HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կրթության փորձագետ․ «Կռիվ ենք տալիս իրավաբան ու միջազգայնագետ դառնալու համար, իսկ կրթությունը մնում է առանց ուսուցիչների»

Գնահատման ու թեստավորման կենտրոնի (ԳԹԿ), ապա խորհրդարանի դիմաց այսօր հավաքվել էին պետական բուհերի ընդունելության քննություններում դրական միավորը հաղթահարած, սակայն բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները: Ուշագրավ է, որ բուհ չընդունված դիմորդների շրջանում կան այնպիսիք, որոնք ոչ միայն դրական շեմն են հաղթահարել, այլև ստացել են 18 միավոր և ավելի:

Այս տարի համավարակի պատճառով ընդունելության քննություններում մեկ պարտադիր մասնագիտական առարկա էր ներառված, փոխվել էր նաև ընդունելության կարգը: Այս տարվա առանցքային փոփոխություններից էր այն, որ առաջին հայտի գերակայության սկզբունքն է ուժեղացվել: Դեռևս Կառավարության մայիսի 21-ի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ գրեթե աբողջությամբ փոխվել է ընդունելության կարգը:

«Մենք սրանով նաև հետագա տարիներին խրախուսելու ենք, որ դիմորդները մեծ կարևորություն տան մասնագիտական ընտրությանը, և առաջին հայտը լինի մրցույթի ժամանակ, և դիցուք, եթե ուսանողը առաջին հայտով դիմել է Արվեստաբանության ֆակուլտետ, ապա մյուսների համեմատությամբ ինքը ունենալու է գերակայություն»,- ասել էր նախարարը: Իսկ թե ինչպես է ընտրվել այն առարկան, որը պետք է լիներ մրցութային, նախարարը մանրամասնել էր` նախարարությունը որդեգրել է սկզբունք`ընտրել այնպիսի առարկաներ, որ դիմորդը հնարավորություն ունենա մյուս մասնագիտությունների համար մրցույթի մասնակցելու:

Ինչ են պահանջում դիմորդներն ու ծնողները, ինչ են առաջարկում իրավասու մարմինները

Բողոքի ակցիա իրականացնող դիմորդները ստացել են դրական միավոր, սակայն այդ գնահատականը չի բավարարել առաջին հայտով նշված մասնագիտության համար: Նրանց մեջ կան դիմորդներ, որոնք ընդունվել են այլ բուհեր, եթե միավորները բավարարել են այլ հայտերով նշած մասնագիտությունների համար, կան նաև այնպիսիք, որոնք ստացել են բարձր գնահատական, սակայն որևէ տեղ չեն ընդունվել: Բուհեր չընդունված դիմորդների ծնողները պահանջում են ավելացնել պահանջարկ ունեցող նախապես որոշված տեղերի քանակը:

«Եթե պետությունը գտնում է, որ այդքան տեղեր ավելացնելը պետք չէ մեր պետությանը, առաջին կիսամյակում թող կազմակերպեն խիստ քննություն, էն ուսանողները որոնք կունենան վատ առաջադիմություն, թող դուրս մնան: Եթե իմ երեխան 15,75 է ստացել, ու էդ քննության ժամանակ վատ առաջադիմություն ունենա, ես ոչ մի ձայն չեմ հանի: Բայց երբ տեսնում եմ երրորդ, չորրորդ հայտով 7,5-ով անցել են, իսկ իմ երեխան 15,75-ով չի անցել, դա արդեն ցավալի է»,-խորհրդարանի դիմաց ակցիայի ժամանակ ասում էր դիմորդների ծնողներից մեկը` խնդիրը ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին: Նա նաև հայտնեց, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղից ոսկե մեդալակիր մի աղջիկ ստացել է 18,75 միավոր, առաջին հայտով դիմել է Իրավաբանական ֆակուլտետ, սակայն չի ընդունվել որևէ տեղ:

«Թող մեր Կառավարությունը որոշում կայացնի, ընդամենը հնարավոր է Հանրապետության մասշտաբով 500 կամ, լավ, 1000 տեղ ավելացնեն, դրանից հո Կառավարությունը, պետությունը չի տուժելու»,- ասաց դիմորդի հայրը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը պնդում է` նախարարությունը դեռևս մայիսին պատշաճ տեղեկացրել է ընդունելության քննությունների փոփոխությունների մասին, և նշվել է, որ առաջին հայտը պետք է լինի գերակա: Նրա խոսքով` դիմորդները իրազեկված են եղել, նախարարությունն արել է հնարավորը, որպեսզի դիմորդները տեղեկանան այդ մասին, Կառավարության նիստում էլ մանրամասն քննարկվել է: Կամավոսյանը հայտնեց, որ շահագրգիռ կողմերի հետ քննարկում լինելու է, նախարարը պատրաստակամ է խնդիրը լսել ու քննարկել, սակայն ընդգծեց, որ նախարարության գերխնդիրն է, որ աշխատաշուկայի համար անհրաժեշտ մասնագիտությունները համալրվեն:

Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ վաղը խորհրդարանում կլինի քննարկում նախարարության և Գնահատման ու թեստավորման կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն այն լինելու է փակ աշխատանքային հանդիպում: Հովհաննիսյանի խոսքով` դեռ չկա վերջնական որոշում` հանդիպմանը կլինեն դիմորդներ ու ծնողներ, թե ոչ:

Պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար պայքար

Ակցիա իրականացնող դիմորդների մեծ մասն առաջին հայտով չէին ընդունվել այնպիսի բուհեր, որտեղ ընդունելությունը միշտ էլ բարդ է եղել, և որոշիչ են եղել անգամ տասնորդական միավորները, ինչպես Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության, իրավաբանության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, ստոմատոլոգիա ֆակուլտետները:

Չնայած որոշ մասնագիտությունների դեպքում նույնիսկ տասնորդականներն են ճակատագրական եղել, սակայն կան մասնագիտություններ, որտեղ թափուր տեղերը շատ են: ԵՊՀ-ի ֆիզիկա մասնագիտության բաժնում 29 թափուր տեղ կա, ռադիոֆիզիկա` 17, սննդի անվտանգություն` 18, աստվածաբանություն` 10, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա` 14, պատմություն` 31, ֆինանսներ` 16, զբոսաշրջություն` 18, ատոմային էներգետիկա` 19, (ՀԱՊՀ), ջերմաէներգետիկա` 22 (ՀԱՊՀ), չափագիտություն` 8, (ՀԱՊՀ), պոլիգրաֆիա` 12 (ՀԱՊՀ), զբոսաշրջություն` 24 (ՃՇՀԱՀ), տեղեկատվական համակարգեր` 52 (ՃՇՀԱՀ), պատմություն` 64, (ՀՊՄՀ), հասարակագիտություն` 44(ՀՊՄՀ) և այլն:

Կրթությունը մնում է առանց ուսուցիչների 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ` այս իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ մեկ մրցութային քննություն է եղել, և դեռ ապրիլ-մայիս ամիսներին տեսակետներ են հնչել, որ այս պարագայում մրցույթը շատ խիստ է լինելու: Խաչատրյանի կարծիքով՝ շատերը օգտվել են նաև այն առիթից, որ մրցութային մեկ քննություն է լինելու և փորձել ավելի մրցակցային բուհ ընդունվել` օգտվելով նրանից, որ այդ մեկ առարկային ավելի լավ են տիրապետում, և շատ ավելի մեծ է հավանականությունը, որ մեկ առարկայով կընդունվեն այն բուհը, որը չէին կարող ընդունվել 2-3 պարտադիր առարկայի դեպքում:

«Իհարկե, նախարարությունը պետք է կանխատեսում ունենար այս հարցում, քանի որ դեռ այն ժամանակ ասվում էր, որ բազմաթիվ մարդիկ քսան են ստանալու, ինչ եք անելու: Օրինակ՝ Իրավագիտության ֆակուլտետում 44 հոգի քսան միավոր է ստացել, իրենք բոլորը չեն կարող անվճար լինել: Դա էլ է անտրամաբանական, եթե դիմորդը առավելագույն միավորը ստացել է, ինչու չպիտի անվճար լինի, հասկանալի է, որ այլ չափորոշիչներ կլինեն, ինչպես ոսկե մեդալի առկայություն, դպրոցի վկայականի գնահատականներ և այլն, բայց միևնույն է, դիմորդը ստացել է առավելագույն միավորը, ինչու չպիտի անվճար լինի»,- ասում է Խաչատրյանը:

Կրթության փորձագետը մատնանշում է 18,75 միավոր ստացած ու այդպես էլ Իրավագիտության ֆակուլտետ չընդունված դիմորդին, և ասում` միանշանակ է, որ բարձր ցուցանիշ է, ինչը վկայում է լավ պատրաստված դիմորդի մասին:

Թե որն է ստեղծված իրավիճակում լուծումը, Խաչատրյանը դժվարանում է պատասխանել, քանի որ պարզ չէ, թե մինչև որ շեմը կարող է զիջել նախարարությունը և լրացուցիչ տեղեր ընդգրկել: Ասում է, եթե օրինակ 18,75 միավոր ստացածների համար լրացուցիչ տեղեր ներառեն, սակայն այդ դեպքում էլ 18,5 ստացածները կարող են ասել` մեր միավորները ևս բարձր են:

Խաչատրյանը հիշեցնում է, որ նախարարությունը հայտնել էր` նախապատվությունը տալու են առաջին հայտին, ուստի դիմորդները պետք է հաշվի առնեին, որ եթե դիմում են մրցակցային ֆակուլտետ, ապա հնարավոր է բարձր միավորներով դուրս մնան մրցույթից: Որպես լուծում է առաջարկում նաև դուրս մնացածներից որոշներին հեռակա համակարգում ներգրավելը, իսկ որոշների համար առկայում լրացուցիչ տեղեր հատկացնելը: Նաև հավելում է, որ այս տարի մեկ մրցութային քննությունը փոխել է միավորների պատկերը, ասում է, որ նախորդ տարի ամբողջ երկրում ընդամենը 22 հոգի է քսան միավոր ստացել «Հայոց պատմություն» առարկայից, իսկ այս տարի թվերը ռեկորդային են:

Ինչ վերաբերում է այս տարվա թափուր մնացած ֆակուլտետներին ու դրանց քանակին, Խաչատրյանն ասաց.

«Մեր տնտեսությունը այս ձևով ռախիտանալու է, եթե բոլորը ուզում են բժիշկ, իրավաբան, ՏՏ մասնագետ դառնալ, բա ուսուցիչ ո՞վ է դառնալու:

Ամբողջ Հանրապետությունում մի հոգի է ընդունվել որպես ֆիզիկայի ուսուցիչ` Շիրակի պետական համալսարանում, մենք 1400 դպրոց ունենք, որի շրջանավարտներից մի հոգի է ընդունվել ֆիզիկայի դասավանդման գծով: Քիմիայի գծով` երեք հոգի: Սա է խնդիրը, որ կռիվ ենք տալիս իրավաբան ու միջազգայնագետ դառնալու համար, բայց մյուս կողմից երկրի ամենակարևոր ոլորտը` կրթությունը, մնում է առանց ուսուցիչների, ու սա առաջին տարին չէ»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի` տարեկան քսան-երեսուն ֆիզիկայի ուսուցիչ պետությունը կորցնում է, կամ աշխատանքից են դուրս գալիս, կամ թոշակի գնում, սակայն նրանց փոխարինողներ չկան:

Մեկնաբանություններ (3)

Լյովա
Այո, ուսուցիչ գտնելը այսօր արդեն դժվար է, հարցը լուծելու համար անհրաժեշտ է ուսուցչի աշխատավարձը կտրուկ բարձրացնել։
Մարինե
Հարգելի Ս. Խարատրյան--- Ինչ ֆիզիկայի ուսուցչի մասին է խոսքը, եթե 10,11 -րդ դասարաններում տրվում է այդ առարկան դասավանդելու համար ընդամենը 2ժամ, միթե այդքան արհամարանք պետ է տածել ֆիզիկա առարկայի նկատմամբ, ես ինքս ֆիզիկա եմ դասավանդում,ուստի առաջարկում եմ ժամաքանակի հարցը լուծեք:
Լևոն
Խնդրում եմ ուշադրություն դարձրեք նաև նրա վրա, որ շատ դպրոցներում բնագիտական առարկաները այնքան են անտեսված և երկրորդային, երկրորդային դարձված, որ իրեն հարգող մասնագետը ուղղակի փախչում է դպրոցից։ Քիմիայի դասատուի դիպլոմով ստանալ շատ ավելի քիչ աշխատավարձ քան նույն դպրոցի պահակը կամ հավաքարարը մեղմ ասած այդքան էլ հաճելի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter