
Անձնական տվյալների արտահոսքն ու ինտերնետ թրաֆիկի խտրական բաշխումը կարող է հանգեցնել օպերատորին լիցենցիայից զրկելուն. նոր նախագիծ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը փոփոխություններ է առաջարկում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում: Փոփոխություններն, ըստ հեղինակի, կուժեղացնեն անձանց սահմանադրական ու միջազգային պարտավորություններով նախատեսված իրավունքի` անձնական տվյալների պաշտպանությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, ինչպես նաև կբացառի թրաֆիկի խտրական բաշխումն ու արհեստական վատթարացումը:
Առաջարկվում է օրենքը լրացնել երկու նոր հոդվածով, ըստ որոնց՝
- «Օպերատորները և ծառայություն մատուցողները իրավունք ունեն հավաքագրել ու պահպանել իրենց հաճախորդների ու վերջիններին մատուցված ծառայությունների մասին միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները հաշվարկելու և գանձելու համար»:
-«Ծառայություն մատուցողը ծառայություններ մատուցելիս պետք է դրսևորի տեխնիկական չեզոքություն և բացառի տեխնիկական անհրաժեշտությամբ չպայմանավորված որևէ հեռահաղորդակցային հոսքի (թրաֆիկի) նախապատվություն տրամադրելը կամ ստորադասելը»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2000թ. սկզբին աշխարհում նկատվել են ցանցային օպերատորների կողմից էլեկտրոնային բովանդակության մատակարարների հանդեպ խտրական մոտեցումներ: Բովանդակություն մատուցող ընկերությունները (որոնման համակարգեր, սոցիալական ցանցեր, առցանց տեսաձայնային ծառայություններ) ստիպված էին լրացուցիչ գումարներ վճարել ցանցի օպերատորներին տեղեկատվական հոսքերը «արտոնյալ պայմաններով» հաղորդելու համար:
Նշվում է, որ ցանցի օպերատորները արգելակում կամ խոչընդոտում էին որոշակի բովանդակություն ապահովող ընկերությունների հոսքերը ի օգուտ այն բովանդակություն մատուցող ընկերությունների, որոնք լրացուցիչ վճար էին հատկացնում ցանցի օպերատորներին: Նման խոչընդոտները հաճախ արհեստական էին, բացառապես գերշահույթ ստանալու համար:
«Արդյունքում՝ օպերատորները խուսափում էին ցանցը զարգացնելու համար անհրաժեշտ ներդրումներ կատարելուց, ինչը բացասական էր ազդում ծառայությունների որակի վրա, և ի վերջո տուժում էին վերջնական սպառողները:
Տնտեսությունում ու հասարակական կյանքում օրեցօր աճող տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը պարտադրում է ապահովել ցանցերի զարգացումը ու բացառել խտրականությունը որպես գերշահույթ ստանալու միջոց»,-նշվում է նախագծում:
Անուշ Բեղլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու համար երկու հանգամանք է առկա եղել. նախ` այն, որ վեց տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում, իսկ մինչ այդ համակարգել ՏՏ ոլորտի զարգացման ծրագրեր տարբեր միջազգային և տեղական կառույցներում և քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին: Բացի այդ՝ քննարկումներ է ունեցել ոլորտով հետաքրքրված կառույցների, ՀԿ-ների հետ` փորձելով լուծում տալ օրենքում առկա բացերին:
«Չնայած Սահմանադրությամբ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով հստակ սահմանվում է անձնական տվյալների հավաքագրման հստակ կարգը, սակայն հեռահաղորդակցության մասին օրենքում այդ դրույթը չկար, և դա հանգեցնում էր նրան, որ Սահմանադրության, ԵՄ բանաձևերի և անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի հետ հակասություն էր առաջանում: Այսինքն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չէր կարող ընդգրկել այդ պահանջը լիցենզիայի տրամադրման կամ կասեցման մեջ, սրանով հնարավորություն ենք տալիս հանձնաժողովին վերահսկել տվյալ պահանջը»,-ասում է Բեղլոյանը:
Պատգամավորի խոսքով` նախագծի ընդունման պարագայում հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է նաև պատժել օպերատորներին` զրկել լիցենզիայից, եթե չեն կատարում օրենքով նախատեսված պահանջը: Ըստ Բեղլոյանի` նախագծի էությունն այն է, որ քաղաքացու անձնական տվյալները որևէ տեղ պահպանված չլինեն և չփոխանցվեն երրորդ կողմին, լինեն հստակ մեխանիզմներ այդ իրավունքի պաշտպանության համար:
«Այսինքն՝ մենք պրակտիկ դաշտ ենք բերում այն իրավունքը, որը յուրաքանչյուր քաղաքացի հեռահաղորդակցության ոլորտում ունի»,-ասաց նա:
Մյուս առաջարկի էությունն այն է, որ հնարավոր լինի համացանցի չեզոքության սկզբունքն ապահովել: Ըստ պատգամավորի` մի շարք առաջադեմ երկրներում, այդ թվում՝ ԵՄ անդամ, այն ընդունվել է որպես հիմնարար սկզբունք:
«Ինտերնետի բուռն զարգացման հետ միասին հեռահաղորդակցության օպերատորները տեսան, որ կարելի է հաճախ օգտագործվող կայքերի ուղղությամբ արհեստականորեն սահմանափակել արագությունը և հետո դիմել այդ կայքին` ասելով, որ քանի որ շատերն են օգտվում ձեր կայքից, խնդրում եմ վճարեք, որ մենք դա ապահովենք: Մեզ համար թանկ ծառայություն է, լրացուցիչ ինտերնետ կապուղիներ պետք է մատուցենք, քանի որ շատ մեծ է թրաֆիկը դեպի ձեր կայք և այլն: Իսկ իրականում ստացվում է, որ օպերատորները խտրականություն են իրականացնում ինտերնետ տարբեր ռեսուրսների հասանելիության միջև, և արդյունքում տեսնում ենք անբարեխիղճ մրցակցություն»,-ասաց Բեղլոյանը:
Նրա խոսքով` այս հարցը օրենսդրորեն կարգավորված չէ, ինչը պատճառ է դառնում, որ օպերատորներն իրենք որոշեն, թե ինչ արագությամբ կարող է այս կամ այն ռեսուրսը հասանելի լինել:
«Այս նախագծով մենք կապահովենք այդ չեզոքությունը և օպերատորին կպարտադրենք, որ գումարներ չգանձի այս կամ այն հաճախ օգտագործվող ռեսուրսի համար, և իր ցանցում առկա բոլոր ռեսուրսների վերաբերյալ հասանելիություն տրամադրի նույն արագությամբ, որը սահմանափակված կարող է լինել միայն օբյեկտիվ տեխնիկական պատճառներով, այլ ոչ թե նրանով, որ ինչ-որ մեկից գումար է գանձում և դրանով ավելի հասանելի դարձնում այդ ռեսուրսն իր բաժանորդների համար»,-ասաց նա:
Մեկնաբանել