HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծարգո Սերժ Ազատիչ

Այս նամակը դժվար թե գրեի, եթե չկարդայի լրագրողներին (կամ գուցե ամբողջ հայ հասարակությանը) ուղղված Ձեր պայմանական հորդորը. «Եթե օգնեք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեն լավ, թափանցիկ, ազատ, արդար, այն ժամանակ որոշում կկայացնեմ»: Եթե ճիշտ եմ հասկացել, 2006 թվականի հոկտեմբերի 25-ին արտասանելով կարեւոր այս նախադասությունը' ՙորոշում կկայացնեմ՚, նկատի եք ունեցել 2008-ին Ձեր թեկնածության առաջադրումը (կամ չառաջադրումը) Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում:

Ինձ խորապես հուզել է քաղաքացիական Ձեր կեցվածքը: Իհարկե, ի՞նչ իմաստ ունի նախագահ ընտրվել մի երկրում, որտեղ ընդամենը մեկ տարի առաջ եղել են վատ, անթափանց, բռնի, անարդար խորհրդարանական ընտրություններ: Թող այդպիսի երկրում նախագահ աշխատեն Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ, վերջապես, Արամ Կարապետյանը, ով, ուրանալով մեր երկրի 15-ամյա անկախությունը, օրումեջ ակնարկներ է անում, թե ինքն է Կրեմլի ամենալավ դրածոն: Թհյու® Աստված հեռու տանի, որ Դուք նման պայմաններում նախագահ դառնաք:

Կարդալով Ձեր պայմանական հորդորը' իսկույն մտածեցի, թե որքան են Ձեզ զզվեցրել վերջին տարիների ընտրությունները, թե ինչպես կցանկանայիք կախարդական մի ռետինով ջնջել այն ընտրակեղծիքները, այն լցոնումներն ու կարուսելները, որոնք տեսնելու դժբախտությունն եք ունեցել: Բայց ռետինն ինչքան էլ կախարդական լինի, միեւնույն է' ժամանակը չի ջնջում: Ես հասկանում եմ, որ Ձեզ համար հիմա կարեւոր է ոչ այնքան անցյալը ջնջելը, որքան ապագայի էջերում սխալներ չգտնելը, եւ ես' որպես լրագրող ու որպես Հայաստանի շարքային քաղաքացի, անկեղծորեն ցանկանալով, որ Դուք նախագահ դառնաք, առաջարկում եմ իմ ծառայությունները:

Բայց մինչ այդ մի խորհուրդ տամ: Ընտրությունները «լավ, թափանցիկ, ազատ, արդար» անցկացնելու համար վերաբացեք «Ա1+» հեռուստաընկերությունը, որը փակվել է 2003-ի նախագահական ընտրություններից առաջ: Դուք ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարն եք եւ, կարծում եմ, բավականաչափ հեղինակություն ունեք այդ հարցը բարձրացնելու համար:

Ինչո՞ւ եմ առաջինը սրա մասին խոսում, որովհետեւ միակարծության պայմաններում հնարավոր չէ անցկացնել լավ ընտրություններ: Կարծում եմ կհամաձայնեք, որ ընտրարշավի ընթացքում մրցակիցներին տրված ժամանակը բավարար չէ քաղաքացիական կողմնորոշիչներ ձեւավորելու համար: Եթե (ինչ-ինչ «սկզբունքային» պատճառներով) անհնար է վերաբացել «Ա1+»-ը, ապա նախագահական ապարատի լծից ազատագրեք գոյություն ունեցող հեռուստաընկերություններից գոնե մեկը: Դուք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հրամանատարն եք, եւ այս փոքրիկ գործը ձեզ համար դժվարություն չի ներկայացնի: Ես ուզում եմ, որ ձեր կուսակցությունը համոզիչ հաղթանակ տանի, որ հետո պարտված ընդդիմությունը, խառնակիչ լրագրողներն ու ջուր պղտորող դիտորդները չասեն, թե կողմերից մեկը զրկված է եղել իր տեսակետներն արտահայտելու հնարավորությունից:

Ի դեպ, քանի որ խոսք գնաց դիտորդների մասին, ուզում եմ խնդրել, որ անպայման հրավիրեք նրանց: Թող գան, տեսնեն, որ վերջապես մենք էլ կարող ենք մարդավարի ընտրություններ կազմակերպել, եւ թող այդուհետեւ մնան այլեւս միայն դիտորդի կարգավիճակում' քթները չխոթելով մեր ժողովրդավարական երկրի գործերի մեջ: Մենք, անկեղծ ասած, հոգնել ենք եվրոպացի տարատեսակ բյուրոկրատների մռթմռթոցից:

Վերադառնալով հավասար պայմաններին' ասեմ, որ մեզ պատիվ չի բերում նաեւ

կուսակցությունների ու միավորումների առջեւ դահլիճներ ու սրահներ փակելը: Մի՞թե վախենում ենք նրանցից' վերջին հնգամյակում անգաղափար գոյություն քարշ տվող այդ ընդդիմադիրներից: Թո°ղ հավաքվեն, խոսե'ն, քննադատե'ն ինչքան ուզում են: Նրանց խոսքը կարելի է լսել եւ անհրաժեշտ հետեւություններ անել նախընտրական մարտավարությունը մշակելիս:

Հաջորդ քայլը, որ ցանկանում եմ հուշել Ձեզ, վերաբերում է ընտրական ցուցակներին: Եկեք ընտրացուցակները հրապարակենք թերթերում, տեղադրենք ինտերնետում: Դրա համար, կարծում եմ, բավական ժամանակ կա դեռ: Թող մարդիկ կարդան, գտնեն իրենց անունները, ընտանիքի բացակա անդամների մասին լուր տան համապատասխան ատյաններին, ահազանգեն, որ նույն անունը ներկա է մի քանի ցուցակներում եւ վերջապես առիթ ունենան մեկ անգամ եւս դառնալու ու ողորմի տալու իրենց հանգուցյալ ծնողներին, ազգականներին, հարեւաններին ու ծանոթներին: Եւ թող կարոտով հիշեն իրենց ընտանիքների բացակա անդամներին, որպեսզի տարիների ընթացքում արտագաղթած մարդիկ միաժամանակ քվե չտան Չարբախում ու Լոս Անջելեսում, Սարի Թաղում ու Կրասնոդարում: Հնարավոր է, չէ՞ այս կերպ մաքրել ընտրացուցակները եւ ճշգրտելուց հետո կրկին հրապարակել:

Իմիջիայլոց, սա հիանալի առիթ է հասարակության մեջ վերականգնելու հույսը, որ իսպառ վերացել է վերջին ընտրությունների ընթացքում: Կարծում եմ' «լավ, թափանցիկ, ազատ, արդար» ընտրություններ ասելով' Դուք նկատի ունեք ոչ թե կաշառված ու ավտոբուսներով բռնաքշված ընտրողների քվեները, այլ' երկրի ապագայի նկատմամբ հույսով ու հավատով լեցուն մարդկանց քաղաքացիական կեցվածքի արտահայտությունը:

Հետո կմնա միայն հորդորել ընտրական հանձնաժողովների անդամներին' աչալուրջ ու զգոն լինել: Ինչպես կարգուկանոնով մեր բանակի մարտունակությունն եք պահում, այդպես կարող եք կարգուկանոն սահմանել ընտրությունների համար: Դա ամենեւին դժվար չէ եւ վեր չէ մի մարդու ուժերից, ում կենսագրությունը սերտորեն կապված է պատերազմի ու մանավանդ հաղթանակի հետ: Մի՞թե դժվար է բացատրել այդ հանձնաժողովականներին ընտրությունների խնդրի պայմաններն ու ասել, որ հազար ընտրող ունեցող տեղամասում չի կարող լինել հազար հինգ հարյուր քվեաթերթիկ, կամ հիշեցնել, որ քվեների հաշվարկը կատարվում է հանրակրթական դպրոցի 3-4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքերի պարզագույն կանոններով: Այսինքն' որ մասնակից կուսակցություններին տրված ձայների գումարը հավասար պետք է լինի ընտրությանը մասնակցած մարդկանց քանակին, կամ' որ չմասնակցողների քանակը ընտրացուցակում առկա մարդկանց ու քվեարկած քաղաքացիների թվերի տարբերությունն է:

Գիտեմ, որ, այսուհանդերձ, կգտնվեն սրիկաներ, ովքեր կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա, բայց ես իմ եւ գործընկերներիս անունից խոստանում եմ ամեն ինչ անել կեղծիքն ու ստորությունը բացահայտելու համար: Չէ՞ որ մենք ուզում ենք ոչ միայն «լավ, թափանցիկ, ազատ, արդար» ընտրություն տեսնել, այլ երազում ենք, որ Դուք վերջապես որոշում կայացնեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter