուբսիդավորմամբ, դրդելով նրան գնալ գործարքի՝ առանց պատկերացման, թե ինչպես պետք է պահել այդ կովին, որ այն լինի բարձր մթերատու, ինչով կերակրել, ինչքա՞ն է կաթի ինքնարժեքը։ Առանց գրագետ կերակրման՝ մթերատու կովը դառնում է ոչ մթերատու։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այս ծրագիրն օգուտ տալու փոխարեն միայն վնաս է հասցնում, և առաջին հերթին՝ հենց գյուղացուն։ Գայթակղված սուբսիդավորվող գնից՝ մարդիկ գնում են կովեր, մեկ տարի հետո կերակրման բազա, գիտելիքներ չունենալու պատճառով հիասթափվում են, քանի որ չեն ստանում մթերատվության ակնկալվող ցուցանիշները և սկսում են մեղադրել պետությանը, որ անորակ կովեր են մատակարարել իրենց, կամ որ այս երկիրը երկիր չէ և, ինչը ամենասարսափելին է, սկսում են չհավատալ ոչ մի բանի։

Այսպես արվել է տարիներ շարունակ։ Անասնապահությանը անհրաժեշտ է ջուր, որ հնարավոր լինի աճեցնել հյութալի կերեր ու կերակրել կենդանուն։ Հյութալի կերի առկայությունը մի քանի անգամ ավելի կնպաստի կաթի ավելացմանը, քան ցեղի փոփոխությունը: Սիլոսը կամ այլ հյութալի կեր աճեցնելու համար անհրաժեշտ է ջուր։ Նույնը վերաբերում է միս արտադրողներին. իրենց էլ անհրաժեշտ է էժան հատիկ: Էժան հատիկ ստանալու համար նույնպես ջուր է անհրաժեշտ։ Անասնաբուծությանն առաջին հերթին ջուր է պետք։ Ոչ մեկ չի ասում՝ որակյալ ցեղատեսակները պետք չէ օգտագործել, ուղղակի դա պետության մասշտաբի գործ չէ։

Փաստ է, որ իմաստ չունի պետական միջամտություն այն ոլորտում, որտեղ արդեն իսկ այդ ապրանքը կամ ծառայությունը հասանելի է մասնավոր սեկտորի միջոցով։

Փոխարենը գոյություն ունի մի ոլորտ, որտեղ պետության դերն ուղղակի անփոխարինելի է։ Խոսքը ոռոգման ջրի` ջրամբարների և խողովակացանցի ստեղծման մասին է։ Սա գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր և առաջնային խնդիրն է։ Սա ճանապարհաշինության պես կարևորագույն խնդիր է, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է թե՛ բուսաբուծությանը, թե՛ անասնաբուծությանը, թեպետ դրանք փոխկապակցված են։ ՀՀ-ին անհրաժեշտ են նոր ջրամբարներ, ամբողջովին նոր ոռոգման ջրի խողովակային ցանց, որի ապագա վերաբաշխումը էլի կարելի է տալ մասնավոր սեկտորին։ Ստեղծել տարածքային ոռոգման բաշխիչ ցանցերի հազարավոր կետեր՝ ըստ տարածքների։ Շատ նման բարձրավոլտ էլեկտրացանցին և բաշխիչ Էլեկտրացանցին, այն տարբերությամբ, որ տվյալ դեպքում բաշխիչ ցանցերը չեն տրվելու մեկ իրավաբանական անձի, այլ կվաճառվեն շատ կազմակերպությունների՝ ըստ տարածքի։ «Բարձր վոլտը», իհարկե, թողնելով պետության ձեռքերում։

Առանց ոռոգման համակարգի, առանց կանխատեսելի ջրի՝ գյուղատնտեսություն գոյություն ունենալ չի՛ կարող։

Այս առաջնային խնդիրը թողնելով՝ զբաղվել տոհմային կենդանիների վաճառքով կամ սերմացուի սուբսիդավորմամբ կամ նմանատիպ նախագծերով, մեղմ ասած, պոպուլիզմ է։ Մարդկանց հաճոյանալու ծրագրեր, որոնք արվել են բազմիցս և ունեցել են նույն անպտուղ հետևանքները։ Իհարկե, մարդիկ խանդավառությամբ կընդունեն ցանկացած նվեր, բայց մեկ տարի հետո նույն մարդիկ սկսում են մեղավորներ փնտրել իրենց անհաջողության մեջ, իսկ երրորդ անձը, պետությունը շատ հարմար է այդ դերում։

Կան դեպքեր, երբ ներկայացվում են ուղղակի աբսուրդի հասնող «խելացի գոմերի» նման ծրագրեր։ Պարզվում է՝ «խելացի գոմը» մի մետաղյա կառույց է, պատերը՝ երկշերտ պոլիէթիլենից՝ որպես ջերմամեկուսիչ։ Իրոք որ՝ ակունք իմաստության, մեր գյուղացին դա չգիտեր։

Եթե փորձում ես զարգացնել մի ոլորտ, առնվազն պարտավոր ես ուսումնասիրել և պարզել տվյալ ոլորտի եկամտաբերության բացակայության հիմնական պատճառը։ Տեխնոլոգիան լավ բան է, բայց ինչպե՞ս է հայ գյուղացին՝ առանց կերային բազայի և առանց խելամիտ հատիկի, հյութալի կերերի, պայքարելու բելառուսական կաթի փոշու կամ ռուսական հավի մսի գնի դեմ. խելացի գոմերո՞վ, թե՞ սուբսիդավորված սերմացուով, թե՞ սուբսիդավորված բարձր մթերատու կովով, որին չես կարող կերակրել։ Միշտ չէ, որ տեխնոլոգիան բոլոր հարցերը լուծում է։ Առանց ջրի այս ամենը անիմաստ է։

Այս ասպարեզում արդեն իսկ բառիս բուն իմաստով վատնված բոլոր ֆինանսները եթե գումարենք իրար, ապա կստանանք անհրաժեշտ միջոցները՝ ոռոգման ջրի լիարժեք համակարգ ունենալու համար։ Եվ այդ համակարգը բավարար կլինի թե՛ գյուղատնտեսության, թե՛ քաղաքների կանաչապատման ծրագրերի համար, իսկ Սևանից այլևս կարիք չի լինի ջուր բաց թողնել։

Տիգրան Ազիզբեկյան

Գյուղատնտեսության ոլորտի ձեռնարկատեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter