HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տավուշի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական վնասները գույքագրող հանձնաժողով է ստեղծվել

Երեկ գիշեր Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում համեմատար հանգիստ է եղել, հնչել են շուրջ 137 անկանոն կրակոցներ: Այս պահին ևս սահմանային իրավիճակը հանգիստ է:

Այս մասին Իջևանի Ճգնաժամային կառավարման կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց կենտրոնի մամուլի պատասխանատու, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կրակոցները եղել են սահմանագոտու տարբեր հատվածներում` Տավուշի մարզի տարբեր մարտական դիրքերի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամաբարակ համայնքի սահմանում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը մեծամասամբ չեն պատասխանել անկանոն կրակոցներին:

Մինչ այս պահը արձանագրված շուրջ քսան վիրավոր զինծառայողների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնեց, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր մարզի սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվություն է տիրում, շարունակվում է առօրյա կյանքը: Մարզպետի խոսքով` շարունակվում են նաև Ադրբեջանի հրետակոծությունների պատճառով վնասված տների վերականգնողական աշխատանքները:

Այս պահի դրությամբ մարզպետը դժվարացավ պատասխանել ընդհանուր վնասի չափի մասին հարցին` ասելով, որ հաշվարկները դեռ վերջնական չեն, սակայն ասաց, որ մոտ 50 այս կամ այն չափով վնասված շինություն կա, որոնցից 12-ում արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքներ:

Տավուշի մարզպետարանը ստեղծել է նաև գյուղատնտեսական վնասները գույքագրող հանձնաժողով, որի հաշվարկները ևս մի քանի օր անց կներկայացվեն: Մարզպետարանը ստեղծել է սոցիալ-հոգեբանական հանձնաժողով, որը համագործակցում է մի շարք կառույցների հետ` ուսումնասիրելու մարզի բնակչության սոցիալ-հոգեբանական իրավիճակը:

Ինչ վերաբերում է մարզի խնդիրների համար իրականացված դրամահավաքներին, Չոբանյանը հայտնեց, որ այդ գումարներն ուղղվելու են տուժած համայնքների արտահերթ խնդիրների լուծմանը: Սեպտեմբերին էլ մարզում սպասվում է առցանց ներդրումային համաժողով, որտեղ քննարկվելու են մարզի առաջնահերթ համարվող խնդիրներն ու ռազմավարական ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter