HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամը «Սահմանային համայնք­ների հզորացում» դրամահավաք-արշավ է նախաձեռնել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնք­ների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավա­­քված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները մեզ կրկին մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն և մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ, տասնամյակներ շարունակ լինելով ագրեսիվ գործողությունների թիրախում, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին և դարձել են մեր անսասան սահմանապահները։ «Սահմանամերձ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազ­մա­­վա­րական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտե­սա­կան և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է»,-ասվում է Հանրապետության նախագահի խոսքում։

Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, Հայաստանում և սփյուռքում գործող կուսակցություն­ներին և կազմակերպու­թյուններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները:

Դրամական փոխան­ցումները կարող են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնա­դրամի www.himnadram.org­ կայ­քում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվելով Հիմնադրամի տեղական կազմակերպու­թյունների ներկայա­ցու­ցիչների հետ՝ հավաքված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։

«Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,-ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter