HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Հատուկ» վերաբերմունք հատուկ դպրոցին

Հաջորդ ուսումնական տարվանից Հայաստանում այլեւս չեն գործի հատուկ տիպի դպրոցներ: Դրանք մինչեւ 2007 թվականի վերջը կվերակազմակերպվեն ու, փոխելով գործունեության ոլորտը, կվերածվեն հանրակրթական դպրոցների: Այս մասին ՀՀ Կառավարության 2005թ.-ի որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել ու խուճապի մատնել թե՛ այդ կարգավիճակում գտնվող դպրոցների աշխատողներին, թե՛ աշակերտներին ու նրանց ծնողներին:

«Նախագծի շուրջ թեպետ պարբերաբար լայն քննարկումներ լինում են, եւ անժամանակյա որոշման մասին կարծիքների պակաս չի զգացվում, բայց չեմ կարծում, թե դա էապես կազդի որոշման վրա: Նախագծում չնչին փոփոխությունները չեն բացառվում, բայց որ այն կյանքի կկոչվի կառավարության նշած ժամկետում, չեմ կասկածում»,- ասում է Էջմիածնի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Սահակ Զաքարյանը, ում հոգսը, ի տարբերություն հանրապետության հատուկ տիպի այլ դպրոցների տնօրենների, կրկնակի Է: Դպրոցի աշակերտների գերակշռող մասը որբ ու ծնողական խնամքից զրկված կամ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներից են: Գալիս են հիմնականում գյուղական համայնքներից ու Էջմիածնի ծայրամասային թաղամասերից:

«Պարզ չէ՞, թե ինչու իրենց գյուղի կամ թաղի դպրոցը թողած' այստեղ են գալիս, որովհետեւ օրը երեք անգամ անվճար կերակրում ենք, անվճար դասագրքեր տալիս: Բացի այդ, դասերն էլ սովորեցնում ենք, հետո միայն տուն ուղարկում: Իսկ դպրոցի կարգավիճակը փոխելուց հետո նրանք այդ ճանապարհը կկտրե՞ն այստեղ հասնելու համար: Իհարկե' ոչ: Կգնան իրենց մոտի դպրոցները: Կգնա մոտավորապես 90 տոկոսը: Եվ, պատկերացնու՞մ եք ինչ տեղի կունենա: Պարզապես հաջորդ ուստարում, երբ հատուկ դպրոցն այլեւս հանրակրթականի վերածված կլինի, կունենանք աշակերտների ընդամենը 10 տոկոս հաճախելիություն: Իսկ նման դեպքերում ի՞նչ է արվում»,- բազմանշանակ հարցնում է դպրոցի տնօրենը:

Այս պահին Էջմիածնի թիվ 1 հատուկ դպրոցը հիմնանորոգվում է: Դրա համար կառավարությունը 70 մլն դրամ է հատկացրել:

«Նորոգում են, որ թանկ վաճառեն կամ պարզապես գեղեցիկ փաթեթավորմամբ նվիրեն եկեղեցուն»,- ասաց ծնողներից մեկը, որը չցանկացավ հայտնել իր անունը: Իսկ թե ինչո՞ւ հատկապես եկեղեցուն, դա էլ բացատրություն ունի: Բանն այն է, որ դպրոցն իր շրջակայքով' նախկին սինոդի (հիմա դպրոցի պահեստային մասն է), մանկավարժական նախկին ուսումնարանի (ներկայիս կռվախնձոր ճաշարանը) եւ «Էջմիածին» հեռուստաընկերության նախկին շենքերով կառավարության որոշմամբ արդեն Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկշռում են: Այս խմբից դուրս է մնացել միայն դպրոցի շենքը: Ի՞նչ տրամաբանությամբ վանքապատկան այդ տարածքից դպրոցն անջատվեց, եթե այն գտնվում է նշված շենքերի ուղղակի կենտրոնում:

«Քանի դեռ ես մարզպետ եմ, ոչ մի դպրոց չի վաճառվի: Անգամ եթե 100 աշակերտի հաճախելիություն էլ ունենա, աշխատելու է»,- ասաց Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը:

Իսկ թե որքանո՞վ արդարացված կլինի քաղաքի դպրոցաշատ այդ տարածքում եւս մեկ հանրակրթական դպրոց ունենալը, առայժմ դժվար է ասել: Բայց մարզպետը լավատես է. «Տարեցտարի երեխաների թիվն աճում է: Այնպես որ, այդ դպրոցը աշակերտների պակաս չի զգա »,- ասում է նա: Բայց որ մանկավարժների ու մանկավարժ-դաստիարակների «ավելցուկ» կունենա, դա հաստատ է: Մասնավորապես դաստիարակները, որոնք 35-ն են թիվ 1 հատուկ դպրոցում, միանշանակ կազատվեն աշխատանքից շատ պարզ պատճառաբանությամբ' հանրակրթական դպրոցում նրանց կարիքն ուղղակի չի լինի:

Մանկավարժական ուսումնարանն ավարտած մանկավարժ-դաստիարակ Լուսինե Փանոսյանի մտահոգությունը լրիվ հասկանալի է. «Յոթ տարի է այստեղ եմ աշխատում: Դպրոցի կարգավիճակի փոփոխությունից հետո, հաստատ գիտեմ, որ դուրս եմ մնալու: Թե ինչպես եմ պահելու երեք երեխաներիս, արդեն վախենում եմ մտածել»:

Դպրոցի կարգավիճակի մասին կառավարության որոշումը մի կողմից, եկեղեցու դիրքորոշումն էլ մյուս կողմից պրկել են ուսուցիչների ու տնօրենի նյարդերը: Եկեղեցու եւ դպրոցի լուռ պայքարը տարիների վաղեմություն ունի: Շարժառիթը արդեն նշված ճաշարանի եւ պահեստի շենքերն են: Հատկապես ճաշարանինը, որտեղ օրական երեք անգամ ու երեք հերթով մինչեւ 500 երեխա է սնվում:

Դեռեւս 2001 թվականին Սբ. Էջմիածինը դպրոցի ղեկավարությունից պահանջել էր ազատել ճաշարանի շենքը: Դրա կատարումը ստանձնել էր Արմավիրի մարզպետարանը: Վերջինս անգամ ժամկետ էր տվել, բայց, հանդիպելով ուսուցիչների ու աշակերտների համառ դիմադրությանը, ժամակավորապես հետաձգել էր հարցի լուծումը: Հենց այդ ժամանակ էլ հարմար պահն օգտագործվեց կառավարության ուշադրությունը խնդրո առարկայի վրա հրավիրելու: Ճաշարանի տարածքը' որպես վանքապատկան, նախկին տիրոջը, այսինքն' Եկեղեցուն վերադարձնելու որոշումը չէր ուշացել:

Դպրոցի կոլեկտիվը կառավարության այդ որոշման դեմ թեպետ չէր ընդվզել, բայց շենքից էլ դուրս չէր եկել: Ավելին, շարունակել էր շահագործել ճաշարանը' այդտեղ կազմակերպելով երեխաների ամենօրյա սնունդը: Եկեղեցին էլ, գլուխ չդնելով մանկավարժների հետ, դիմել էր Տնտեսական դատարան: Դատարանի 2005թ. վճռով, Եկեղեցու եւ Արմավիրի մարզպետարանի փոխադարձ համաձայնությամբ, ճաշարանի շենքը եւս մեկ տարով տրամադրվել էր դպրոցին: Իսկ 2006-ի հունիսի 1-ին, մեկ տարին լրանալուն պես, այլեւս չտանելով ուսուցիչների ու նրանց սաների «քմահաճությունները», հարկադիր կատարողները Եկեղեցու պահանջով «սանձեցին» մանկավարժների համառությունը. ճաշարանից դուրս «հրավիրեցին» աշխատողներին, փողոց նետեցին ողջ գույքն ու կողպեքով փակեցին ճաշարանի դուռը:

«Մեր ուզածն ի՞նչ է' ընդամենը Եկեղեցու թույլտվությունը, որ շարունակենք օգտագործել ճաշարանը մինչեւ 2007-ի մայիսը, որից հետո դրա անհրաժեշտությունը չի լինի, որովհետեւ չի լինի նաեւ հատուկ դպրոցը»,- ասում են ուսուցիչները, որոնց համար այլեւս անտանելի են դարձել դասասենյակներից փչող պանրի ու երշիկի հոտերը:

«Ստիպված' դասարաններում ենք երեխաներին կերակրում: Ուրիշ տարբերակ ունե՞նք»,- բողոքում են ուսուցիչները: Իսկ տնօրեն Զաքարյանը, ակնկալելով Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարեգթությունը, հավատում է, որ իրենց դեռ կտրվի հնարավորություն երեխաների սնունդը ճաշարանում կազմակերպելու:

«Տաք ճաշ, թեյ, կաթ տալու փոխարեն, ինչը մեր ճաշացանկում միշտ եղել է, արդեն երեք ամիս է բավարարվում ենք բուտերբրոդներ բաժանելով: Մինչեւ երեկոյան 7-ը երեխաները դպրոցում են: Բա մի գավաթ տաք թեյ չկարողանա՞նք տալ: Աշակերտական թեք սեղանների վրա ինչպե՞ս դա կազմակերպենք: Բա որ թափվի, վառի երեխային, ո՞վ է պատասխան տալու»,- վրդովվում է տնօրենը, ով իր այս մտահոգությամբ կիսվել է նաեւ Վեհափառի հետ' նրա հետ հանդիպման ժամանակ:

«Կաթողիկոսը որպես այլընտրանք վրաններ տեղադրելու եւ դրանցում երեխաներին կերակրելու տարբերակն առաջարկեց»,- ասում է տնօրենը:

«Վեհափառն իրենց ներկայացրածի համեմատությամբ է դա ասել: Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ 20.000 դոլար էլ է առաջարկել դասարաններից մեկը ճաշարանի վերափոխելու համար: Այլ առաջարկ էլ է արել. երեխաների սնունդը կազմակերպել Գայանե եկեղեցու տարածքում գտնվող սրահներից մեկում»,- Վեհափառի առաջարկները բանավոր մեզ փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

Ուսուցչանոցը կամ դասասենյակներից մեկը ճաշարանի ձեւափոխելու տարբերակին կողմնակից է նաեւ մարզպետ Հերոյանը. «Տարածքային այդ հնարավորությունը նրանք ունեն»: «Ի՞նչ իմաստ ունի 5-6 ամսվա համար փող ծախսել, դասասենյակներ միավորել ու ձեւափոխել, ինչը նախ' տեւական աշխատանք է պահանջելու, եւ հետո' եկող տարվա դպրոցին պետք չի գալու: Իսկ ինչ վերաբերում է մի քանի հարյուր աշակերտի 1-1,5 կմ օրը երեք անգամ Գայանե եկեղեցի տանել-բերելուն, ապա դա անիմաստ եւ գործնականում անհնար ենք համարում»,-սա ոչ միայն տնօրենի, այլեւ փոխտնօրեն Մարգո Գրիգորյանի կարծիքն էր:

Եկեղեցին, ելնելով երեխաների շահերից ու նրանց անվտանգությունից (այդպես է ձեւակերպել դպրոցի տնօրենի գրավոր խնդրանքին ի պատասխան գրության մեջ) ու առաջնորդվելով հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի եւ «Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ եզրակացություններով, ըստ որոնց աննպատակահարմար է թույլատրել ճաշարանի տարածքի շահագործումը, մերժել է տնօրենի դիմումն ու հարցը համարել փակված:

Հ.Գ. Այսօր Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մասամբ բավարարել է դպրոցի տնօրինության խնդրանքը' թույլատրել է օգտագործել ճաշարանի խոհանոցային մասը միայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter