HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր Աղեկում տարեկան 1-2 երեխա է ծնվում

Արևածագ գյուղից Կարմիր Աղեկ ձգվող 4 կմ ճանապարհի աջ ու ձախ եզրերին փռված են Կարմիր Աղեկի ցորենի ոսկեգույն ու հասուն արտերը: Արտերում բերքի ծանրությունից խոնարհված էին հասկերը: Իրենց աշխատասիրությամբ հայտնի կարմիրաղեկցիները մշակում են գյուղի ամբողջ 140 հա վարելահողերը: Այս տարի նրանք 70 հա ցորեն են ցանել: Գյուղի վարչական ղեկավար Վաչագան Հովհաննիսյանը հանցանք է համարում պատերազմական վիճակում գտնվող երկրի թիկունքում անմշակ անգամ մեկ թիզ հող թողնելը։

«Ցորենը երբ հնձենք ու լցնենք մեր ամբարները, այն ժամանակ կասենք՝ լավ է: Հիմա դաշտերի բերքը լավ է, բայց դեռ մերը չէ, բնությունը կարող է անակնկալներ մատուցել: Դաշտի ցորենը դեռ եղի վիճակում է, դեռ չի պնդվել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Ցորենի բերքահավաքը Կարմիր Աղեկում կսկսվի 20 օր անց

Կարմիր Աղեկում նաև 20 հա կարտոֆիլ են ցանել, ավելացել են առվույտի, վարսակի ու եգիպտացորենի ցանքսերը: Կարմիր Աղեկի ֆերմերները մշակում են նաև հարևան այգեհատցիներից, արևածագցիներից ու մղարթցիներից վարձակալած 60 հա հողերը: «Վարձակալած 1 հա հողի տիրոջը 1 տոննա բնամթերք ենք տալիս: Այդ դեպքում հողատերն էլ է լավ ապրում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Վաչագան Հովհաննիսյանը 29 տարի ղեկավարել է Կարմիր Աղեկը: Համայնքների խոշորացումից հետո նշանակվել է Կարմիր Աղեկի վարչական ղեկավար: Կարմիր Աղեկն այժմ 170 բնակիչ ունի: Գյուղը 2001թ.-ին 214 բնակիչ է ունեցել: Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Կարմիր Աղեկում տարեկան 1-2 երեխա է ծնվում: Նրա հաշվարկով, եթե Կարմիր Աղեկի մինչև 40-45 տարեկան ամուսինները 2 և ավելի երեխա ունենային, գյուղի դպրոցում այսօր կսովորեր ոչ թե 18, այլ 50 աշակերտ: Կարմիր Աղեկում կան նաև 40 տարեկան չամուսնացածներ

Կարմիր Աղեկում վերջին տարիներին 2,4 հա հող տնամերձ է բաշխվել 24 գյուղացու։ «Դրանցից մեկ ընտանիք է տուն կառուցում, էս տարի 1-ին հարկը վերջացրել է»,- հայտնեց Վ. Հովհաննիսյանը: Նրա ասելով՝ Կարմեր Աղեկում բոլոր պայմանները ստեղծված են առողջ երեխաներ մեծացնելու համար. Կարմիր Աղեկում էկոլոգիապես մաքուր գյուղմթերքներ են արտադրվում: Կառուցվել է ոռոգման և խմելու ջրի ներքին ցանց: Լոռու ջրանցքը գյուղի վերևով է անցնում, այդ պատճառով էլ գյուղացիները ոռոգման ջրի պակաս երբեք չեն ունենում ու դաշտերից հարուստ բերք են ստանում:

Վարչական ղեկավարը պատմեց, որ խմելու ջուր չունենալու տարիներին Կարմիր Աղեկի գյուղացիները շատ են չարչարվել, բայց 2009թ.-ին լուծվել է նաև խմելու ջրի հարցը: «Եթե մի երկու տարի առաջ 5-6 ժամ էինք ջուր ունենում, էսօր մեր գյուղը շուրջօրյա ջուր ունի»,- ասաց ՎՀովհաննիսյանը:

Կարմիր Աղեկը գազիֆիկացված է 1997թ.-ից: Դպրոցը ձմռանը ջեռուցվում է գազի կաթսայով:

Գյուղը 450 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 1500 հավով թռչնաբուծական ֆերմա ունի: «Սա նշանակում է, որ Կարմիր Աղեկում ծնվող երեխան սննդի պակաս չի ունենա և առողջ կմեծանա»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Գյուղամիջի ավտոկանգառում իրենց թոռների հետ նստած էին Սեդա Ալեքսանյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը: Զրույցի ընթացքում նրանք էլ ասացին, որ գյուղի բազմաթիվ տղաներ 40 տարեկանում են ամուսնանում, ասացին՝ մի քանի 40 տարեկաններ էլ դեռ չեն ամուսնացրել: «Իմ երկու տղաները նույնպես 40 տարեկանում են ամուսնացել: Նրանցից մի տղաս երկու երեխա ունի, մյուս տղաս մեկն ունի, մեկն էլ կունենա էլի»,- ասաց Սեդա Ալեքսանյանը: Սեդայի տղաները գյուղում չեն ապրում

«Հա, մեր գյուղում հողը մշակում ենք, ոռոգման և խմելու ջուրը, գազն ունենք: Գյուղի փողոցները լուսավորված են: Դժգոհ չենք մեր գյուղից, ամեն ինչով ապահով ենք: Մնում է հարսները շփշփալով էրեխեք բերեն, բայց բերում չեն: Հարսներն էլ չեն մեղավոր: Քաղքումն էլ, գյուղումն էլ դժվար է երեխաներ մեծացնելը»,- ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:

«Վարչական ղեկավարը վատ բան չի ասում, բայց դե ամենքը իրենց գործը գիտեն»,- ասաց Սեդա Ալեքսանյանը: «Իմ մայրը՝ Սիրանույշ Մուրադյանը, 13 երեխա է ունեցելԲազմազավակ մայրս Բրեժնևից ոսկե մեդալ է ստացել, բայց նրա 13 երեխաների մեծ մասը 2 երեխայից ավելի չունեցան»,- պատմեց Նվարդ Մուրադյանը:

Վաչագան Հովհաննիսյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամի պայմաններում համագյուղացիները սննդի դժվարություններ չեն ունենա: «Եթե գյուղացին հնարավորություն ունի հող մշակելու միջոցով իր ընտանիքը կերակրելու ու հողը չի մշակում, ուրեմն նա ծույլ մարդ է: Կարմիր Աղեկում ծույլ գյուղացի չկա: Տարերային աղետը, քամին, կարկուտը մեր բերքահավաքին չխանգարելու դեպքում դեռ շուկա հանելու գյուղմթերքներ կունենանք »,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Կարմիր Աղեկում աշխատասիրությամբ հայտնի է Վասիլ Դավթյանի ընտանիքը: Նրա որդուն՝ Ռոմիկ Դավթյանին, հանդիպեցինք իր գյուղամերձ խոտհարքում: Ռոմիկը խոտ էր հնձում: Ասաց՝ 10 հա հող է մշակում, սեփական հողեր ունի նաև Օձուն և Այգեհատ գյուղերում: Վարձակալությամբ 3 հա հող է մշակում Օձունի, Ծաթերի և Այգեհատի վարչական տարածքներում: Ռոմիկը 20 խոշոր եղջերավոր անասուն, 18 ոչխար ունի:

Գագիկ Հովհաննիսյանին հանդիպեցինք իր դաշտում: Նա էլ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, դրա համար իր վարելահողերում մեծ մասամբ անասնակեր է ցանում:

Արման Մելիքսեթյանի ցորենի 8000 քմ դաշտն այս տարի չի ծլելԱրմանը այդտեղ անասնակեր, եգիպտացորեն և կարտոֆիլ է ցանել: «Այն, որ չեմ կարողացել գնալ արտագնա աշխատանքի, դա նույնպես վնասել է իմ տնտեսությանը»,- ասաց նա: Արման Մելիքսեթյանը վարկային պարտք ունի: Անցած տարիցլիկ է վաճառել և 3 մլն դրամ վարկի 970 հազար դրամը փակել: Ասում է՝ այս տարի դեռ չգիտի, թե ինչ է անելու: Չորս կթան կով և մեկ երինջ ունի: Նա ասում է, որ այս տարի չի կարողանալու 1 մլն դրամ վարկ փակել:

Խոտհունձը Կարմիր Աղեկում նոր է սկսվել: Այս տարի գյուղում խոտի քանակը պակաս է։ «Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսը հազիվ ապահովենք»,- ասաց վարչական ղեկավարը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter