
Սահմանամերձ համայնքների ուսումնական հաստատություններում նոր ապաստարաններ կկառուցվեն
Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:
Այս մասին Իջևանում հրավիրված ասուլիսին ասաց Ճգնաժամային կառավարման կենտրոնի մամուլի պատասխանատու, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ասուլիսին ներկա էր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ում խոսքով` մարզպետի հետ այցելել է սահմանամերձ համայնքներ: Նախարարը հիշեցրեց, որ մարտից ուսումնական հաստատությունները անցել են հեռավար դասապրոցեսի, այժմ քննարկումներ են ընթանում սեպտեմբերին դասերը առկա մեթոդով վերսկսելու վերաբերյալ:
Հարությունյանի խոսքով` ուսումնասիրվել է ուսումնական հաստատությունների ապաստարանային ապահովվածությունը: Նախարարը հայտնեց, որ շրջել են Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներով և ուսումնասիրել ապաստարանները: Այս առնչությամբ մի շարք հանձնարականներ են տրվել, որպեսզի մինչ սեպտեմբերի մեկը անվտանգության տեսակետից համապատասխան պատրաստվածություն լինի դպրոցներում: Ըստ Հարությունյանի` պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, և եթե սեպտեմբերին կրկին բնակավայրերը հրետակոծության ենթարկվեն, երեխաները պետք է պատշաճ ապաստարաններ տեղափոխվեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրետակոծության էր ենթարկել Այգեպար համայնքի մանկապարտեզը:
Հարությունյանը նաև հայտնեց, որ ուսումնական հաստատությունների հրետակոծությունների վերաբերյալ տեղեկացրել է միջազգային գործընկերներին, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնեց, որ նախատեսվում է նոր ապաստարանային տարածքների ստեղծում թե դպրոցներում, թե դպրոցներից դուրս:
Մարզպետը նաև հայտնեց, որ այսօր սահմանամերձ համայնքներում նկատել է կյանքի լիարժեք վերադարձ, բնակիչներն անգամ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվել, իսկ Մովսես համայնքի եկեղեցում պսակադրություն է եղել:
Մեկնաբանել