HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գրետա Թունբերգը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի «Մարդասիրության համար» մրցանակի առաջին դափնեկիր

Պորտուգալիայում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը «Մարդասիրության համար» մրցանակը, որը հանձնվում էր առաջին անգամ, շնորհել է շվեդ 17-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգին։ Նա պարգևատրվել է շրջակա միջավայրի պահպանման համար «համառ պայքարի» և այդ պայքարին երիտասարդությանը ներգրավելու կարողության համար։

Մրցանակի չափը կազմում է գրեթե մեկ միլիոն եվրո։ Թունբերգը հայտարարել է, որ ամբողջ գումարը կփոխանցի շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և նախագծերին։ «Սա ավելի շատ գումար է, քան ես կարող եմ պատկերացնել, սակայն ամբողջ գումարը, իմ հիմնադրամի միջոցով, կփոխանցեմ տարբեր կազմակերպությունների և նախագծերի, որոնք օգնում են կլիմայական ճգնաժամից տուժած մարդկանց»,- նշել է Թունբերգը։

Առաջին 100 հազար եվրոն կփոխանցվի «SOS Amazonia» նախագծին, որն զբաղվում է Ամազոնի անտառների պահպանությամբ և օգնում շրջանի տեղաբնիկներին պայքարել կորոնավիրուսի դեմ։ Եվս 100 հազար եվրո կփոխանցվի «Stop Ecocide» նախագծին, որի ստեղծողները ձգտում են աշխարհի երկրների կողմից էկոցիդը ճանաչել որպես հանցագործություն։

Հիշեցնենք, որ 2018 թվականից Գրետա Թունբերգը սկսել է նստացույց իրականացնել Շվեդիայի խորհրդարանի մոտ։ Նա հայտարարել էր, որ ուրբաթ օրերին չի գնա դպրոց, քանի դեռ շվեդական իշխանությունները չեն սկսել պահպանել կլիմայի հարցերով համաձայնագրի կետերը։ 2019 թվականի ընթացքում նմանատիպ նստացույցեր կազմակերպվել են աշխարհի մի շարք երկրներում, իսկ Թունբերգը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի ժամանակ։ 2019 թվականի դեկտեմբերին էլ «Time» ամսագիրը Թունբերգին ճանաչել էր տարվա մարդ։

Լուսանկարը՝ Hanna Franzen via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter