HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքագետ. «Համարում եմ, որ տավուշյան այս թեժացումը կապված է Ռուսաստան-Թուրքիա գազային սուր կոնֆլիկտի հետ»

«Հետքի» հարցերին պատասխանում է թուրքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Գաբրիելյանը

-Պարոն Գաբրիելյան, Տավուշի ուղղությամբ թե՛ դիրքային, թե՛ մարդկային ցավոտ կորուստներ կրելուց հետո Ադրբեջանի ռազմական պատվիրակությունը շտապեց Թուրքիա, որտեղ հանդիպեց այդ երկրի պաշտպանության նախարարին եւ պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետին: Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը «մեծ եղբորն» է դիմել խորհրդատվությա՞ն, թե՞ նաեւ կոնկրետ նյութական-մարդկային օգնություն ստանալու համար:

-Ես կասեի՝ երկուսն էլ։ Ըստ երեւույթին, Ադրբեջանը Թուրքիային հիշեցնում է դեռեւս 2010 թ. օգոստոսի 16-ին միմյանց միջեւ կնքված ռազմական փոխօգնության համաձայնագրի մասին։ 5 բաժնից ու 23 հոդվածից բաղկացած այդ պայմանագրի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն պաշտպանական ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Առավել կարեւոր է, սակայն, 2-րդ հոդվածը, որում նշված է հետեւյալը. «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։

Այս համատեքստում հիշենք թուրքական կողմի սուր հայտարարությունները, որոնցում Հայաստանը մեղադրվում է «Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացնելու» մեջ։ Ստացվում է, որ Թուրքիան չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, եւ, ըստ ամենայնի, Ադրբեջանը Թուրքիային սկսել է հիշեցնել իր պարտավորությունները։ Բնականաբար, կողմերը քննարկել են նաեւ իրենց հետագա անելիքները տավուշյան թեժացման ֆոնին։ Կարծում եմ՝ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին ռազմական տեխնիկայով, ռազմական խորհրդատուներով, միգուցե նաեւ Սիրիայից զինյալներ ուղարկելով (եթե կոնֆլիկտը ձգձգվի)։

-Վերջին լարվածությունը եւ 2016-ի քառօրյա պատերազմը ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակում որոշակի որակ են ստեղծում ԱԹՍ-ները: Թուրքիա մեկնած պատվիրակությունն էլ գլխավորել է փոխնախարար Թահիրովը, ով նաեւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարն է: Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու մասին վերջերս հայտարարել էր նաեւ նախարար Զաքիր Հասանովը: Արդյոք սա նշանակում է, որ իսրայելական անօդաչուների կողքին ադրբեջանցիներն առաջիկայում մեր դեմ գործի են դնելու նաեւ թուրքական ԱԹՍ-ներ:

-Վերջին տարիներին Թուրքիան զգալի հաջողության է հասել սեփական ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու պլանում, եւ այդ համատեքստում կարեւոր տեղ են զբաղեցնում տարատեսակ ԱԹՍ-ները, որոնք թուրքական կողմը սկսել է կիրառել տարբեր կոնֆլիկտներում: Խոսքն ինչպես Սիրիայի (Իդլիբ) ու Լիբիայի հակամարտությունների, այնպես էլ Թուրքիայի ներսում ու Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ զինված պայքարի մասին է։ Վերջին շրջանում ամենաշատը խոսվում է թուրքական «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ների մասին, որոնցից գնել է նաեւ Ուկրաինան։ Ներկայում Թուրքիայի զինված ուժերը, ժանդարմերիան, ՆԳՆ-ն ու ազգային հետախուզական կազմակերպությունն իրենց տրամադրության տակ ունեն մոտ 100 հատ «Bayraktar TB2»։

Թուրքիան կարող է ոչ միայն Ադրբեջանին վաճառել ինչպես հարձակողական, այնպես էլ հետախուզական ԱԹՍ-ներ, այլ նաեւ կիսվել մարտական պայմաններում դրանց կիրառման սեփական փորձով։ Այնպես որ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սահմանագծերում մենք կտեսնենք նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

-Ադրբեջանցիները շտապեցին Թուրքիա, ինչին զուգահեռ Ռուսաստանը հայտարարեց անակնկալ ստուգումների մասին, որոնք անցկացվում են նաեւ ՌԴ հարավային ռազմական օկրուգում, որի մաս է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան: Հետաքրքիր է նպատակը. գնահատել զինուժի կարողությունը երկրի հարավ-արեւմուտքի ռազմական անվտանգությունն ապահովելու հարցում, ու նշվում է, որ այդ հատվածում պահպանվում է ահաբեկչական բնույթի լուրջ վտանգ: Մյուս կողմից՝ ստուգումների նպատակը «Կովկաս-2020» զորավարժություններին նախապատրաստվելն է, որոնց մասնակցելու է նաեւ մեր զինուժը: Սրանով Ռուսաստանը Թուրքիային ուղե՞րձ է հղում: Ո՞վ է Ռուսաստանի հարավ-արեւմուտքից հավանական ահաբեկչության աղբյուրը:

-«Կովկաս-2020» զորավարժությունների անցկացման մասին հայտարարվել էր տավուշյան թեժացումից շատ ավելի վաղ, իսկ այդ զորավարժությունների անցկացումը շատ ավելի մտահոգում է Ուկրաինային, քան Թուրքիային։ Ամեն դեպքում, այդ զորավարժությունները հիրավի ուժի ցուցադրություն են, ուղերձ են այլ երկրների, այդ թվում՝ նաեւ Թուրքիային։ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգում եւ հարակից շրջաններում անցկացված անակնկալ ստուգումը նույնպես կարող է ուղերձ լինել Թուրքիայի համար՝ հաշվի առնելով դրա մասշտաբները (150.000 զինծառայող ու 27.000 միավոր ռազմական տեխնիկա)։

Ես չգիտեմ, թե Ռուսաստանում ներկայում ում են համարում ահաբեկչության հավանական աղբյուր, նախկինում դրա տակ նկատի ունեին Հյուսիսային Կովկասի մի շարք ազգերի։ Սակայն ինձ համար մի բան ակնհայտ է, որ ո՛չ ներկայիս ռազմական անակնկալ ստուգումները, ո՛չ էլ սեպտեմբերին ծրագրված «Կովկաս-2020» զորավարժությունները չեն կարող մեծ կապ ունենալ այդ ազգերին առնչվող խնդիրների հետ։

Ընդհանրապես, համարում եմ, որ տավուշյան այս թեժացումը կապված է Ռուսաստան-Թուրքիա գազային սուր կոնֆլիկտի հետ, եւ երկու երկրները զբաղված են Կովկասում ուժի ցուցադրությամբ։ Ռուսաստանը շեշտակի տեմպերով կորցնում է իր դիրքերը Թուրքիայի գազային շուկայում, կորցնում է իր գազային լծակը, իսկ դրան զուգահեռ Թուրքիայի գազային շուկայում շեշտակի աճում է Ադրբեջանի մասնաբաժինը, ով նախորդ տարի դարձավ Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը, իսկ այս տարի՝ արդեն առաջինը։ Միեւնույն ժամանակ Ռուսաստանը, ով տասնամյակներ շարունակ եղել է Թուրքիայի թիվ մեկ, անվիճելի գազամատակարարը, այս տարի արդեն նահանջել է 3-րդ հորիզոնական (նրա մասնաբաժինը 33 տոկոսից նվազել է մինչեւ 9,9 տոկոսի)։

Ըստ իս՝ Ռուսաստանն իրեն նաեւ որոշակի դավաճանված է զգում Թուրքիայի այս պահվածքից։ Բանն այն է, որ Ռուսաստանն անգամ 2015 թ. նոյեմբերի 24-ի ինքնաթիռային հայտնի միջադեպից հետո չդադարեցրեց Թուրքիայի գազամատակարարումը, երբ ապահովում էր Թուրքիայի գազային պահանջարկի առնվազն 55 տոկոսը։ Եթե Ռուսաստանը գնար այդ քայլին, ապա տվյալ ժամանակ միայն մեկ ստորգետնյա գազապաստարան ունեցող, ռուսական գազին այլընտրանք չունեցող Թուրքիան պարզապես սարսափելի վնասներ կկրեր։

Մինչդեռ իրավիճակը կտրականապես այլ է հիմա. նույն ինքնաթիռային միջադեպը Թուրքիային դրդեց իր գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու եւ նվազեցնելու ռուսական գազի մատակարարումներից իր բավական մեծ խոցելիությունը։ Եվ հիմա, երբ Ռուսաստանն է հայտնվել ֆինանսական, այդ թվում՝ նաեւ գազային ծանր դրության մեջ (Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են 1/3-ով, իսկ գազային եկամուտները՝ ավելի քան 52 տոկոսով), Թուրքիան հրաժարվում է ռուսական գազի զգալի մասից։

Ստացվում է, որ Թուրքիան այսպիսով «իր շնորհակալությունն է հայտնում» Ռուսաստանին՝ իր համար չափազանց ծանր ժամանակ (ինքնաթիռային միջադեպից հետո) գազամատակարարումները չդադարեցնելու համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանն այժմ Թուրքիային հասկացնում է, որ եթե նա որոշել է հրաժարվել ռուսական գազից, հույսը դրել է ադրբեջանական գազի մատակարարումների վրա, ապա կարող է լուրջ խնդիրներ ունենալ Հայաստանի սահմանից ոչ հեռու անցնող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կապակցությամբ։ Իսկ այդ գազատարի կարեւորությունը վերջերս աճել է առնվազն եռակի (3 անգամ մեծացվել է նրա թողունակությունը), որպեսզի Ադրբեջանը կարողանա դրանով կրկնապատկել Թուրքիային մատակարարած գազի ծավալը եւ հոկտեմբերից առաջին անգամ սկսի գազ մատակարարել Եվրոպային։

Սա նշանակում է, որ Ադրբեջանը գազային համատեքստում Ռուսաստանի համար խնդիրներ է ստեղծում ոչ միայն թուրքական շուկայում, այլեւ շուտով որոշակի կվնասի նրա դիրքերը եվրոպական շուկայում։ Թուրքիան էլ տավուշյան թեժացման ժամանակ չափազանց սուր եւ կոշտ հայտարարություններ է անում, որոնք, ըստ իս, առաջին հերթին հասցեագրված են հենց Ռուսաստանին եւ ոչ թե Հայաստանին (օրինակ, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում էր, թե «պատրաստ են տալ իրենց կյանքը հանուն Ադրբեջանի»)։ Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն գնով պահպանել իր շահերն Ադրբեջանում։

-Ադրբեջանի անհավասարակշիռ հայտարարությունները, օրինակ, Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ եւ թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմը ի՞նչ վտանգներ են ստեղծում Կովկասում շահեր ունեցող այլ ուժերի համար, եւ ի՞նչ սպասել վերջիններից այս պարագայում:

-Ադրբեջանի կողմից ՊՆ-ի մակարդակով Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիք հնչեցնելը վկայում է նրա հուսահատության մասին։ Ամեն դեպքում, ՀՀ ԱԳՆ-ն, սփյուռքը պետք է լայնորեն օգտագործեն դա՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի ահաբեկչական կերպարը։ Նման հայտարարությունը պետք է դատապարտի անգամ Թուրքիան, ով էապես կարող է տուժել ադրբեջանական սպառնալիքի իրագործման դեպքում։

Ցավոք սրտի, կանխատեսում եմ, որ տավուշյան ճակատում այսուհետ շարունակ թեժացումներ կգրանցվեն՝ հաշվի առնելով նաեւ Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարումների մոտալուտ մեկնարկը։

Իսկ այս թեժացումների արդյունքում Թուրքիան միգուցե փորձի իր զինծառայողներին տեղակայել Ադրբեջանում՝ ԲԹԷ գազատարի երկայնքով՝ հայտարարելով, որ այն ունի պաշտպանության կարիք։ Իրավական տեսանկյունից դրա համար շատ բան պետք չէ. Իլհամ Ալիեւը պետք է ընդամենը նման խնդրանքով դիմի Թուրքիային, իսկ վերջինս էլ դրական պատասխան տա դրան (ինչպես որ Թուրքիան արեց Լիբիայի պարագայում)։ ԲԹԷ-ի ընդլայնումը, «Անդրկասպյան» գազատարի հնարավոր կառուցումը, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) նախաձեռնությունը եւ մի շարք այլ զարգացումներ էականորեն մեծացնելու են կովկասյան տարածաշրջանի կարեւորությունը եւ հետեւաբար Ռուսաստան-Թուրքիա մրցակցությունը նրանում, ինչն ինքնին իր կնիքը կթողնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։ 

-Տավուշյան սրացումը Ռուսաստան-Թուրքիա գազային կոնֆլիկտի հետ կապելով՝ արդյոք համարում եք, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հրահրվել է նրանց, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի կողմից, թե պարզապես Հայաստան-Ադրբեջան ակտիվ առճակատումն առիթ էր, որ երկու կողմերի դաշնակիցները իրենց քաղաքական-տնտեսական հակասությունները վեր հանեն եւ միմյանց ուժ ցուցադրեն:

-Ես առավելապես հակված եմ հավատալ Ռուսաստանի կողմից հրահրելու տարբերակին, քանի որ ԲԹԷ-ն հենց նրան է զգալի վնասներ պատճառում եւ պատճառելու՝ ներկայում թուրքական գազային շուկայի, իսկ մոտ ապագայում՝ նաեւ եվրոպական գազային շուկայի կտրվածքով (չմոռանանք, որ հեռանկարում «Անդրկասպյան» գազատարի կառուցման դեպքում դրանով կարող է Եվրոպա ուղարկվել նաեւ միջինասիական գազը)։ Միեւնույն ժամանակ ԲԹԷ-ն Հայաստանին մեծ հաշվով որեւէ վնաս չի պատճառում՝ բացառությամբ, թերեւս, Ադրբեջանի (միգուցե Իլհամ Ալիեւի, օլիգարխների) բյուջեն լցնելու, նրա տարածաշրջանային եւ նաեւ աշխարհաքաղաքական կարեւորությունը բարձրացնելու։

Ես առաջին հերթին ցանկանում եմ փաստել, որ տավուշյան միջադեպը ծագեց Ռուսաստան-Թուրքիա գազային սուր կոնֆլիկտի ֆոնին, եւ այդ միջադեպին Թուրքիայի ինտենսիվ, արագ, բազմամակարդակ, չափազանց կոշտ ու սպառնալիքներով լեցուն արձագանքն ինձ նույնպես մղում է կարծելու, որ Թուրքիան վտանգված է տեսնում իր գազային եւ այլ շահերը Ադրբեջանում (ԲԹԷ-ն Հայաստանի սահմանին ամենամոտ հատվածով անցնում է հենց ներկայիս ռազմական բախումների գոտու մոտով), իսկ Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար գազային եւ այլ առումներով աճել է շեշտակի։ Անհավատալի է կարծել, թե Թուրքիայի նման սուր արձագանքը կարող էր զուտ կապված լինել նրա հետ, որ Ադրբեջանը կորցրել է 1-2 դիրք եւ տվել է 1-2 տասնյակ սպանված (եթե խնդիրն ավարտվեր միայն դիրքերով, ապա Թուրքիայի նման սուր արձագանքը չէր առաջացնի Ադրբեջանի կողմից անգամ 10 դիրք կորցնելը)։ Որոշակի դատողություններ կարելի է անել նաեւ Ռուսաստանի արձագանքից, երբ անուղղակի Թուրքիային առաջարկվեց իրեն պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամին հարիր (եւ այլն)։

Ես այսպես եմ տեսնում հենց իմ բարձրացրած 3 կարեւոր հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ հիմա ծագեց տավուշյան թեժացումը, ինչո՞ւ բռնկվեց հենց տավուշյան ճակատում, եւ ինչո՞ւ է Թուրքիան արձագանքում վերջին տարիների համար աննախադեպ կոշտ։ Նկատենք, որ Թուրքիան այսպես չի արձագանքել անգամ 2016 թ. ապրիլյան թեժացման ժամանակ եւ նաեւ դրանից առաջ՝ 2014 թ., երբ Հայաստանը բարելավեց իր դիրքերը Նախիջեւանի հետ սահմանին։

Ի դեպ, ապրիլյան թեժացումը նույնպես տեղի ունեցավ Ռուսաստան-Թուրքիա գազային սուր կոնֆլիկտի ֆոնին. ինքնաթիռային հայտնի միջադեպից հետո թուրքական կողմը սառեցրել էր «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը եւ փոխարենը Ադրբեջանին խնդրել էր արագացնել «Թուրքական հոսքի» մրցակից նախագիծ «Անդրանատոլիական» (TANAP) նախագծի իրագործման աշխատանքները, Ադրբեջանն էլ համաձայնվել էր այն իրագործել երկու տարում։

Եվ եթե ապրիլյան թեժացումից առաջ խնդիրն այն էր, թե միմյանց մրցակից այդ երկու գազատարներից ո՞ր մեկը («Թուրքական հոսք», «Անդրանատոլիական») պետք է կառուցվի ավելի շուտ, ապա տավուշյան միջադեպից առաջ առկա է երկու խնդիր. 1) Նախորդ տարի ռուսական գազի ներկրման 40 տոկոսից Թուրքիայի հրաժարվելն ու փոխարենը ավելի էժան ադրբեջանական գազի ներկրումը 30 տոկոսով մեծացնելը։ Ընդ որում՝ այս միտումը շարունակվում է նաեւ ընթացիկ տարում։ 2) Ադրբեջանական գազն առաջին անգամ Թուրքիայի տարածքով ուղարկվելու է Եվրոպա։

Եվ եթե երկրորդ գործոնը վաղուց գաղտնիք չէր որեւէ մեկի, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի համար, ապա կարելի է ասել, որ Թուրքիայի կողմից 2019 թ. սկսված եւ 2020 թ. շարունակված ռուսական գազից հսկա տեմպերով հրաժարվելն ու Ռուսաստանին այդպիսով գազային լծակից զրկելը որոշակի անակնկալ է եղել ռուսական կողմի համար։

Լուսանկարը՝ Հայկ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter