HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտողները պետք է պատժվեն

Սույն թվականի մարտի  16-ին ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան-քննարկման: Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ: 

Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին՝ ժամը 21.30-ին, ծրագրված և կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ և, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդ իրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները: Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ և պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսևորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին: 

ՀՀ ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո մենք պատրաստ ենք միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև` միասնական ուժերով հանրային տարածքը և սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու և անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը: Հայտնում ենք նաև, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներն անցակացվեն այնպիսի ձևաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց և հաշվետու: 

Այսօր մենք չենք մասնակցելու ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը և որևէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների և Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից: 

Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքի գերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիներ

Ինքնորոշված քաղաքացիների նախաձեռնություն-շարժում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter