HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի քաղաքապետի թեկնածուն ուզում է բազալտի հանք շահագործել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում

2014թԳորիսի քաղաքապետի թեկնածություն առաջադրած Հրայր Յոլյանին 50 %-ով պատկանող «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ն Գորիսի բազալտի հանքավայրը շահագործելու հայտ է ներկայացրել։

Գորիսի բազալտի հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում, Տաթև համայնքի վարչական տարածքում, Շինուհայր բնակավայրում։ Զբաղեցնում է ընդհանուր 37,7 հա տարածք:

Ավելի կոնկրետ, հանքավայրը գտնվում է Շինուհայր գյուղից 6,6 կմ հյուսիս-արևմուտք, Վայք-Գորիս ավտոճանապարհից 1.2 կմ հեռավորության վրա, ձախ կողմում: Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 6.5 կմ:

Նախագծում նշվում է, որ հանքավայրի մակերևույթը ներկայացված է վարուցանքի համար ոչ պիտանի քարքարուտներով, նպատակային նշանակությամբ՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությամբ արոտավայր հողերով և գտնվում է 1800-2000 մ բացարձակ բարձրությունների վրա:

Բացահանքը զբաղեցնելու է 5.33 հա, իսկ լցակույտը՝ 13300 քմ: Միասին կկազմի՝ 6.63 հա տարածք: Հանքը նախատեսվում է շահագործել 50 տարի։

«Հիդրոգեոշին» ՍՊԸ-ն գրանցվել է 2011թ․-ին։ Այստեղ 2019թմարտի 20-ից բաժնետեր են դարձել Գորիսի քաղաքապետի թեկնածություն առաջադրած Հրայր Սուրենի Յոլյանը և Արգամ Սլավիկի Ջուլհակյանը։ Արգամ Ջուլհակյանն էլ «Հիդրոնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է։ 

«Հիդրոգեոշին» ՍՊ ընկերությունը 2017թդեկտեմբերի Քաղաքաշինության նախարարությունից ստացել է քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու լիցենզիա՝ հիդրոտեխնիկական, էներգետիկ, բնակելի, հասարակական և արտադրական տեսակների գործունեության համար։

Հիշեցնենք, որ կառավարության 2009թհունիսի 26-ի որոշմամբ, «Տաթև» վանական համալիրը և հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի և Քաշունիի գյուղական համայնքները հայտարարվել են զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն:

Կառավարության այս որոշմամբ, փաստորեն, գերակա է ճանաչվել այս կենտրոնում զբոսաշրջության զարգացումը։ Որոշմամբ արձանագրվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման գերակա խնդիրները, որոնցից  է նաև այնտեղ զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ ձևավորելը և զարգացնելը՝ «ազգային նկարագրին, առանձնահատկություններին ու ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը հարիր, միջազգային չափանիշներին համապատասխանող, լիարժեք ավարտված, խնամված ու գրավիչ ճարտարապետական միջավայր» տեսլականին համապատասխան։

Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ նախորդ հանրային լսումներին համայնքի բնակիչները կողմ են արտահայտվել բազալտի հանքի շահագործմանը: 

«Բազալտի հանքավայրը, քանի որ անվնաս է, մարդիկ կողմ են արտահայտվել, որը իրենց, համայնքի համար շահավետ է, բյուջեին ինչ-որ գումարներ կփոխանցվի, ամեն տարի համայնքում բարեգործություն են ցանկանում կատարել, էդ առումով մարդիկ չեն առարկում»,- նշեց համայնքի ղեկավար: 

Մեր դիտարկմանը, թե համայնքապետը մտավախություն չունի, որ հանքավայրը շահագործվելու է «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում և կարող է վտանգել իրենց համայնքի զբոսաշրջության զարգացումը, Մուրադ Սիմոնյանը պատասխանեց. «Ինքը շատ հեռու է, նենց չի, որ ընդգրկված է կենտրոնում, ինքը չի խանգարում: Արոտավայրերի տարածքում է գտնվում, ընդհանրապես չի խանգարում, ոչ էլ կարող է էնպիսի բնապահպանական խանգարումներ լինեն, որ ժողովուրդը դեմ լինեն: Հողերը գյուղատնտեսական նշանակության են, բայց սարում են գտնվում, արոտավայրում: Բայց որ գյուղատնտեսական է, չի նշանակում, որ գյուղին կից են: Անծայրածիր արոտավայրեր ունենք, էդքան մասն ընդհանրապես չի խանգարում»:

Հուլիսի 21-ին՝ ժամը 14-00-ին, Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ի ներկայացրած Սյունիքի մարզի Գորիսի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter