HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է ուղևորափոխադրման ոլորտի նույն տեսակի պետական տուրքերից մեկը հանել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման՝  միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու (անկախ երթուղիների քանակից) տարեկան սպասարկման համար նախատեսված պետական տուրքը հանել։ 

Նախարարությունն ընդգծել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքով միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր ստանալու համար արդեն իսկ նախատեսված է պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ մինչև 2014 թվականն ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք` տարեկան 100 000 դրամ: Սակայն 2014 թվականին փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» օրենքում, համաձայն որի` կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չդարձավ:

Սակայն նույն տարում ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարվեց և սահմանվեց ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար նախատեսված տուրք՝ անկախ փոխադրողի կողմից սպասարկվող երթուղիների քանակից: 

«Այսինքն առկա է օրենսդրական հակասություն, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել, ինչը իրավական կարգավորման կարիք ունի»,-ընգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Բացի այդ՝ նախարարություն նշել է, որ 2020 թվականի հունվարի մեկից հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը, որի արդյունքում՝ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսվում է նույն գործունեության համար երկու տեսակ պետական տուրք:

«Առկա օրենսդրական հակասությունը վերացնելու, կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը զարգացնելու, հանրապետության բոլոր բնակավայրերը տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ է թեթևացնել ոլորտում գործունեություն իրականացնողների հարկային բեռը և համապատասխան փոփոխություն կատարելու «Պետական տուրքի մասին» օրենքում»,-նշված է նախագծում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ հանրապետությունում գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր և 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր: Նախատեսվում է մինչև 2021 թվականը ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter