
Հայ-ադրբեջանական լարված մրցակցությունը սոցիալական կայքերում
Ինչպես գրեթե միշտ է լինում, հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը տեղափոխվում է նաև առցանց տիրույթ։
Վերջին իրադարձությունների ֆոնին, բացի համակարգված հաքերային հարձակումներից և պետական կիբերգրոհներից, հազարավոր ադրբեջանական հաշիվներ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, հեղեղում են և՛ հայկական, և՛ արտասահմանյան մեդիաների սոցիալական էջերը, հայտնի քաղաքական գործիչների, աստղերի և ինֆլյուենսերների մեկնաբանությունները։
#StopArmenianAgression հեշթեգով տեղեկություն տարածող հարյուրավոր օգտատերեր «Թվիթեր» սոցիալական ցանցում գրանցվել են մի քանի օր առաջ։
Այս մասին իր թվիթերյան հաշվում գրել է միջազգային հարաբերությունների ոլորտում հետազոտություններ իրականացնող «Atlantic Council» կենտրոնի՝ ծրագրի խմբագրի օգնական Զարինե Խարազյանը։
«Եթե կարծում եք, որ տեսնում եք հազարավոր նոր ստեղծված ադրբեջանական հաշիվներ, որոնք գրում են Հայաստան-Ադրբեջան իրադարձությունների մասին, ապա դրանք իսկապես նոր ստեղծած հաշիվներ են»,- նշել է Խարազյանը, հրապարակելով հաշիվների վերլուծությունից կարճ հոլովակ։
if you think you're seeing a ton of newly created azerbaijani accounts tweeting about #armenia - #azerbaijan rn, that is because, well, there indeed are a ton of newly created accounts
— zarine kharazian (@zkharazian) July 17, 2020
collected these from a bunch of trending pro-azerbaijan hashtags, like #StopArmenianAgression pic.twitter.com/k4K3tbIlCO
«Թվիթերում» հրապարակումների վերլուծության բաց գործիքներից (օր.՝ սա և սա) օգտվելով, մասնագետը պարզել է, որ նոր ստեղծված ադրբեջանական հաշիվները միջինում օրական գրում են 200-300 թվիթ: Դրանք հիմնականում պարունակում են ադրբեջանական հեշթեգներ, ինչպիսիք են, օրինակ՝ #StopArmenianAgression, #KarabakhIsAzerbaijan: Միայն հուլիսի 15-ին այս հեշթեգներով գրող ամենաակտիվ 50 նոր հաշիվները հրապարակել են 25,629 թվիթ, ամեն մեկը միջինում 512 թվիթ։
Մասնագետի տպավորությամբ, այս հաշիվները ավտոմատացված չեն, քանի որ, սովորաբար, սոցցանցը ավտոմատացված և շատ ակտիվորեն հրապարակումներ անող հաշիվները հեռացնում է։
Խարազյանը գրում է, որ դեռ հստակ չէ, թե այս առցանց ակտիվությունից (հեշթեգային արշավներից և մանիպուլյացիաներից) որքանն է համակարգվում Ադրբեջանի կողմից և որքանն է անձնական նախաձեռնության արդյունք։
«Oxford Internet Institute»-ի հրապարակած հետազոտության համաձայն, Ադրբեջանը ունի կիբերզորքերի (cybertroop capacity) միջին հզորություն, որը համեմատելի է Հնդկաստանի և Պակիստանի հզորության հետ։ Ըստ հետազոտության՝ միջին հզորությունը ենթադրում է այնպիսի թիմեր, որոնք կայուն են և ունեն շատ հետևողական ռազմավարություն, ունեն լրիվ դրույքով աշխատողներ, ովքեր ամբողջ տարին աշխատում են տեղեկատվական տարածքը վերահսկելու համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «Թվիթեր» սոցիալական ցանցից օգտվող ամենաակտիվ ադրբեջանցի պետական գործիչներից մեկն է։ Դեռ տարիներ առաջ չհաստատված լուրեր էին պտտվում այն մասին, որ ադրբեջանական կիբերզորքերի համակարգմամբ զբաղվում է հենց Հաջիևը։
Խարազյանի խոսքով, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում օգտատերերը սկսել են հեշթեգների արշավներ։ Պրոադրբեջանական հրապարակումները մի քանի անգամ գերազանցում են պրոհայկականներին։
Both Azerbaijanis and Armenians have launched hashtag campaigns over the past few days as the fighting on the border has escalated. #Armenia #Azerbaijan
— zarine kharazian (@zkharazian) July 17, 2020
But the traffic to the pro-Azerbaijani hashtags dwarfs the pro-Armenian ones -- over 500k mentions to around 30k pic.twitter.com/uSjN2XO1HK
Չնայած այս հանգամանքին, հայաստանցի օգտատերերը նույնպես փորձում են ինքնակազմակերպվել։ Մասնավորապես, ստեղծվել է ուղեցույց «Թվիթերում» ադրբեջանական գրոհին դիմադրելու համար։
ՈՒՂՂԵՑՈՒՅՑԸ!
— ագաթանգեղոս (@agatangexxos) July 17, 2020
։սրա տակ հեշթեգեր չդնեք։ pic.twitter.com/QgaltbBfVJ
Քանի որ «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» այդքան բաց չեն, հնարավոր չէ վերլուծել, թե որքան նոր ստեղծված ադրբեջանական հաշիվներ կան։
Չնայած սրան, «Ֆեյսբուքում» շատ են հաշիվներ կոտրելու փորձերը։ Հայաստանցի օգտատերերի կոտրած հաշիվներից ուղարկվում էր նամակ, ըստ որի ՊՆ-ն իբրև թե հայտարարել էր զորակոչ և կոչ էր անում քաղաքացիներին հավաքվել քաղաքի կենտրոնում։
Լրագրող, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը թվիթերյան իր հաշվում հրապարակել էր, որ մի շարք հայկական համարներ ՊՆ պաշտոնական կայքից՝ mil.am-ից, ստացել են sms հաղորդագրություն։
A number of Armenian users received SMS messages this night, which appeared to be sent from @ArmeniaMODTeam՛s website https://t.co/vUcxxtOMCK and claimed that the army has suffered big losses. The Armenian Defense Ministry refuted issued statement, saying this was a fake pic.twitter.com/N2un62oFzX
— Artur Papyan (@ditord) July 17, 2020
Ըստ լրագրողի` բջջային օպերատորները այս պահին ուսումնասիրում են այս դեպքը, իսկ ՊՆ-ն հայտարարել է, որ sms-ները կեղծ են։
Այսօր համաշխարհային հայտնիություն ունեցող Քիմ Քարդաշյան-Ուեսթը նույնպես անդրադարձել էր սահմանին տիրող իրավիճակին և կոչ էր արել «խաղաղ լուծում տալ չհրահրված ադրբեջանական հարձակումներին, առանց այն էլ համավարակի այս դժվար պամյաններում»։
— Kim Kardashian West (@KimKardashian) July 17, 2020
Հետևեք հեղինակին Twitter-ում՝ @mrtrsyns
Մեկնաբանել