HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գայանե Գալոյանի ձեռքով պատրաստած շոկոլադները

Գայանե Գալոյանը հինգ ամիս է՝ ձեռքով շոկոլադներ է պատրաստում. այն դարձել է եւ’ սիրելի զբաղմունք, եւ’ ընտանեկան բիզնես։

Երեք անչափահաս երեխաների մայրը շոկոլադ սկսել է պատրաստել ընտանիքի անդամներին, հարազատներին գոհացնելու համար: Հետո որոշեց շոկոլադները հանել վաճառքի:

«Ամեն ինչ պատրաստ էր՝ դիզայնը, տուփերը, տարբերանշանը՝ «Նախշ սվիթ», բայց համաճարակը սկսվեց ու շոկոլադի իմ պլանները մի փոքր խառնեց»,- պատմում է Գայանե Գալոյանը։

Նա որոշել էր երեխաների համար շոկոլադների պատրաստման ցուցադրումներ կազմակերպել, իսկ հանդիպումների ընթացքում պատասխանել գնորդին հետաքրքրող հարցերին։

Գայանեն մասնագիտությամբ հաշվապահ-տնտեսագետ է, բայց երբեք չի աշխատել։ Բիզնեսը սկսելու համար մեծ ներդրումներ չեն պահանջվել. ձեռք է բերել շոկոլադի պատրաստման երեք կաղապար։ Սկզբում դժվար էր: 

«Նույն բանը մի քանի անգամ պիտի փորձեի, որովհետեւ չէր ստացվում, ամբողջ գիշեր արթուն էի, փորձարկումներ էի անում, մինչեւ շոկոլադի իմ ուզած համն ու տեսքն էի ստանում», - ասում է շոկոլադագործը։

Ըստ Գայանեի՝ ձեռագործ շոկոլադը պատրաստելու համար կարևոր է ճիշտ ֆորմաների ընտրությունը, օգտագործման համար կաղապարները հաճախ ձեռք է բերում արտերկրից. Հայաստանում տեսականին քիչ է, որակապես էլ զիջում է։

Գայանեն վստահեցնում է՝ որակյալ կաղապարից է կախված շոկոլադի փայլը, ինչպես նաեւ ճիշտ ջերմաստիճան ապահովելուց, իսկ այս հարցում իրեն օգնության է հասնում վարսահարդարիչը, որով տաքացնում է կաղապարների մակերեսները, այնուհետեւ հալեցված շոկոլադը լցնում տարաների մեջ։

«Սա ինձ համար կարեւոր փորձություն է, որովհետեւ ուսումս ավարտելուց հետո ամուսնացել եմ, հետո երեխաներ, տան գործ, իսկ էսպես կարողանում եմ ինքնադրսեւորվել»,- ասում է նա։

Գայանեն կարեւորում է, որ բիզնեսը սկսել է Հայաստանում. նրա ընտանիքը 15 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է վերադարձել: 

«Թեեւ Եվրոպայում ես տեսել եմ ավելի հասարակ շոկոլադներ, բայց ինձ փայլերով գաղափարներն ավելի են դուր գալիս, սրանք կարծես փոքր մոլորակներ լինեն»,- իր պատրաստած շոկոլադների մասին ասում է Գայանեն։

Շոկոլադի հիմքը բելգիական մանրացված շոկոլադն է՝ դառը, կաթնային, սպիտակ, սրանով պատրաստում է շոկոլադի կորպուսը, որի համար կարեւոր է շերտի բարակությունը, այն պետք է լինի մի քանի միլիմետր։ Շոկոլադի միջուկների համար օգտագործում է նուշ, կարամել, դարչին, ընկույզ, շոկոլադե գանաշ (Ganache)…. Միջուկ պատրաստելու տեխնիկան Գայանեն համացանցից է սովորել, բայց նպատակադրվել է մեկնել Մոսկվա՝ մասնագիտական կրթություն ստանալու:

«Ես ուզում եմ ուրիշ աստիճանի աճ ունենամ, որ օրինակ՝ կարողանամ երեք-չորս շերտ ունեցող միջուկներով շոկոլադներ պատրաստել», - ասում է Գայանեն։ 

20-30 շոկոլադ պատրաստելու համար երեքից չորս ժամ ժամանակ է օգտագործում՝ ուշադրության կենտրոնում պահելով ջերմաստիճանը, խոնավությունը։ «Խիստ հագեցած օրվանից հետո (երեխաների դաս, մանկապարտեզ, տնային գործեր) սա կարծես ինձ համար հանգստի մի յուրահատուկ տարբերակ լինի։ Լինում են օրեր, երբ գիշերվա մինչեւ 4-5-ը ստեղծագործում եմ, երեխա եմ դառնում, սա ուրիշ աշխարհ է։ Երբ շոկոլադ ես ուտում, ուրախանում ես, բայց պատրաստելիս մի ուրիշ զգացողություն ես ապրում»,- ասում է Գայանե Գալոյանը:

Գայանեն շոկոլադները վաճառում է Երևանում հայկական արտադրանք վաճառող խանութներից մեկում, նա նպատակ ունի հետագայում ունենալ շոկոլադի իր խանութ-թեյարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter