HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Սահմանադրություն Արկադի Ղուկասյանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի համար

Կա նաեւ երրորդ տարբերակը' երկուսի համար էլ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվե նշանակելու մասին» հրամանագիրը, համաձայն որի համընդհանուր քվեարկության օր է նշանակվել 2006թ. դեկտեմբերի 10-ը: Սա նշանակում է, որ միջազգայնորեն չճանաչված, սակայն փաստացի անկախ Արցախը 15 տարի անց վերջապես հնարավորություն է ստանում ունենալու մայր օրենք: Թե ինչն էր պատճառը, որ նախորդ տարիներին փորձ չէր արվում ընդունել Սահմանադրություն, կփորձենք պատասխանել ստորեւ:

Նախ հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը հիշարժան օր է ղարաբաղյան պայքարի տարեգրության մեջ: 1991թ. այդ օրը Լեռնային Ղարաբաղում անց է կացվել հանրաքվե: «Համաձա՞յն եք Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության կազմավորմանը» հարցին «այո» էր պատասխանել արցախահայերի ավելի քան 99 տոկոսը: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանաբնակ վայրերում հանրաքվե տեղի չէր ունեցել, քանի որ Բաքվի ցուցումով ադրբեջանցիները բոյկոտել էին հանրաքվեն, թեւ նրանք ներառված էին ընտրացուցակներում: Իրականում, անկասկած, արցախահայությունն իր անկախությունը նվաճեց ոչ թե հանրաքվեով, այլ պատերազմի դաշտում՝ դրա համար վճարելով չափազանց բարձր գին՝ մոտ յոթ հազար մարդու կյանք:

Այն բանից հետո, երբ այս տարվա գարնանից Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ դրվեց եւ սկսվեց ակտիվորեն քննարկվել Սահմանադրության նախագիծը, քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում դա անմիջապես կապվեց 2007 թվականին սպասվող նախագահական ընտրությունների հետ: Ավելին, արցախյան եւ հայաստանյան մամուլում եղան հրապարակումներ, որ Սահմանադրության շուտափույթ ընդունման նպատակը գործող նախագահ Արկադի Ղուկասյանի՝ երրորդ անգամ ընտրվելու հնարավորությունն ապահովելն է: Արցախյան օրենքներով՝ նույն անձին իրավունք չի տրվում երկիրը անընդմեջ ղեկավարել երկու անգամից ավելի: Ղուկասյանը նախագահում է 1997 թվականից ի վեր: Սակայն Սահմանադրության ընդունումը բերում է նոր պետական համակարգի ձեւավորման, որտեղ, այսպես ասենք, շատ բան իրավական տեսանկյունից սկսվում է զրոյից:

Իսկ թե ինչու նախորդ 15 տարիներին Լեռնային Ղարաբաղում փորձ չէր արվում ընդունել Սահմանադրություն, Ստեփանակերտում եւ Երեւանում ժամանակին բացատրում էին այսպես. քանի դեռ շարունակվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը, պետք է սպասել: Սա, անշուշտ, հասկանալի եւ բացատրելի դիրքորոշում էր: Խնդիրն այն է, որ ինչպես ցանկացած երկրի մայր օրենքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության նախագծում ամրագրվում է երկրի ինքնիշխանությունը եւ անկախությունը: Այսինքն՝ քանի դեռ ղարաբաղյան բանակցությունները շարունակվում են, պետք չէ կանխորոշել կարգավիճակը: Մյուս կողմից, սակայն, բանակցությունները կարող են շարունակվել տասնամյակներ՝ առանց շոշափելի արդյունքների, ինչի ականատեսն ենք մենք արդեն ավելի քան տասը տարի:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը դեկտեմբերի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության նախագիծը: Խ որհրդարանի քաղաքական ուժերի եւ պատգամավորների բացարձակ մեծամասնությունն ընդունելի է համարում մայր օրենքի նախագիծը: Բացառություն է կազմում « ՀՅԴ -Շարժում- 88» խումբը, որը լուրջ վերապահումներ ուներ նախագծի նկատմամբ: Ընդամենը երեք անդամներ ունեցող եւ ընդդիմադիր համարվող խումբը, սակայն, դեմ չի քվեարկել։ Խմբի անդամներից Գեղամ Բաղդասարյանը «ձեռնպահ» է մնացել։ Միակ մարդը, ով դեմ է քվեարկել նախագծին, եղել է անկախ պատգամավոր Արմեն Աբգարյանը։

Երկրորդ ընթերցման ժամանակ միայն մեկ առաջարկություն է հնչել: Պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն գործածել «Ղարաբաղի քրիստոնեական հանրապետություն» ձեւակերպումը: Միրզոյանն առաջարկել է պետության անվանումից հանել «լեռնային» բառը, քանի որ Ղարաբաղի բաժանումը լեռնային եւ հարթավայրային մասերի արհեստական է արվել' ի վնաս արցախահայության: Խորհրդարանի ղեկավարությունը խոստացել է քննարկել այդ առաջարկությունը:

Գեղամ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել իր եւ խմբակցության դիրքորոշումը։ «Մեր՝ « ՀՅԴ -Շարժում- 88» խմբակցությունը որոշել էր «դեմ» չքվեարկել, որովհետեւ հոգեբանորեն շատ ծանր է, երբ մարդ «դեմ» է քվեարկում նորանկախ երկրի Սահմանադրությանը: Կար եւս մեկ հանգամանք. մեր առաջարկությունների մի զգալի մասն ընդունվել էր, այդ առումով եւս չէինք կարող «դեմ» քվեարկել»,-ասաց նա:

Իշխանամետ «Հայրենիք» պատգամավորական խմբից Գագիկ Պետրոսյանը պնդում է, որ այս Սահմանադրության նախագիծը ժողովրդավարական է, եւ դրա ընդունումը մեկ քայլ եւս կմոտեցնի Լեռնային Ղարաբաղին դեպի միջազգային ճանաչում։ «Մեզ շատ է պետք Սահմանադրություն: Կարող է հարց ծագել՝ Մեծ Բրիտանիան չունի Սահմանադրություն, ի՞նչ է եղել: Բայց Մեծ Բրիտանիան ճանաչված, հզոր պետություն է: Երբ մեր երկրի Սահմանադրության նախագիծը համեմատում ենք ԱՊՀ եւ մեր տարածաշրջանի երկրների սահմանադրությունների հետ, տեսնում ենք, որ մերն ավելի ժողովրդավարական է»,-ասում է արցախցի պատգամավորը:

Գեղամ Բաղդասարյանը մասամբ է համաձայն: Նա նշում է առնվազն 7-8 թերություններ, որոնց պատճառով ինքը չէր կարող «կողմ» քվեարկել։

«Չկա իշխանության ճյուղերի հստակ տարանջատում: Իհարկե, նախագծում կան բավականին դրական միտումներ, բայց դա բավարար չի լինի Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարությունն ապահովելու համար: Իմ «ձեռնպահ» քվեարկելու համար կար մեկ շատ կարեւոր, սկզբունքային իրողություն: Սահմանադրության ընդունումը գործող նախագահ Արկադի Ղուկասյանին հնարավորություն է տալիս երրորդ անգամ առաջադրվելու»,-ընդգծում է նա:

Գագիկ Պետրոսյանը զարմանում է եւ նշում, որ Սահմանադրության մեջ նման դրույթ չկա։ Մյուս կողմից, նա ընդունում է, որ նախագահ Ղուկասյանը հնարավորություն է ստանում մասնակցել 2007թ. ընտրություններին, քանի որ նոր Սահմանադրությունը նոր պետական համակարգ է ձեւավորում: «Սակայն նախագահ Ղուկասյանը արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին»,-ավելացնում է Պետրոսյանը:

Իրավամբ, հոկտեմբերի 11-ին Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2007թ. նախագահական ընտրություններին: Բայց արդյո՞ք հայտարարությունը վերջնական որոշում է: Իսկ եթե սահմանադրական հանրաքվեի ընդունումից հետո Ղուկասյանը մտքափոխ լինի եւ որոշի, որ իր երրորդ, հետո նաեւ' չորրորդ նախագահական ժամկետը բխում է Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության կենսական շահերի՞ց: Նախագահ Ղուկասյանի հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում իշխանական խմբակցության՝ «Ժողովրդավարության» ղեկավար Վահրամ Աթանեսյանը նշել է, որ Սահմանադրության ընդունումից հետո նախագահ Ղուկասյանը կհավաքի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ կհայտարարի ընտրություններին իր մասնակցել-չմասնակցելու վերջնական որոշման մասին:

Թող տպավորություն չստեղծվի, թե մենք Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունման խնդիրը անձնավորում ենք: Անկասկած, թեկուզ միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքին, Արցախին մայր օրենք անհրաժեշտ է: Սակայն եթե այն ընդունվում է քաղաքական կոնյունկտուրայի արդյունքում, այսինքն՝ որպեսզի գործող նախագահի համար ճանապարհ բացվի դեպի երրորդ նախագահական ժամկետ, ապա դա անընդունելի է եւ հարվածելու է հենց Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկին:

Այո, միջազգային հանրությունը «դե յուրե» դեռ չի ճանաչել Արցախը, սակայն բազմիցս տարբեր առիթներով նկատել է, որ պետականության ինստիտուտների կայացածության, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման չափանիշներով Լեռնային Ղարաբաղը չի զիջում ԱՊՀ երկրներին, այդ թվում Ադրբեջանին եւ Հայաստանին: Ավելին, եթե Ադրբեջանում եւ Հայաստանում վերջին տարիներին ընտրությունները որակվում են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող, ապա Լեռնային Ղարաբաղում ընտրություններն անցնում են ավելի ժողովրդավարական: Օրինակ՝ Ստեփանակերտի քաղաքապետի վերջին ընտրություններում ընդդիմության՝ «ՀՅԴ- Շարժում-88» դաշինքի պաշտպանած թեկնածուն հաղթեց իշխանության թեկնածուին: Մի բան, որը դժվար է այսօր պատկերացնել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:

Վերնագրի՝ «Սահմանադրություն Արկադի Ղուկասյանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի համար» հարցի պատասխանը մասամբ կարելի է գտնել ենթավերնագրում' «երկուսի համար էլ»: Ի վերջո, դրանք միմյանց չեն հակասում: Իսկ Լեռնային Ղարաբաղին պե՞տք է Սահմանադրություն: Պատասխանը դրական է' պետք է: Մայր օրենքի ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում: Ինչպես ասվում է Սահմանադրության նախագծում, երկրի նախագահ կարող են դառնալ Լեռնային Ղարաբաղում տասը տարվա մշտական բնակություն ունեցող քաղաքացիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter