HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը համակարգի մասն է

Վերջին մի քանի տարում մի շարք միջազգային կազմակերպություններ իրականացրել են ոստիկանությունում բարեփոխումներին ուղղված մի շարք ծրագրեր` հնչեղ ու վերամբարձ անվանումներով, հսկայածավալ ֆինանսական ներդրումներով, ու թվում էր, թե այդ բարդ համակարգում ինչ-որ բան սկսում է փոխվել` հայտնվել են օրենքից բավականին լավատեղյակ փոխգնդապետներ, ոստիկանները փորձում են հասարակության անդամների հետ կառուցել «բարիդրացիական» հարաբերություններ եւ գոնե արտաքուստ ցույց տալ, որ իրենց համակարգում ծախսված փողերը չեն փոշիացվել: Բայց այս ամենը մինչեւ այն պահը, երբ կանգնեցին մինի-ճգնաժամային իրավիճակում…

Խոսքն, իհարկե, Մաշտոցի պուրակում իրականացված «վրան» օպերացիայի բեմականացման եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին է, որոնք բացահայտեցին կառավարող մարմիններ-ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների մի շարք կոպիտ նրբություններ: Հիմա չքննարկենք այդ գործողության ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցը` դեռ առիթներ կլինեն, այժմ տեղափոխվենք մեկ այլ տիրույթ: 

Սկսենք նրանից, որ նորօրյա ոստիկանները փորձում են իրենց գործողությունները հիմնավորել գրված օրենքի` ստատուտի դրույթներով: Լավ սերտել են հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրությունը, տարբերում են ինքնաբուխ ու կազմակերպված հավաքները, դրանց առանձնահատկությունները վարչական տուգանքների չափերը եւ այլն: Ողջունելի է: Եվրոպական դոնորները կարող են իրենց զեկույցներում այդ փայլուն առաջընթացը թմբկահարել: Բայց արի ու տես, որ ինչքան էլ փորձես առաջնորդվել օրենքի տառով, քո գործողությունները, միեւնույն է, անօրինական են: Ինչպե՞ս է ստացվում, որ այդպես է լինում: Այս հարցի պատասխանը կարելի է փնտրել երկու հայեցակարգային հարցադրումների պատասխանելով:

  1. Որքանո՞վ է ոստիկանությունը միասնական պետական համակարգից դուրս գտնվող ինքնուրույն կառույց: Ի վերջո, այն ներքին գործերի նախարարությունից դուրս բերվեց ու դարձավ ոստիկանական ծառայություն նաեւ այն նպատակով, որ բալանսավորի պետական մեքենայի եւ հասարակության հարաբերությունները:
  2.  Ո՞րն է այն իրավական դաշտը, որի շրջանակներում գործում է ոստիկանությունը:

Խնդիրը նրանում է, որ ոստիկանությունը փորձում է ներկայանալ որպես համակարգից առանձնացված, ինքնուրույն միավոր` իր առանձին օրենսդրական դաշտով: Ըստ այդմ` ոստիկանության միակ առաքելությունն է իր համար գրված օրենսդրության շրջանակներում պաշտպանել բոլորի, այդ թվում` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված իրավունքները: Այս իմաստով, ոստիկանության խնդիրը չէ, թե ինչպիսի որոշում է ինքը կյանքի կոչում, իր միակ խնդիրն է ապահովել պետական մարմինների կամ, ասենք` քաղաքապետարանի որոշումների իրականացումը, եթե որեւէ մեկը դրան խոչընդոտում է:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով, օրենք է համարվում նաեւ քաղաքապետի կամ կառավարության որոշումը` անկախ նրանից, թե որքանով է դա համապատասխանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքի դրույթներին կամ մարդու իրավունքներին: Ու դա նորմալ է` ոստիկանությունը հո դատարան չէ՞, որ գնահատականներ տա, իր խնդիրն է պահպանել տարբեր մարմինների` օրենքի ուժ ունեցող որոշումների իրականացումը: Որքան էլ մեր երկրի պայմաններում զավեշտալի հնչի, բայց խելամտության կանխավարկածը հուշում է, որ այդ որոշումները պետք է լինեն օրինական եւ արդարացի, ու այս կանխավարկածով ոստիկանությունը պաշտպանում է օրենքի տառը:

Ահա այստեղ է առաջանում ոստիկանության տեղն ու դերը որոշելու հիմնահարցը: Եթե ոստիկանությանն առանձնացնում ենք որոշում կայացնող համակարգից եւ դիտարկում զուտ որպես հրաման կատարող ինքնուրույն սուբյեկտ, ստացվում է, որ ոստիկանությունը պարտավոր է ի կատար ածել ցանկացած որոշում անգամ այն դեպքում, երբ գիտակցում է դրանց ակնհայտ անօրինական լինելը: Այս պարագայում կարելի է հստակ արձանագրել, որ ոստիկանության աշխատակիցները` հրաման տվողներից մինչեւ շարքային ոստիկանները, կատարում են ակնհայտ ապօրինի հրաման, ինչն իր հերթին որոշակի իրավիճակներում քրեորեն պատժելի է քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի ուժով (ակնհայտ անօրինական հրաման կամ կարգադրություն կատարելը):

Մյուս կողմից, ոստիկանությունը կարծես թե չունի որոշում կայացնող մարմինների հետ հարաբերությունները կարգավորող մեխանիզմներ` բացի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված խիստ ընդհանրական, անորոշ ձեւակերպումներից: Ինչպե՞ս վարվել նմանատիպ իրավիճակում, որպեսզի, ինչպես ասում են, եւ կույս մնալ, եւ գոնե տհաճություն չստանալ:

Կա մի հետաքրքիր մեխանիզմ` տարանջատել քաղաքացիաիրավական հարաբերությունները վարչական, քրեաիրավական հարաբերություններից ու անհարկի չմիջամտել քաղաքցիական իրավունքով կարգավորվող հարցերին եւ դա թողնել դատարանին: Մաշտոցի պուրակի, Թեղուտի եւ նմանատիպ այլ հիմնախնդիրները քաղաքացիական իրավունքի եւ առհասարակ պետական քաղաքականության դաշտում գտնվող հարցեր են:

Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները չեն խախտում հասարակական կարգը, խուլիգաններ չեն, անգամ «Լեւոն նախագահ» չեն գոռում: Թող «բուծիկատեր» «տուժողները» դատի տան, պահանջեն պատճառված վնասների փոխհատուցում, համ էլ դատարանը վերջապես վարույթ կընդունի ու հրապարակավ կքննի այդ գործերը, կպահանջի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ամեն գնով հանրությունից թաքցնում են: Տեսնենք ոնց են տակից դուրս գալու:

Այս ամենը, սակայն, մի քիչ ոչ իրական է հնչում, քանի որ բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում ոստիկանությունն ամենեւին էլ առանձին, ինքնուրույն սուբյեկտ չէ եւ մաս է կազմում այն պետական մեքենայի, որի գործունեությունը «փոփոխություններին» խորապես հավատացողներն անգամ չեն կարող օրինական համարել: Ուստի Մաշտոցի պուրակում ոստիկանության գործողությունները բոլոր իմաստներով անօրինական էին` թե իրենց անհամաչափության առումով, եւ թե առավել խորքային` մարդու իրավունքների խախտման տեսանկյունից: Ոստիկանությունն այսօր Հայաստանի կառավարման համակարգի մի անբաժանելի ու կարեւոր օղակն է, եւ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պետք է դիտարկել համակարգի գործունեության օրինականության համատեքստում:

Թունավոր ծառի պտուղները չեն կարող թունավոր չլինել: Դու չես կարող օրինական դաշտում գործել, եթե կյանքի ես կոչում անօրինական որոշում` որքան էլ քո գործողությունները հիմնավորելիս օրենքի տառերը վկայակոչես: Այստեղից հետեւություն` ոստիկանությունում «բարեփոխումներ» իրականացնող տարբեր միջազգային-գրանտային ծրագրերը ուղղակի բովանդակազուրկ են նրանով, որ իրականում չեն նպաստում ոստիկանության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ ընդամենը ոստիկաններին սովորեցնում են «օրենքով սահմանված կարգով» եւ «բարեկիրթ ձեւերով» ոտնահարել մարդկանց իրավունքները:

Ի դեպ` իրավունքի եւ օրենքի հարաբերակցության մասին: Մի առիթով արդեն անդրադարձել եմ այն հարցին, որ օրենքի (ստատուտի) տառին հետեւելը դեռեւս չի նշանակում գործել իրավական դաշտում: 2002 թվականի փետրվարի 22-ից սկսած Հայաստանում, որպես միակ թույլատրելի իրավական դոկտրին, գործում է իրավունքի գերակայության  (եւ ոչ թե օրենքի գերակայության) սկզբունքը: Հայաստանը սրանով մուտք է գործել քաղաքակիրթ աշխարհում ընդունված իրավական միջավայր, թեեւ ինքներս էլ դեռ լիովին դա չենք գիտակցում: Իրավունքի գերակայությունը նշանակում է, որ Հայաստանում ընդունվող օրենքը պետք է լինի իրավական: Ասել է թե` օրենքը` գրավոր տեքստը, պետք է բխի մարդու սահմանադրական, հիմնարար իրավունքներից, այլապես այն չի կարող օրենք համարվել: Իսկ պետական տարբեր մարմինների գործողությունները, որքան էլ համապատասխան լինեն իրենց իսկ կողմից գրված «օրենքների» տառերին, չեն կարող դիտվել որպես իրավաչափ, եթե խախտում են մարդու հիմնարար իրավունքները:

Իրավունքի գերակայության դոկտրինն, անշուշտ, բարդ եւ անչափ գեղեցիկ իրավական իրականություն է ստեղծել, որը դժվար է ընկալվում սովետական դասական, չինովնիկական ավանդույթների կրող պետաիրավական համակարգի կողմից, բայց Հայաստանում ձեւավորվող քաղաքացիական հասարակությունը իր էությամբ այդ դոկտրինի ակամա եւ լիիրավ կրողն է:

Այս ամենով հանդերձ, ոստիկանությունը, նույն կերպ եւ պետական մյուս ինստիտուտները մեր պետականությունն իմաստավորող կառույցներն են` անկախ այն բանից, թե ովքեր են այս պահին դրանք ղեկավարում, եւ մենք բոլորս շահագրգռված ենք, որ այդ ինստիտուտները բովանդակային, եւ ոչ թե ձեւական առումով գործեն իրենց կոչմանն ու նպատակներին համարժեք:

Վաղուց ժամանակն է հասկանալու, որ ստեղծվել է նոր իրականություն, ու պետական մարմինները հետայսու պետք է խաղան մեր խաղի կանոններով` իրավունքի գերակայության, սահմանադրականության, հարկ եղած դեպքում` անմիջական ժողովրդավարության սկզբունքներվ, եւ ոչ թե պարտադրեն հինը, հետադիմականը, անբնականը: Ու սա ամենեւին էլ վերջնագիր չէ: Պարզապես իրականությունն է այդպիսին: Համակերպվեք այս մտքին: 

Արթուր Գրիգորյան,

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (5)

ALIN
BUTIK PAHOX VOSTIKAN@ CHI KAROG ORINAPAH MARMIN LINEL ................
Նազիկ
Նոյեմբերյանի ոստիկանությունում ՀՀՇ-ից մինչ այսօր ոչինչ չի փոխվել,մինչ այժմ էլ ոստիկանները պաշտպանում են ուրիշի սեփականության դեմ ոտնձգություն կատարողներին,նույնը տեղի է ունենում դատարանում և դատախազությունում:Իշխանություններն ինչքան ուզում են բարձր գոռալ,թե իբր կոռուպցիայի դեմ պայքարում են,մեկ է,փաստերն այլ բան են ապացուցում:
AVET
UXXAGI SHD HEDAMNATS VOSDIKANER EN APSOS SHAD APSOS ....MENG VOSDIKANI TIGUNGIN PETG E LINEING EV NRANG EL MER TIGUNGIN ,BAITS TSAVOG HAGARKN E MER PETUTYUNUM BRNAPETA MAFIOZAGAN IRAVICHAG E AYS PAHIN BDIKNER PAHOX POLICE NER@MEZ PEDK E ORENG EV ORINAKANUTYUN MER APAGA EREXANERIN VOR AMEN OR LUSABADZIN MI NOR EREXA E LUYS ASHXARH GALIZ MASCTOTSI PURAKUM MARGARYAN TCNNDADAN@ MENG ENG PAYDZAR APAGAI HENARAN, , EV AMEN MI HAY AMEN MI ERITASARD PEDK E DA LAV HASGANA EV AJAKDZI MEZ KANI VOR , MER VAXVA SERNDI TIKUNK MENK ENK LINELU, EV UZUM ENG APREL ORENGI ORINAKAN KAXAKADZI ZGANG ..MEZ GONE MER APAGA HRESHDAGNERI HAMAR VOR DZNVUM EN AS KAXAGUM ,EV CHENG UZUM LGEL MER @NDANIK@ ,TUN@,CNNDAVAYR ODARANALU HAMAR ,MER PAPER DA CHEN KAROXATSEL ANEL EGEX MIANANG SDEXDZEN MER ERAZADZ HAYASDAN
Karen
Che voch miayn vostikanakan hamakargum enq aprum ayl BULKIAKAN u Bulku proxodov aproxneri. Bulku yntaniqy arden Fransiai dxyakum e aprum, ba et mardy vor bnutiun pahpaner et dxiaky inch poxerov er sarqelu u yntaniqin uxarker?? Mi hat el Ispaniaum uni u nora arel ayl voch hnuc exac bana
LILI
menq miasnaqan karox enq poghel vagva paytsar HAYASTANI dur kisabac e linenq MIASNAKAN aprenq mer erazats hayastanum poxantsenq mer EREXANERIN menq karox enq mi exeq aisqan antarber ev SARNA SIRT meng eng ays erkri ter@ CHENQ UZUM GAXTEL......................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter