
ՄԻԺԻ-ի բացասական պատասխանը ոստիկանության հրավերին
Ի պատասխան ՀՀ ոստիկանության ՄԻԺԻ-ին ուղղված հրավերի
Սույն թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաև մեր կազմակերպությանը՝ ՄԻԺԻ-ին, հրավիրել է մասնակցելու կլոր սեղան-քննարկման:
Մենք միշտ ողջունել ենք որևէ տեսակի համագործակցություն որևէ անհատի, կառույցի կամ ինստիտուտի հետ, եթե այդ համագործակցության ու երկխոսության հիմքում են դրվում և հարգվում են ՀՀ Սահմանադրությունը, Մարդու հիմնարար ազատությունները, ազգերի ինքնորոշման իրավունքը: Մեր 13 տարվա ինքնիշխան և ինքնուրույն քաղաքացիական և իրավական գործունեության ընթացքում մենք բացառապես առաջնորդվել ենք այդ սկզբունքներով և նույն կերպ էլ շարունակելու ենք:
Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ի ժամը 21.30-ի ծրագրված և կազմակերպված կերպով իրականացրած իր գործողությամբ խախտել է ինքնորոշված քաղաքացիական ակտիվիստների սահմանադրական իրավունքները, որի համար պատասխանատուները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Մենք հրապարակավ պահանաջել ենք ՀՀ պաշտոնական պատկան մարմիններից պատասխանատվության ենթարկել բռնարարքի հրաման տվողներին: Մինչև նրանք չենթարկվեն պատասխանատվության և ՀՀ ոստիկանությունը չփաստի, որ ինքն առաջնորդվում է բացառապես ՀՀ Սահմանադրությունը և քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու սկզբունքով, այլ ոչ թե բռնի ուժ գործադրելու և կամայականության սկզբունքով, ՄԻԺԻ-ն չի կարող մասնակցել նմանօրինակ քննարկումների:
ՀՀ ոստիկանության մարտի 14-ի բռնարարքի հրաման տվողներին, կազմակերպիչներին և իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելն ու պատժելը միայն կարող է մեզ համոզել ու վստահություն ներշնչել, որ ոստիկանությունն իրապես կամք է դրսևորում, քայլեր է ձեռնարկում և պատրաստ է մեզ հետ միասին վերականգնել մեր քաղաքացիական և իրավական պետականությունը` հիմնված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա:
Մենք վճռական ենք` կերտելու մեր քաղաքացիական և իրավական պետականությունը` հիմնված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա:
«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ /ՄԻԺԻ» ոչ կառավարական կազմակերպություն
Երևան, 17 մարտի 2012 թ.
Մեկնաբանել