HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նախնական հաշվարկով 50 շենք-շինություն վնասվել է. երկուսի փոխարեն կկառուցվի նորը

«Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը, ամբողջ օրվա ընթացքում որեւէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին»,- այս մասին Իջևանում հրավիրված ասուլիսին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Վերջինիս խոսքով՝ երեկ որոշակի ռիսկային իրավիճակում վերակառուցման աշխատանքներ են տարվել, ավարտվել է ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքները, այդ թվում՝ ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները։ Այսօր բնակիչները վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքներին։

Իրականացվել են հրետակոծության հետեւանքների գույքագրման աշխատանքներ, ըստ Չոբանյանի՝ ավարտվել են ցանկերը, սակայն վերջնական գնահատումներ կունենան մեկ շաբաթվա ընթացքում. «Նախնական տվյալներով առնվազն երկու շենք վերականգնման ենթական չէ, դրանց փոխարեն պետք է կառուցվի նորը, շուրջ 50 շենք-շինություն հաշվառվել է»։ Ըստ մարզպետի՝  եկող շաբաթվա մեջ պատրաստ կլինեն առաջին վերականգնված տները։

Մարզպետի խոսքով՝ հայնաբերվել է մի շարք ավերածություններ, որոնք չեն եղել վերջին օրերի հրետակոծության արդյունքում, այլ նախկինում արվածի հետեւանք են, սակայն դրանք եւս գույքագրվել են եւ այդ դեպքերը եւս կվերացվեն շինարարական աշխատանքների ընթացքում։

Ըստ մարզպետի՝ աշխատանքներն իրականացնում են տեղի շինարարական ընկերություններն ու նրանց աշխատակիցները։

«Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաեւ քաղպաշտպանական համակարգերում, այդ թվում համալրումներ են եղել ապաստարաններում, պատսպարաններում, իրականացվել է տրանսպորտային զննում, լրացուցիչ սարքավորումներ են տրվել ամբուլատորիաներին, տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ», - իր խոսքում նշեց Չոբանյանը։

Բերդ տանող ճանապարհներին դեռեւս շարունակվում է անցակետային հսկողությունը։ Չոբանյանը կոչ արեց դեպի Բերդ գնալիս օգտագործել Իջեւան-Իծաքար-Գանձաքար-Բերդ ճանապարհը, որն ամենաանվտանգն է։

Մարզպետի տեղեկացմամբ՝ հայտարարվել է մրցույթ՝ լապտերների, ջրի տարաների, նստարանների, ծածկոցների համար, որոնք կօգտագործվեն ապաստարաններում եւ նկուղային տարածքներում, որոնք ժողովուրդը  օգտագործում է որպես ապաստարան։ Ինչպես նաեւ պետք է օգտագործել տարբեր լուծումներ ապաստարաններն ավելի պաշտպանիչ դարձնելու համար։

Ինչ վերաբերում է բնակիչների տարհանմանը, մարզպետը նշեց, որ պաշտոնական տարհանում չեն իրականացրել եւ երեխաների տարհանման, հյուրընկալման կարիք չկա, Կառավարության հետ քննարկվում են ճամբարային ձեւաչափերը , որոնք կունենան վերականգնողական, կրթական, դաստիարակչական նշանակություն, սակայն համավարակի պատճառով կա մտավախություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter