
Նախատեսվում է զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշեր սահմանել
էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշեր սահմանել։ Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակները պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։
«Հայաստանում ներկայում բացակայում է զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների ապահովման համալիր քաղաքականություն, որը միտված լինի առանցքային ոլորտի զարգացմանը, այցելուների անվտանգության ապահովմանը և զբոսաշրջավայրի նկարագրի ամրապնդմանը»,- քննարկման ներկայացված նախագծում հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը:
Առաջարկվող փոփոխությամբ՝ ճանապարհային զբոսաշրջային ցուցանակները պետք է լինեն լուսանդրադարձիչ, որոնց վրա գիշերվա ժամերին երևալու են նույն գույները, ձևը և գրվածքը, ինչը և ցերեկային ժամերին: Հայաստանում տեղադրվող ցուցանակները պետք է պարտադիր լինեն հայերեն և անգլերեն` ցուցանակի վրա տեղակայման առաջնահերթություն տալով պետական լեզվին:
Բոլոր զբոսաշրջային ճանապարհային, տեղեկատվական ցուցանակների և ուղղության ցուցիչների վրա պետք է պարտադիր լինի՝
- ուղղություն ցույց տվող նշան, որի ստորին հատվածում նշված լինի հեռավորությունը կմ-ով կամ մետրով (միայն անգլերենով)
-այցելավայրի անվանումը
-թեմատիկ նշան/նշանները
Բոլոր տեսակի զբոսաշրջային ճանապարհային, տեղեկատվական նշանների վրա արգելվում է որևէ այլ նշանի առկայություն, բացառությամբ առևտրային գործունեության զբոսաշրջային նշանների, որոնց վրա թույլատրելի է նաև ապրանքային նշանի առկայությունը։
Նախատեսվող չափանիշերին առավել մանրամասն ծանոթացեք այս հղումով։
«Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակները բավականին մեծ նշանակություն ունեն այցելուների անվտանգության, երկրի դրական նկարագրի ապահովման համար և շատ հաճախ կարևոր են զբոսաշրջային վայրի կամ արդյունքի վերաբերյալ նախնական կարծիք ձևավորելու համար»,- հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը:
Նախարարությունը ընդգծել է, որ զբոսաշրջային ցուցանակները տեղադրվում են միայն այն զբոսաշրջային վայրերի և օբյեկտների համար, որոնք գտնելը դժվար կլինի նման ցուցանակների բացակայության դեպքում: Ըստ նախարարության՝ հնարավոր չէ, և նույնիսկ ցանկալի չէ, որ ցուցանակները տեղադրվեն յուրաքանչյուր զբոսաշրջային օբյեկտի համար, քանի որ դրանք կարող են ավելորդ ծանրաբեռնել խաչմերուկները, փչացնել գեղատեսիլ վայրի բնական գեղեցկությունը և շփոթություն առաջացնել զբոսարջիկների մոտ:
Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությամբ՝ զբոսաշրջային վայրերում զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների հետ կապված առկա են մի շարք խնդիրներ։
Մասնավորապես՝
1. Շատ կարևոր զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված չեն համապատասխան նշաններ, ինչն այցելուների համար դժվար է դարձնում դրանք գտնելը և այցելելը:
2. Մեծ թվով զբոսաշրջային արահետներ հիմնականում առանց ցուցանակների են: Սա հատկապես վերաբերում է հետիոտնային արահետներին և հեծանվային ուղիներին:
3. Թեև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված ցուցատախտակների վրա առկա են նշումներ խոշոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային գրավչության օբյեկտների վերաբերյալ, այդուհանդերձ այդ օբյեկտների վերաբերյալ ցուցանակների տեղադրումը առանձին բնույթ է կրում. չկա զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների ապահովման համալիր քաղաքականություն:
4. Հյուրանոցային տնտեսության և առևտրային օբյեկտները հիմնականում տեղադրում են իրենց իսկ դիզայնով պատրաստված ցուցանակներ, որոնց համար թե՛ տեղական մարմիններից, և թե՛ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու մարմինների կողմից հիմնականում թույլտվություն չեն ստանում:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել