HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը:

Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ արդեն մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում: «Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա:

Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում սա ՊԵԿ-ի տվյալներն են և այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշատատեղերի համար վճարված է աշխատավարձ և ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,- ընդգծել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, գինեգործության, շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները: Անդրադարձ է կատարվել նաև հարկային վարչարարությանը, տարածքային համաչափ զարգացմանը, հողային ռեֆորմին վերաբերող հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter