HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-ադրբեջանական «ծիրանային պատերազմներ» Մոսկվայում

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարված է։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ կրակ արձակելով խաղաղ բնակչության ուղղությամբ։ Հայկական զինված ուժերի պատժիչ լայնածավալ գործողությունների արդյունքում, հակառակորդը տվել է թե՛ մարդկային, և թե՛ տեխնիկական լուրջ կորուստներ։ Սակայն բախումները և էսկալյացիան չեն սահմանափակվում միայն հայ-ադրբեջանական սահմանագծով, այլ տեղափոխվել նաև այլ երկրներ։

Այսպես, երեկ` հուլիսի 17-ին «Հետք»-ը գրել էր, որ Լոնդոնում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի ադրբեջանական համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել։ Հակադարձ բողոքի ակցիա իրականացնելու նպատակով՝ Լոնդոնի հայ համայնքը նույնպես հավաքվել էր ՀՀ դեսպանատան դիմաց, որին մասնակցում էին հայազգի ուսանողները, լոնդոնաբնակ հայերը, դեսպանատան և Հայ Առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի ներկայացուցիչները։ Ակցիայի ժամանակ կողմերի միջև սկսվել է ծեծկռտուք։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Ծեծկռտուքից հետո ոստիկանության հորդորով երկու կողմերն էլ ավարտել են բողոքի ակցիան։

Հուլիսի 16-ից էլ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայում մի քանի ադրբեջանցիներ շուկայից գնել հայկական ծիրան ու ոտքերով ճզմել։ ՀՀ Աժ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրել՝ «Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն... այ անկարողներ: Մարդ չգիտի ինչ ասի...»։

Զուգահեռաբար, արդեն երկրորդ օրն է ինչ Ռուսաստանում և հատկապես Մոսկվայում մեծ խնդիր է առաջացել հայկական ծիրանի և մյուս մրգատեսակների սպառման համար։ Մասնավորապես, գյուղմթերքի որոշ շուկաներ և սուպերմարկետներ հրաժարվում են ընդունել հայկական արտադրության ծիրանները։ Պատճառը մեկն է․ այդ շուկաների կամ սուպերմարկետների սեփականատերերը ադրբեջանցիներ են, որոնք վերջին օրերին հայ-ադրբեջանական պետականին սահմանին առկա լարվածության պատճառով, փորձում են իրենց համերաշխությունը հայտնել ադրբեջանական կողմին։ Նման որոշման պատճառով գյուղմթերքի շուկաներում առաջացել են հայկական բեռնատարների հերթեր, մրգերի մի մասը փչացել է։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանում մրգի և բանջարեղենի բիզնեսով մեծապես զբաղվում են ադրբեջանցիները։ Դեռ խորհրդային տարիներից Միության գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Խորհրդային Հայաստանում, քիչ չէին մրգի և բանջարեղենի վաճառքով զբաղվող ադրբեջանցիները, ինչը բազմաթիվ հումորների և ասացվածքների առիթ է դարձել։ Եվ հիմա ադրբեջանցի գործարարները փորձում են նման կերպ «տնտեսական հակահարված» հասցնել հայկական կողմին։

«Ֆուդ սիթի»-ի միջադեպը

Հուլիսի 17-ին համացանցում տարածվեց լուր այն մասին, որ Մոսկվայի գյուղմթերքի խոշոր շուկաներից մեկը՝ «Ֆուդ սիթի»-ն չի ընդունում հայկական արտադրության մրգեր և բանջարեղեն։ Բեռնատարների վարորդները հայտնել են, որ հուլիսի 17-ի կեսգիշերին հայկական բեռնատարները դուրս են բերվել գյուղմթերքի շուկայի տարածքից։ Բացի այդ, կան տեղեկություններ նաև այն մասին, որ այլ շուկաների սեփականատերեր հանդիսացող որոշ ադրբեջանցիներ ստիպում են իրենց ուզբեկ, տաջիկ և դաղստանցի գործընկերներին նույնպես հրաժարվել հայկական արտադրության մրգերի և բանջարեղենի վաճառքից։ 

Ադրբեջանական տիրույթի օգտատերերը և լրատվական կայքերն ակտիվորեն լուսաբանում են այս գործընթացը՝ ներկայացնելով այն ադրբեջանական կողմի «հերթական հաղթանակներից մեկը»։ Փոխարենը խնդրի լուծման իր ուրույն տարբերակն է գտել Մոսկվայի հայ համայնքը։ Մոսկվայի հազարավոր հայեր հերթ են կանգնել գյուղմթերքի շուկաների մոտ՝ ձեռքբերելու հայկական արտադրության ծիրանն ու սալորը։ Նշվում է, որ «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում գտնվող բեռնատարներում առկա միրգն ամբողջությամբ սպառվել է։

Ավելի վաղ, հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում անվճար տարածք էր տրամադրել հայկական գյուղմթերքով բեռնատարներին։

Հետաքրքրական է, որ առավոտից սոցցանցերի ռուսական տիրույթում սկսվել էր հայկական ծիրանի գնման ֆլեշմոբ, որին բացի հայերից, միացել էին նաև այլազգիներ։ Ֆլեշմոբին միացել է նաև Ռուսաստանում հայտնի գրող Նարինե Աբգարյանը։

Ի՞նչ լուծումներ է առաջարկում հայկական կողմը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված, ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, նախարարությունը տվել է 2 այլընտրանքային լուծում․ հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

  1. Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:
  2. «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոն։

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն էլ հայտարարել է, որ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ս/թ․ հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա (մասնավորապես՝ «Ֆուդ Սիթի» կենտրոնի ուղղությամբ) շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Նշյալ հարցերով դեսպանատանը գործում է թեժ գիծ։

Ռուսաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները փորձել են խնդիրը լուծել նաև տեղում։ Նրանք այցելել են շուկա, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել։ 

Ռուսաստանի հայերի միությունն էլ իր հերթին,«Ֆուդ Սիթի»-ում իրավիճակի կապակցությամբ, բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև ՌԴ նախագահի վարչակազմի հետ։ Միության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է․

«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքների ոտնահարման հետեւանքով, և խնդրել ենք կարճ ժամկետներում միջոցներ ձեռնարկել՝ նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդել է Ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավար կազմը վստահեցրել է, որ իրենց համար նույնչափ կարևոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ գրել է, որ ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Նա զրուցել է ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ, որը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Ինչո՞ւ հենց «Ֆուդ սիթին». ովքեր են սեփականատերերը

Մի պարզ պատճառով․ սեփականատերերը ծնունդով Ադրբեջանից են։ «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերն ազգությամբ հրեաներ Գոդ Նիսանովը և Զարահ Իլիևն են, որոնք ծնունդով Ադրբեջանի Ղուբա քաղաքից են։ Զարահ Իլիևի կարողությունն այսօր գնահատվում է շուրջ 2,7 միլիարդ դոլար։ «Forbes» ամսագրի «Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց» շարքում նա զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը, իսկ Գոդ Նիսանովը, որն ունի նույնքան կարողություն՝ 38-րդ հորիզոնականը։ 

Գոդ Նիսանովը Մոսկվայում հայտնի է որպես խոշոր կառուցապատող, շուկաներում հարյուրավոր առևտրային կետերի սեփականատեր է։ Նա զբաղեցնում է «Киевская площадь» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Ընկերությունների խումբը 2020 թվականին եղել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2020» վարկանիշային աղյուսակի առաջատարը։ Ընկերությունների խմբի կազմում են նաև «Ֆուդ սիթի»-ն և «Եվրոպեյսկի» առևտրի կենտրոնների ցանցը։

Ռուսական որոշ ընդդիմադիր աղբյուրներ պնդում են, որ վերջին տարիներին Գոդ Նիսանովի հաջողությունները կարող են պայմանավորված լինել նրանով, որ Նիսանովի գործընկերներից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի, ազգությամբ ադրբեջանցի Իլհամ Ռահիմովն է։ Ընդ որում, Ռահիմովն ու Պուտինը ջերմ հարաբերություններ ունեն։ Այդ փաստը հաստատում է նաև Պուտինի մեկ այլ համակուրսեցի, նախկին ռազմական դատախազ, ներկայումս՝ իրավապաշտպան Լեոնիդ Պոլոխովը։ Ավելին, շատերը կարծում են, որ 2014 թվականին Գոդ Նիսանովին Պուտինի կողմից «Բարեկամության շքանշան»-ով պարգևատրումն իրականացվել է Իլհամ Ռահիմովի միջնորդությամբ։ 

Նիսանովը սերտ հարաբերությունների մեջ է նաև Մոսկվայի ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ։ Դրա մասին են վկայում այն շինթույլտվությունները, որոնք Մոսկվայի քաղաքապետարանը մշտապես տալիս է «Киевская площадь» ընկերությունների խմբին։ Բացի այդ, Սոբյանինը 2014 թվականին ներկա է գտնվել նաև «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնի նախագծի ներկայացմանը։ Վերջինս կառուցվել է շինարարական բազմաթիվ խախտումներով։ «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվում է Կենցաղային թափոնների Եվրոպայի ամենամծե Սալարևո աղբավայրը։ Աղբավայրում աղբի կուտակումները կարող են հասնել մինչև 30 մետրի, իսկ շոգ օրերին այնտեղ առաջանում է մեթան, որը տարածվում է մոտակա շրջաններում։ Հետևաբար այնտեղ վաճառվող միրգն ու բանջարեղենը կարող են վնասակար լինել։

Նիսանովի և Զարահ Իլաևի գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նրանք նաև ռազմական գործընկերային հարաբերությունների մեջ են Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև անձնական հարաբերություններ ունեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ըստ առկա տեղեկությունների՝ Գոդ Նիսանովը և Զարահ Իլաևը մեծ ներդրում են ունեցել իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ բնականաբար ունենալով սեփական բիզնես շահերը։

Նիսանովը կապեր ունի նաև ադրբեջանական հանցավոր խմբերի հետ։ Մոսկվայի ոստիկանության տվյալներով՝ Գոդ Նիսանովն սերտ հարաբերություններ ունի հանցավոր աշխարհի ադրբեջանցի ներկայացուցիչներ Վագիֆ Սուլեյմանովի և Նադիր Սալիֆովի հետ։ Այդ կապերն ավելի են խորացել «Ֆուդ սիթի»-ի բացումից հետո։ Այդ ժամանակ պարզ էր դարձել, որ մեծածախ առևտրով զբաղվող ադրբեջանցիները նախընտրում են աշխատել մեկ այլ ադրբեջանցի հեղինակության՝ Ռովշան Ջանիևի հսկողության տակ գտնվող շուկաներում։ Վաճառականները, վախենալով Ջանիևի հաշվեհարդարից, վախենում էին հեռանալ Նիսանովի առաջարկած առևտրային կետեր։ Այդ ժամանակ Նիսանովը դիմել է Դեդ Հասանի մտերիմներից Վագիֆ Սուլեյմանովին։ Վերջինս էլ դուրս է եկել Շաքրո կրտսերի վրա, որը Դեդ Հասանի ժառանգորդն էր։ Շաքրո կրտսերը քրեական հիերարխիայում ավելի բարձր դիրքի վրա էր, քան Ռովշան Ջանիևը։ Կողմերը կարողացել են պայմանավորվել, որից հետո մանրածախ առևտրով զբաղվող ադրբեջանցիների մի մասը կարողացել է տեղափոխվել Գոդ Նիսանովի «Ֆուդ սիթի»։ 

Ոստիկանության տվյալներով՝ Ռովշան Ջանիևը ռիսկ չի արել բացահայտ կերպով հանդես գալ Դեդ Հասանի ժառանգորդի դեմ, սակայն շուտով Մոսկվայում սպանվել է Շաքրո կրտսերի մտերիմներից մեկը՝ Ջամբուլաթ Շամիլօղլին։ Ջանիևի աջակիցները փորձել են սպառնալ բոլոր նրանց, որոնք անցել էին Նիսանովի շուկաներ։ Սակայն ամեն ինչ ավարտվել է նրանով, որ Ստամբուլում սպանվել է Ջանիևը, որը համարվում էր նաև Դեդ Հասանի սպանության պատվիրատուն։ Այդպիսով, Նիսանովը կարողացել է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել բանջարեղենի և մրգերի առևտուրը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Իսկ եկամտի մի մասը նա փոխանցել է ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողերին»։ 

Լուսանկարը՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter