HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի որոշմամբ դատապարտյալը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի. նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունը նախատեսում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար:

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Oրենսդրական բացով պայմանավորված՝ ներկայումս խնդրահարույց է հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով դատապարտյալների վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացություն ստանալու հարցը այն դեպքերում, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը»,-հայտնել է Արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարարությունը իրավական նորմերի ուսումնասիրությունից եզրահանգել է, որ ազատությունից զրկված անձանց շրջանում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներ առաջանալու դեպքում վերջիններիս խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու հարցերը քննվում են առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի՝ դատահոգեբուժական փորձաքննությամբ:

Ըստ նախարարության՝ խնդիրն առավել ցայտուն է դրսեւորվում այն պարագայում, երբ այդ հանձնաժողովը իրավասու չի լինում իրականացնել անհրաժեշտ դատահոգեբուժական փորձաքննությունը՝ քրեակատարողական հիմնարկի կամ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմումի (որոշման) հիման վրա, քանի որ կառավարության 2010 թվականի որոշմամբ՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է բացառապես իրավապահ մարմինների որոշման հիման վրա:

Այդ պարագայում, հանձնաժողովի եզրակացության բացակայության պայմաններում, այն դատապարտյալները, որոնց մոտ առաջացել է հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որը կարող է պատժի հետագա կրումից ազատ արձակելու հիմք հանդիսանալ, չեն կարողանում օգտվել դատական պաշտպանության (պատժի հետագա կրումից ազատվելու նպատակով) իրենց հնարավորությունից, ինչն անընդունելի է և պահանջում է հրատապ լուծում։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու կամ խափանման միջոցը փոխելու հարցերը ենթակա են ուսումնասիրության հանձնաժողովի կողմից, իսկ վերջինս դատահոգեբուժական փորձաքննություններն իրականացնում է բացառապես դատարանի կամ քննիչի հատուկ որոշմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակում ներդնել համապատասխան կառուցակարգեր՝ հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներ ուենցող անձանց իրավունքների իրացման նպատակով»,-նախագծում ընդգծել է արդարարադատության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter